Ինչպես հայտնի է` օգոստոսի 23-ի նիստում կառավարություն միաձայն որոշում ընդունեց ` թույլատրել Սեւանից հավելյալ 40 մլն խմ ջրառը: Այդ որոշումը կյանքի կոչելու համար երեքշաբթի օրը` օգոստոսի 28-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ, որի ժամանակ կներկայացվի «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների մասին օրինագիծը
Բնապահպաններն արդեն տագնապի ազդանշաններ են հնչեցրել , պնդելով, որ 2018թ-ին հունիսի վերջից Սևանա լճի մակարդակը արդեն սկսել է իջնել և հետագա իջեցումը կհանգեցնի ջրի որակի փոփոխմանը. «Նման իրավիճակում Սևանա լճում քաղցրահամ ջրի փոխարեն մենք կունենանք ճահիճ, որի ջուրն ընդհանրապես անպիտան կլինի ոռոգման համար օգտագործելու»:
Նրանք պնդում են նաեւ, որ «Ցանկացած միլիոն խորանարդ ջրի կորուստը էկոլոգիական վիճակի վատացում է: Արարատյան դաշտավայրում մի իրավիճակ է ստեղծվում, որ գյուղատնտեսությունը հնարավոր լինի զարգացնել: Եթե Արարատյան դաշտում երաշտ է լինում, նմանատիպ իրավիճակ է նաև Սևանի ավազանում, այսինքն՝ նույնքան պակաս ջուր են բերում գետերը, մեծանում է ջրի գոլորշիականությունը, և նույն վտանգավոր վիճակում գտնվում է Սևանը»:
Իսկ Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող, քիմիական գիտությունների թեկնածու Սեյրան Մինասյանը ասել էր . «Ջրի մաֆիան փաստի առաջ է կանգնեցրել ամբողջ երկիրը, ինչպես որ ամեն տարի է եղել: Սեւանա լիճը գտնվում է կրիտիկական վիճակում եւ անգամ օրենքով թույլատրելի 170 մլն.խմ չպետք է բաց թողնվի: Լճից հավելյալ անգամ մեկ կաթիլ ջուր վերցնելը վտանգավոր է լճի համար»:
Այսօր, քաղհասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ («Եվրասիա համագործակցության հիմնադրամի» կազմակերպած Քաղաքացիական հասարակության ռազմավարությունների քննարկում) ջրային տնտեսության պետական կոմիտեի ղեկավար Ինեսա Գաբայանը խոսեց այն նախագծից, որը պետք է երեքշաբթի օրը ներկայացնի Ազգային ժողով:
Տիկին Գաբայանը նշեց, որ Սեւանի խնդիրն արդեն ազգային անվտանգության հարց է, եւ, իսկապես, սրտի մեծ ցավով է ներկայացնելու Սեւանից հավելյալ ջրառի վերաբերյալ օրինագիծն Ազգային ժողով, բայց այս պահի դրությամբ այլընտրանք չկա: «Սկզբնական շրջանում նախատեսված էր 80 մլն խմ հավելյալ ջրառ, սակայն ամեն ինչ արեցինք, որ հնարավորինս քիչ լինի դա: Մենք կաշխատեցնենք բոլոր պոմպակայանները, հավելյալ էներգետիկ ծանրաբեռնվածություն կվերցնենք, ամեն ինչ կանենք, որպեսզի որքան հնարավոր է քիչ ջուր վերցնենք Սեւանից, սակայն այսօր 55 հազար գյուղացիներին չտալ ոռոգման ջուր, դա նշանակում է ոչ միայն այդ մարդկանց զրկել նրանց ամիսների, տարիների աշխատանքի արդյունքից, ապրուստի միջոցից, այլեւ Սեւանից մինչ այդ` թույլատրելիի սահմաններում բաց թողնված 170 մլն խմ ջուրը, որով մինչ այդ էին ոռոգվել գյուղացիական տնտեսությունները, ի չիք դարձնել, անիմաստ ծախս դարձնել»: Նա նշեց, որ վարչապետի հրահանգով հավելյալ ջրթողի ժամանակ այն բոլոր տարածքներում, որտեղ ոռոգման ջուր են տալու, ուժեղացված վերահսկողություն է լինելու ինչպես իրենց, այնպես էլ ոստիկանության, ԱԻՆ-ի, բոլոր շահառուների կողմից, որպեսզի ոչ մի կաթիլ ավելորդ չվատնվի, ծառայի ճիշտ նպատակին:
Նա խոսեց ոլորտի խնդիրներից, մասնավորապես Արարատյան դաշտավայրում ձկնաբուծարանների կողմից դաշտավայրի արտեզյան ջրերի անխնա օգտագործումից, ինչի արդյունքում ցամաքել է Սեւջուր գետը, որը նաեւ ծառայում էր ատոմակայանի հովացման նպատակին: Տիկին Գաբայանի խոսքով, ժամանակին, երբ գրանցվել էր 170 մլն խմ թիվ` Սեւանից թույլատրելի ջրառի համար, հաշվի էր առնվել նաեւ Սեւջուր գետի 80 մլն խմ ջրի առկայությունը` որպես ոռոգման ջրի աղբյուր: Սակայն այսօր այդ գետում, ըստ էության, ջուր չկա, իսկ Արարատյան ավազանի արտեզյան ջրերը, վայրագ կերպով օգտագործվելով ձկնաբուծարանների կողմից, դրենաժային համակարգերի միջոցով հոսում են դեպի Արաքս, որով էլ գնում եւ ոռոգում են Թուրքիայի եւ Ադրբեջանի հողերը:
Ի դեպ, օրեր առաջ, «Առավոտի» հետ զրույցում տիկին Գաբայանը կրկին անդրադարձել էր ձկնաբուծարանների խնդրին եւ նշել. « Պետությունը պետք է վարի ջրի գնագոյացման այնպիսի քաղաքականություն, որպեսզի ձկնաբույծը շահագրգռված լինի անցնելու խնայող տեխնոլոգիաների: Այլապես վայրկյանում մի քանի տասնյակ խորանարդ մետր ջուր վերցնող ձկնաբուծարանը, երբ տարեկան վճարում է ընդամենը մի քանի դրամ բնապահպանական վճար, ոչ մի ջրախնայող եղանակ չի էլ մտածի կիրառել»:
Քաղհասարակության հետ հանդիպման ժամանակ տիկին Գաբայանը նշեց, որ տարիներ շարունակ վարվել է ջրային ռեսուրսների անխնա, կարելի է ասել` չարամիտ օգտագործման քաղաքականություն, որի արդյունքում կորուստները ոչ թե 40 տոկոս են, ինչպես նշված է 14-15 տարվա պաշտոնական տվյալներում, այլ շատ ավելին: Տարիների աշխատանք է հարկավոր համակարգը վերականգնելու համար. «Այնպես որ, եթե հարցնեք` մյուս տարի՞ էլ է Սեւանից հավելյալ ջրառի կարիք լինելու, մեծ ցավով, բայց պետք է պատասխանեմ` այո»: Ջրային կոմիտեի նախագահի կարծիքով` ոլորտում առկա բազմաթիվ լուրջ խնդիրների լուծման համար ոչ միայն տարիներ են հարկավոր, այլեւ` հսկայական գումարներ եւ քաղաքական անսասան կամք:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ