Դրսի աղետից հինգ պակաս
Անկախացումից ի վեր Հայաստանը հասկանալիորեն ենթարկվել է առեւտրային ու տեղաշարժման շրջափակման։ Ցավոք, վերջին տարիներին այդ շրջափակումը տեղափոխվեց նաեւ տրանսնացիոնալ առեւտրային ցանցերի վրա. Հայաստանը շրջանցում է գազամուղ, նավթամուղ, երկաթգիծ, ցամաքային տրանսպորտային ուղիներ եւ այլ։ Տարածաշրջանային ինտեգրացիոն գործընթացներից դուրս մնացած միակ պետությունը Հայաստանն է։ Արդեն ստորագրված պայմանագրերի արդյունքում, Հայաստանը դուրս կմնա տարածաշրջանը կապող եւս միքանի խոշոր ծրագրից։ Սա ոչ այլ ինչ է, քան ձախողված արտաքին քաղաքականություն, վնասը անգնահատելի է, իսկ շտկելը գրեթե անհնար։ Տարիներ առաջ լավատեսություն առաջացրեց Հայաստանի հյուսիսից հարավ ձգվող բարձրորակ մայրուղու կառուցումը, սակայն վատ կառավարման ու կոռուպցիայի պատճառով, ճանապարհի մեծ մասը դեռեւս օդում է, այն պայմաններում, երբ արդեն իսկ ակնհայտ է, որ նախատեսված միջոցները անբավարար են։
2009-2013 թթ. Ասոցացման համաձայնագիրը փայլուն բանակցելու, ապա ստորագրումը ապաշնորհ կերպով տապալելու արդյունքում, Եվրոպական Միությունում տապալվեց Հայաստանի հեղինակությունը։ ՌԴ հետ հարաբերությունները նմանվեց «անառակ որդու վերադարձը» փիլիսոփայության։ Հայաստանին այդպես էլ չհաջողվեց կանխել ՀԱՊԿ անդամ պետությունների ու Ադրբեջանի համագործակցության մեզ վտանգող հատվածները։
Հայաստանը այդպես էլ չկարողացավ տնտեսական հաջողություններ գրանցել ԵԱՏՄ շրջանակներում, հիմնականում այն պատճառով, որ մեր երկրում թե ներկրումը թե արտահանումը գտնվում էր իշխանությունների կողմից հովանավորվող հաշված մարդկանց հսկողության տակ։ Որոշակի լավատեսություն առաջացրեց CEPA-ի ստորագրումը, սակայն նախկին փորձը հաշվի առնելով, եթե պահպանվեր ներքաղաքական ստատուս քվոն, Հայաստանը կրկին կանգնելու էր «ծակ տաշտակի» առաջ։
Հայաստան-ԱՄՆ հարաբերությունները վերջին քսան տարիներին չեն փայլել, հիմնականում կապված կեղծված ընտրությունների, մարդու իրավունքների ու ժողովրդավարական խնդիրների պատճառով։ Նախագահներ Ռոբերտ Քոչարյանը ու Սերժ Սարգսյանը պաշտոնական կամ պետական այցով ԱՄՆ չեն հրավիրվել։ Առնվազն տարօրինակ է շրջադարձ պահանջել մի քանի ամսում, հատկապես՝ ԱՄՆ-ում տեղի ունեցող ներքաղաքական խմորումների ֆոնին։
ԼՂՀ հակամարտության հարցում վերջին տարիներին որեւէ իրական առաջընթաց չի գրանցվել, Հայաստանին նույնիսկ չհաջողվեց լուծել սահմանային միջադեպերը կանխարգելելու նպատակով ծրագրվող մոնիտորինգի համակարգի ներդրումը։ Ավելին, այս ու այլ հարցերի շուրջ մեր երկրի կողմից արդարացիորեն արված սպառնալիքներից հետ քաշվելը կոպիտ դիվանագիտական սխալներ էին, ինչի պատճառով Հայաստանի հեղինակությունը անկում էր ապրում, իսկ զոհերի թիվը ցավոք աճ։
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերջապես առաջարկել է ԼՂՀ հիմնախնդրի նոր հայեցակարգ։ Remedial Sovereignty/Succession (ինքնիշխանություն հանուն փրկության կամ վերականգնման) հայեցակարգը ոչ միայն ներկայացնում է խնդրի իրական էությունը, այլեւ լուծումը ու Արցախյան կողմի մասնակցության անփոխարինելիությունը։ Մինչդեռ նախկինում արված, ժառանգված հայտարարությունները խնդիրը պարզունակ փոխանակումների դիտարկման տիրույթում էին։
ԵՄ հետ հարաբերությունները անկասկած կզարգանան, այսօրվա կաբինետը կարող է արդյունավետ իրականացնել CEPA-ն, իսկ ԵԱՏՄ հետ առեւտրային խնդիրների պատասխանները արդեն տրվում են կոռուպցիայի ու հովանավորչության դեմ պայքարով։ Ինչ վերաբերում է ՌԴ հետ հարաբերություններին, ոչ ոք չի հերքում, որ կառավարությունը խնդիր ունի բարձրացնել իր կանխատեսելիությունը ու փոխհասկացվածությունը, սա ժամանակի ու մարդկային հարաբերությունների (ՌԴ դեպքում չափազանց կարեւոր) հարց է։
Մասնագիտական էթիկայի կանոններից ելնելով, կբավարարվեմ այսքանով։
Հիմքերի աղետից հինգ պակաս
Հայաստանի Զինված Ուժերի հեղինակությունը բարձր է. այդ հեղինակության համար ցավոք հաճախ վճարել ենք կյանքով։ Ապրիլյան քառօրյայի ժամանակ, մարդիկ հասկացան, որ այդ «կյանքերը» զոհաբերվում են ոչ միայն թշնամական տարածաշրջանի պատճառով, մարդիկ հասկացան, որ խեղվում են ճակատագրեր ու դժբախտանում ընտանիքներ նաեւ բանակում տիրող կոռուպցիոն սխեմաների պատճառով։ Մարդիկ, բացի Հ1-ից այլ աղբյուրներ էլ ունեն, ու այդ մարդկանցից շատերը իրենց ապագա զինակոչիկ երեխաների հետ, ցավոք, լքել են երկիրը։ Այդ լքողները ոչ ոքից պակաս հայրենասեր չեն, նրանք պարզապես պատրաստ չեն դժբախտանալ հանուն ինչ-որ մեկի հարստության։
Այս չարիքը նահանջ է ապրում, իսկ կանխման ուղղությամբ արվում են ճիշտ քայլեր։
Այո, քարքարոտ ճանապարհին պետք է քայլել դանդաղ։
Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ, աշխարհի ցանկացած ներդրող կարող է ազատորեն ներգրավվել Հայաստանի տնտեսության մեջ։ Խոչընդոտը թերեւս նախկինից մնացած գերիշխող դերակատարներն ու դատական կոռումպացված համակարգն է, սրա վերջն էլ կգա շուտով։ Նոր կառավարությունը ոչ թե առաջնորդվում է խմբակային շահերով, այլ ստեղծագործ մոտեցումներով, սա տեսնելու համար պետք է ընդամենը լսել ու կարդալ։ Իսկ տնտեսական հաջողությունները իրենց երկար սպասեցնել չեն տա։
Ազգային անվտանգության թիվ մեկ առաջնահերթությունը՝ ազգային միասնությունը ՀՀ, Արցախի ու Սփյուռքի ժողովրդի միջեւ, կարելի է համարել կայացած ու անհերքելի փաստ։
Իսկական աղետ ուղեղներում
Բողոքի, ատելության, այլատյացության ու մնացած բացասական երեւույթների ու դրանց արտահայտման տարբերությունը հասկանալու համար հանճար լինել պետք չէ։ Եկեղեցու, այլակարծության ու քննադատության նկատմամբ որեւէ ոտնձգություն դատապարտելի է ցանկացած ողջամիտ մարդու կողմից, բայց այդ «ատելությունները» օդից չեն հայտնվել։ Իսկ եթե որեւէ մեկին թվում է, որ բռնի ուժով բերան փակելը լավագույն մեթոդն է, չարաչար սխալվում է։
Իսկ իրական ուղեղային աղետը հետեւյալն է.
Պատերազմի սպառնալիքը ավելի ահավոր է, քան պատերազմը։ Պատերազմները ունեն սկիզբ ու ավարտ, իսկ սպառնալիքները կարող են լինել անվերջ։ Սպառնալիքների արդյունքում ավելանում է արտագաղթը, տնտեսության մեջ առաջանում են բացասական սպասումներ, կրճատվում է զինված ուժերի ծավալը եւ այլն եւ այլն։ Սա «հյուծման» քաղաքականություն է, ինչը իրականացնում են մեր պետության «չուզողները» չափազանց հետեւողականորեն։
Իշխանափոխությունը ճեղքել է սպառնալիքի վտանգը, առաջացրել է լավատեսության ալիք իր բոլոր հետեւանքներով, ձեւավորվել է ազգային միասնության մթնոլորտ, բայց ցավոք, մեր երկրի ներսում գործում են կազմակերպված ուժեր, որոնք ուղեղի աղետի հետեւանքով առաջացած վնասի պատճառով, հասկանալով կամ առանց հասկանալու նպաստում են «հյուծման» քաղաքականությանը։
Աղետից անդին
Մասնակցեք ազգային միասնությանը, այն քաղաքական հոսքեր չի ենթադրում։
Աղետից անդին կա ոչինչ, աղետ չի լինելու։
Վիկտոր Ենգիբարյան
«Հայաստանի եվրոպական շարժում» կազմակերպության նախագահ