Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր արածները պիտի ավելի շատ լինեն, քան մեր չարածները». Նիկոլ Փաշինյան

Օգոստոս 26,2018 22:39

«Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է: Դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի»: Սա վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքից մի հատված է, որը հնչեց երեկ՝ օգոստոսի 25-ին, Հրազդանում:

Արցախյան ազատամարտում զոհված «Սասուն» ջոկատի մարտիկների հիշատակին տարիներ առաջ կառուցված հուշարձան-համալիրի վերաբացումն էր: «Սասուն» ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանը վերանորոգել, բարեկարգել էր իր իսկ ձեռամբ կառուցված հուշարձանը, համալիրում ամփոփված զոհված տղաների գերեզմանները: Հրամանատարը այսքան տարի հետո կրկին իր հայրական գլուխն էր խոնարհել երկրային աղոթքների ծարավ իր զինվորների հոգիների առջեւ: Ծարավ, քանզի զոհվածների համար ողջերի աղոթքը որքան էլ՝ նվիրական, դրանով հանդերձ, սակայն, քիչ է թվում՝ նրանց թափած արյան ամեն մի կաթիլի կողքին:

Հուշարձանի վերաբացման արարողության առաջին խոսքի իրավունքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանինն էր: «Ամեն զոհվողի հետ ամեն ապրողի պատասխանատվությունը ավելի է մեծանում, ավելի է ծանրանում, եւ ավելի է ուժեղանում: Այս հուշարձանները մենք կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին է ընկել ամեն զոհվողի հետ: Որ ամեն անգամ այս բարձր եւ բոլոր կողմերից երեւացող հուշարձանների մոտով անցնելիս, եւ նրանց նայելիս վերագտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերագտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերագտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի՝ անարդարություն ենք գործել: Գիտակցենք մեր սխալը, եթե սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որեւէ մեր հայրենակցի, որեւէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել: Ուժեղանանք, եթե որեւէ տեղ թուլություն ենք ցուցաբերել: Հպարտանանք, եթե որեւէ տեղ նսեմացել ենք: Եվ, ի վերջո, ժպտանք, որովհետեւ այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի»,-ասաց վարչապետը:

Այս էլ որերորդ անգամ Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչած խոսքերը անկեղծ խոստովանության կարոտ մեր ականջներին, թող չափազանցություն չթվա, հոգու մեռոն են թվում, որովհետեւ դրանք ասվում են անկեղծության, ջերմության ու ազնվության դեֆիցիտի մեջ տարիներ շարունակ խեղդված այս մի բուռ ժողովրդի համար, որը ծեծվեց, բայց չջարդվեց, հալածվեց, սակայն հետ չկանգնեց իր պայքարից, որը մաքառեց անդուլ՝ ամեն անգամ հավատալով, որ օրը մոտ է, հաղթանակը, ահա, թակում է դուռը:

…Թավշյա հեղափոխությունից մոտ մեկ ամիս էր անցել: Մի երեկո, երբ վարչապետի հերթական «լայվ»-ն էինք դիտում, աղջիկս ասաց. «2008-ին ու դրանից հետո էլ, երբ Նիկոլն իր ելույթի վերջում ամեն անգամ ասում էր՝ կեցցեն մեր երեխաները, որ ապրելու են ազատ եւ երջանիկ Հայաստանում, մտածում էի՝ տեսնես ինչպիսի՞ն է էդ Հայաստանը, ե՞րբ է գալու, որ տեսնեմ էդ Հայաստանը»: Իմ դստեր համար, որը բազմաթիվ երեխաների պես մեծացավ-հասունացավ քաղաքական պայքարի մեջ, հանրահավաքներում եւ երթերում, այսօր փաստ է այդ Հայաստանը:

Վերադառնամ վարչապետի երեկվա խոսքին, որում շատ էին պատգամները, բայց դրանք ընդհանրացված-խտացված էին այս մի քանի տողերի մեջ. «Մենք այսօր այստեղ ենք, որովհետեւ գիտենք, որ այդ պատասխանատվությունը կրելու ենք բարձր մակարդակով եւ հպարտությամբ, խոնարհվելու ենք մեր բոլոր զոհերի, մեր բոլոր նահատակների առաջ, եւ հպարտությամբ ազատ, հզոր եւ երջանիկ Հայաստանի էստաֆետը փոխանցելու ենք ապագա սերունդներին»:

Նոր Հայաստանի ղեկավարը, որն իր թիմով, ըստ իս, ամեն օր մեկ միլիմետրով, մեկ սանտիմետրով բարձրացնում է մեր երազած երկրի պատը, երեկ նույնպես պատեհությունը ունեցավ  հիշեցնելու ամիսներ առաջ ժողովրդին տված իր խոստումը՝ անմնացորդ ծառայելու երկրին: «Այսօր մենք մեր ուսերին ենք վերցրել այն կիսատը, որը մնաց ամեն զոհվածի կյանքը ընդհատվելու հետ, եւ որեւէ կասկած չկա, որ այս բարձր հուշարձանները մենք կանգնեցնում ենք ապագայի առաջ մեր պատասխանատվությունը զգալու համար: Այսօրվա միջոցառումը նրա մասին է, որ ամեն օր մեր արածները պիտի ավելի շատ լինեն, քան մեր չարածները: Եվ այդպես՝ ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ»:

Նշեմ, որ Հրազդանի այս հուշարձան-համալիրն ընդգրկում է ոչ միայն Արցախյան ազատամարտում զոհված «Սասուն» ջոկատի տղաների գերեզմանները: Այն, միաժամանակ, Հայրենական մեծ եւ Ապրիլյան պատերազմների զոհերի հիշատակին՝ հրազդանցիների հարգանքի տուրքի բովանդակումն է: Ինքնին՝ խորհրդանշական փաստ. պատերազմների զոհերն այստեղ են, միասին, եւ այստեղ թեւածող նրանց հոգիների՝ մեզ ուղարկած ուժն այդ միասնության մեջ ավելի զորավոր է դառնում, երբ մեր երկրի համար օրհասական որեւէ պահի մենք մեր զոհերի օրհնության կարիքն ենք ունենում:

Սասուն Միքայելյանի բնորոշմամբ՝ մեր հերոսական, անձնազոհ տղաների կյանքի գնով ողջերս «կռեցինք մի դարբնոց», որը սխրանքի դասեր է տալիս-տալու մեր երեխաներին: «Դարբնոց՝ հույսի, դարբնոց՝ հավատի, արիության, եւ այդ դարբնոցում մեր ապագա սերունդը պետք է ավելի ամրապնդվի ու քայլի դեպի առաջ: Խոնարհվում եմ մեր զոհված հերոսների հարազատների առաջ: Փառք ու պատիվ ձեզ, փառք ու պատիվ մեր բոլոր նահատակներին, փառք ու պատիվ մեր բոլոր ողջ մնացած տղաներին, որ այսօր այստեղ նստած են»,-ասաց Սասուն Միքայելյանը:

Վարչապետի եւ հրամանատարի խոսքերից հետո օրն ամբողջացավ զոհված տղաների հիշատակին նվիրված  երաժշտական կատարումներով, եւ ապա՝ բարձրաստիճան հյուրերի, հանդիսությանը ներկա ողջ հանրության կողմից  ծաղիկների խոնարհումով՝ ի հարգանք մեր պայծառ հոգիների:

Այս հրապարակումը  չափազանցություն թվացողների համար հավելեմ, որ այն սոսկ փաստագրում է. ոչ ավել, եւ թերեւս պակաս:

Երեկվա հրազդանյան օրն ինձ հիշեցրեց այն դրվագը, երբ նորընտիր վարչապետը Հանրապետության հրապարակում չոքեց հարթակին՝ իրեն մեկնված հաշմանդամ ազատամարտիկի ձեռքին հասնելու համար: Մայիսի 8-ին: Դա իմ երազած իշխանավորի վիճակն է: Իսկ երեկվա նվիրումի այս անդրադարձը՝ սոսկ արձանագրումն ու իմ՝քաղաքացուս փափագելի երկրի  ուրվագծման փորձը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031