Լրահոս
Օրվա լրահոսը

Արմատախիլ անել նաև դրսից

Օգոստոս 26,2018 15:10

« … վճռական եմ՝ առկա արատավոր երևույթները արմատախիլ անելու հարցում»,- հունիսի 19-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը` Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իշխող քրեական ենթամշակույթի մասին և ի կատարում հանձնարարել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Արտյոմ Մխոյանին միջոցներ ձեռնարկել կառավարության որոշմամբ սահմանված քրեակատարողական հիմնարկներում ներքին կանոնակարգի պահանջները խստորեն պահպանելու ուղղությամբ` բացառելով ալկոհոլային խմիչքների և թմրանյութերի օգտագործումը, կալանավորված և ազատազրկված անձանց կողմից մոլեխաղերով, ինչպես նաև նյութական կամ այլ շահ ստանալու նպատակով թույլատրելի խաղերով զբաղվելը և սահմանել շուրջօրյա խիստ վերահսկողություն:

Միանշանակ, ներքին կանոնակարգի խիստ պահպանումը հրամայական է, առողջ միջավայր ստեղծելը գլխավոր նախապայման և գործիք, սակայն բացի ներքին պատճառներից ու պայմաններից ՔԿՀ-ներում քրեական ենթամշակույթը «սնում են» նաև արտաքին պայմաններն ու պատճառները: Եվ քրեական ենթամշակույթն արմատախիլ անելու համար կարևոր է չանտեսել արտաքին գործոնների դերակատարությունն ու միջոցներ ձեռնարկել նաև այդ ուղղությամբ:

Նախ պատճառների մասին: Քրեական ենթամշակույթն իր ազդեցությունը տարածելու ու ամրապնդելու նպատակով ձգտում է մեկուսացնել անձին իրեն բնորոշ միջավայրից և որպես կանոն, անձը, գտնվելով մեկուսացման պայմաններում, ստիպված է լինում ադապտացվել նոր միջավայրին, «խաղի կանոններին», որը չունի այլընտրանք և ազատվելուց հետո անձին դժվար է վերաինտեգրվել հասարակությանը և վերականգնել բոլոր կորսված կապերը: Փաստացի պետական քաղաքականությունն ու օրենսդրությունն ուղղակիորեն աջակցում են քրեական ենթամշակույթի կրողներին` սահմանափակելով դատապարտյալների և կալանավորված անձանց կապն արտաքին աշխարհի հետ:

Պետք է փաստենք, որ իրական կյանքում անարդարության դրսևորումներն էլ ավելի են ուժեղացնում «գողական աշխարհի» ազդեցությունը, քանի որ այդ աշխարհը ներկայացվում է որպես հարգանքի, արդարության վրա հիմնված՝ ի հակադրություն իրականությանը: Ավելին, երկրում կոռուպցիայի բարձր մակարդակը, պետական մարմինների աշխատանքի արդյունավետության ցածր մակարդակը, քաղաքացիների կողմից իրավապահ մարմինների և արդարադատության համակարգի հանդեպ վստահության բացակայության հիմնական պատճառներն են: Ըստ այդմ, պետական այրերի կողմից հանցագործությունները և անպատժելիության մթնոլորտը հաստատում են քրեական ենթամշակույթի կրողների գաղափարախոսության իրավացիությունը և ավելի ու ավելի շատ մարդիկ են դիմում այդ գաղափարախոսությանը` իրենք իրենց արդարացնելու համար:

Ըստ այդմ՝ անհրաժեշտ է համալիր միջոցառումներ իրականացնել մի քանի ուղղությամբ՝ հասարակության շրջանում արդարադատության համակարգի նկատմամբ վստահության ձևավորմանը և ամրապնդմանը, որպեսզի խնդիրների դեպքում անձը, արդարություն փնտրելիս, հակված չլինի դիմելու «քրեական աշխարհին»:

Առաջին ուղղությունն երկրում սոցիալ-տնտեսական բարեփոխումների իրականացումն է, որոնք ուղղված կլինեն բնակչության կենսամակարդակի բարձրացմանը, սոցիալական երաշխիքների ավելացումը` երկրում գործազրկության մակարդակի նվազեցմանը, անապահովների և անօթևանների թվի կրճատման նպատակով: Կարևոր է բոլոր նախարարությունների և իրավապահ մարմինների համագործակցությունը այս հարցում:

Միջոցառումների երկրորդ ուղղությունը պետք է լինի երկրի քաղաքական, տնտեսական, մշակութային և մյուս ոլորտները քրեական տարրերից ազատելը: Մինչդեռ մեր իրականությունում ճիշտ հակառակն է: Բազում փաստագրական վկայություններ կան պատգամավորների, գործադիր մարմնի ներկայացուցիչների, հոգևոր առաջնորդների կապերի մասին «օրենքով գողերի» հետ:

Երրորդ ուղղությունը հասարակության մոտ նոր մոտեցումների դաստիարակությունն է: Այս ոլորտում գլխավոր դերակատարությունը պետք է ստանձնեն մշակույթի, գիտության, սպորտի ոլորտների պատասխանատուները, ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը: Մի կողմից՝ անհրաժեշտ է մարդկանց մոտ առողջ արժեհամակարգի ձևավորումը, մյուս կողմից` անհրաժեշտ է նաև աշխատանքներ իրականացնել` փոխելու հասարակության շրջանում դատապարտյալների նկատմամբ կարծրատիպային և նախապաշարմունքային վերաբերմունքը: Շատերն այն համոզման են, որ հանցագործը պետք է տառապի, նրան զրկելն իրավունքներից ճիշտ է, նախկին դատապարտյալներին աշխատանքի չընդունելը՝ արդարացի:

Որպես հասարակության վերաբերմունքի փոփոխության գործիք կարող է կիրառվել հաշտարարության ինստիտուտը, որը միաժամանակ երկու խնդիր է լուծում: Առաջինը` հանցագործություն կատարած անձը հնարավորություն է ստանում զղջալու իր արարքի համար, ներողություն խնդրելու, հատուցելու իր մեղքը և ստանալու տուժողի ներողամտությունը, երկրորդը` տուժողը դառնում է գլխավոր դերակատարը, որոշում կայացնողը,  և եթե հաջողվի համաձայնության գալ հանցագործություն կատարած անձի հետ, ապա կփոխվի նաև զոհի և որպես հետևանք նրա հարազատների, ընկերների, հարևանների վերաբերմունքը դատապարտյալի նկատմամբ:

Չորրորդ ուղղությունը քրեական ենթամշակույթի գաղափարախոսության տարածման դեմ պայքարն է, որի առաջնային թիրախը պետք է լինի զանգվածային լրատվամիջոցների կողմից քրեական ենթամշակույթի փառաբանումը, գովազդումը: Ժամանակակից մշակույթն ի դեմս հեռուստասերիալների, երաժշտության, հեռուստատեսությամբ կիրառվող բառապաշարի, միտված է գողական աշխարհի արժեքների, օրենքների լուսաբանմանը, այդ թվում վստահեցնելով, որ այդ աշխարհում այնուամենայնիվ կա արդարություն, արժեքներ, գործում են օրենքներ, պատժում են մեղավորներին և այդ պրոպագանդան ուղեկցվում է գողականների «շքեղ» կյանքի ներկայացմամբ:

Հասարակության մեծամասնությունը, հատկապես երիտասարդությունը տրվում են այդ «հերոսների» հմայքին և ձգտում է կրկնօրինակել նրանց, ինչի հետևանքով տեղի է ունենում անձի արժեքային համակարգի խեղում և նրա համար հանցագործություն կատարելը հոգեպես անհաղթահարելի չի թվում:

Հայտնի է, որ «ավելի հեշտ է կանխել, քան բուժել»: Կարծում ենք, քրեական ենթամշակույթի դեմ հաջող պայքարի հիմքում նույնպես պետք է այս մոտեցումը դրվի: Այս համատեքստում հիմնական կանխարգելիչ միջոցառումները կարող են լինել

  • հակաքրեական գաղափարախոսության տարածումը, օրենքի գերակայության, օրինապահ կյանքի առավելությունների ներկայացումը և այդ գաղափարախոսության պրակտիկ կիրառումը
  • հասարակության իրավական գիտակցության և իրազեկվածության մակարդակի բարձրացումը
  • կազմակերպված հանցավորության արմատախիլ անելը
  • քրեակատարողական համակարգի բարեփոխումը, որը պետք է ոչ միայն արժանապատիվ պահման պայմաններ ու վերաբերմունք երաշխավորի ազատությունից զրկված անձանց, այլ առաջնային պետք է խթանի իրավախախտների ուղղումը:

Եվ այսպես, քրեական ենթամշակույթի արտաքին գործոնների անբարենպաստ ազդեցությունը վերացնելու հարցում ԱՆ-ն միայնակ անզոր է: Հաջողության և արդյունավետության համար անհրաժեշտ է համալիր գործողությունների իրականացում, համագործակցության հաստատում պետական բոլոր մարմինների և ՀԿ-ների ներգրավմամբ: Վերջիններս կարող են կարևոր դերակատարություն ունենալ ինչպես օրենսդրական բարեփոխումների, այնպես էլ պրակտիկ ոլորտում, օրինակ` ստանձնելով հաշտարարի դերակատարությունը:

Սույն հրապարակումը պատրաստվել է «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության՝ «Խոշտանգումների և վատ վերաբերմունքի նվազեցումը Հայաստանում և Վրաստանում կանխարգելիչ մշտադիտարկման մեխանիզմների հզորացման միջոցով» ծրագրի շրջանակներում՝ Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ։ Նյութի բովանդակության համար պատասխանատու է բացառապես հեղինակը, և այն որևէ ձևով չի արտահայտում ֆինանսավորող կողմի կամ «Միջազգային բանտային բարեփոխումներ» կազմակերպության տեսակետները։

Աղբյուրը՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031