Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետք չէ մեղադրել մշակութային լեգեոներներին

Օգոստոս 27,2018 13:00

Հայ տաղանդավոր երիտասարդները եւս պահանջված են աշխարհում

Դեռեւս Հին Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարի ժամանակներից կազմակերպական հստակ գործունեություն դարձավ զինվորական լեգեոներական գործունեությունը, որ հիմնականում վարձու զինվորական աշխատանք էր:

Մեր օրերում տարածված է ինչպես մարզական, այնպես էլ մշակութային լեգեոներությունը: Վերջինս առավել ցայտուն դրսեւորվում է մեծ կոլեկտիվներում: Իմիջիայլոց ամեն ջութակահար չէ, որ կարող է աշխատել, ենթադրենք, անգլիական Թագավորական նվագախմբում, որտեղ մեծ վարձավճարներ են գործում, բայց միեւնույն ժամանակ ամենաբարձր մասնագիտական պահանջներ են ներկայացվում: Օրինակ, Ճապոնիայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը գրեթե չի օգտվում լեգեոներական ծառայություններից, այն դեպքում, երբ նույն երկրի ֆուտբոլային ակումբները կառուցվում են լեգեոներական համակարգի հիման վրա: Սպորտից մեզ քաջածանոթ է Հենրիխ Մխիթարյանի օրինակը, որի վարկանիշային ցուցանիշը այնքան բարձր է, որ Հայաստանում չկա այնպիսի ֆուտբոլային թիմ, որտեղ նա կարողանա հանդես գալ իր հնարավորությունների չափով: Արվեստի ասպարեզում մենք ունենք համաշխարհային ամենաբարձր վարկանիշին համապատասխանող ջութակահար՝ Սերգեյ Խաչատրյանը, որը Հայաստանում համերգներով հանդես է գալիս որպես հայրենասիրական ակցիա:
Վերջին շրջանում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ հրավիրված լեգեոներ երաժիշտների փաստը մասնագիտական շրջանակներում տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել: Ասում են՝ մենք էլ ունենք հիանալի կադրեր, որոնք աշխատանք չունենալու պատճառով արտագաղթում են: Չենք ժխտում. այս երեւույթը առկա է, բայց նույն մասնագետները չեն բարձրաձայնում, որ հիմնականում եվրոպական երկրների մշակութային կոլեկտիվներում վաղուց ստեղծագործում են հայաստանցի երիտասարդ արվեստագետներ: Ինչո՞ւ նույն մասնագետները չեն բարձրաձայնում այն իրողությունը, որ ի տարբերություն Հայաստանի, այլ երկրներում գործում են վաղուց կայացած մենեջերական ինստիտուտներ, որոնք լսումների ու այլ միջոցառումների արդյունքում իրենց մոտ են հրավիրում լավագույն երիտասարդներին:

«Առավոտը» զրույցի հրավիրեց բալետի 18-ամյա արտիստ Մուշեղ Ավետիսյանին, որը Երեւանի պարարվեստի պետական քոլեջի առաջին կուրսից տեղափոխվել է Վորոնեժի խորեոգրաֆիկ ուսումնարան, ճանաչված մասնագետ Անատոլի Դուբինինի դասարան: «Երեւանում սովորել եմ Գայանե Մանուկյանի եւ Հրաչ Հովհաննիսյանի ղեկավարությամբ: Մեկնեցի Վորոնեժ, որովհետեւ ցանկություն ունեի գիտելիքներս խորացնել ռուսական բալետային արվեստում: 2016թ. այնտեղ մասնակցելով «Պատանի կատարողներ» մրցույթին, արժանացա ոսկե մեդալի, իսկ հաջորդ տարի Բեռլինում կայացած Nanzrolin հեղինակավոր մրցույթում ներկայացրի Վորոնեժի ուսումնարանը եւ հրավեր ստացա մոսկովյան «Գուբերսկի թատրոնից», որտեղ վեց ամիս կատարելագործվեցի ճանաչված բալետի արտիստ, խորեոգրաֆ Վյաչեսլավ Գորդեեւի ղեկավարությամբ: Օրերս դարձյալ մեկնում եմ Մոսկվա, այս անգամ վարպետության դասերի՝ Ստանիսլավսկի-Նեմիրովիչ Դանչենկոյի անվան եւ Մեծ թատրոններ»,- ասաց մեր զրուցակիցը: Երիտասարդը Երեւանի պարարվեստի քոլեջում սովորելու ընթացքում հրավեր է ունեցել Բազելի, Բեռլինի, Մարսելի հայտնի դպրոցներից ու ակադեմիաներից, սակայն դեսպանատները նրան մերժել են մուտքի վիզա տրամադրել:

Հավելենք, որ Մուշեղը ժամանակին Սոս Սարգսյանի հրավերով Համազգայինի բեմում Պերճ Պռոշյանի «Հացի խնդիր» ներկայացման մեջ հանդես է եկել գլխավոր՝ կրտսեր Արշակի կերպարով: Նաեւ պրոֆեսիոնալ երաժիշտ է՝ դաշնակահար, սաքսոֆոնահար, շվիահար: 2012թ. հայաստանյան «Վերածնունդ» փառատոնում որպես շվիահար՝ արժանացել է գլխավոր մրցանակի:

Օպերային երգիչ, բաս բարիտոն Վահե Հախվերդյանին առաջին անգամ հանդիպեցինք 2017թ., Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) «Կարինե-կոկտեյլ» նախագծում, որի շրջանակներում ներկայացրած Չուխաջյանի «Կարինե» օպերետի առաջին արարում երգիչը մարմնավորեց Արմենի կերպարը: Երեկոյից հետո հանդիսատեսը խոսում էր ոչ միայն այս երգչի վոկալի, այլեւ հիանալի արտիստիզմի մասին: Նրան նկատեց նաեւ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը եւ հրավիրեց իր հեղինակային երեկոյին (2017թ.): Վերջերս էլ ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանի հրավերով Վահեն, այլ փորձառու մեներգիչների թվում, ֆիլհարմոնիկի ընկերակցությամբ հանդես եկավ Մոցարտի Դո մինոր մեսսայում: Սեպտեմբերի սկզբին այս երգիչն էլ է մեկնում՝ ուսանելու Շվեյցարիայում: Մեզ հետ զրույցում նա երախտիքով նշեց Երեւանի կոնսերվատորիայի իր դասախոսներին՝ Գայանե Գրիգորյանին եւ Գայանե Գեղամյանին: «Ուսանելու տարիներին կոնսերվատորիայում լսումներ անցկացրին գերմանացի մասնագետներ՝ Լյուբեկի միջազգային երգչախմբում ընդգրկվելու նպատակով, որն ըստ էության մեներգիչների երգչախումբ է: Լսումներին մասնակցելուց հետո ես այս երգչախմբի կազմում մասնակցեցի երեք նախագծի. մեկը Լեհաստանում՝ Պենդերեցկու երաժշտական կենտրոնում, երկուսը՝ Գերմանիայի քաղաքներում: Անցյալ տարի էլ մասնակցեցի Լյուբեկի միջազգային երգչախմբի ամառային ակադեմիայի դասընթացներին: Հենց այդտեղ էլ հոլանդացի պրոֆեսոր Բոնը ինձ հրավիրեց Բազելի երաժշտական ակադեմիա՝ կատարելագործվելու իր ղեկավարությամբ: Նշեմ, որ այս ակադեմիան համագործակցում է տեղի օպերային թատրոնի հետ, որի արդյունքում ուսանողները հնարավորություն են ունենում հանդես գալ նույնիսկ գլխավոր դերերգերով, իհարկե՝ լսումներ անցնելուց հետո»,-հավելեց մեր զրուցակիցը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

25.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031