2018 թվականի օգոստոսի 25-ին, տոնական տրամադրությունն էր թևածում Ախալքալաքից 12 կմ հեռավորությամբ, Սբ. Սար կոչվող լեռան հարավային ստորոտին փռված, ընդամենը 160 ընտանիք ներառող Բալխո գյուղը: Գյուղի բնակիչները՝ մեծից փոքր, դիմավորում էին տարբեր վայրերից եկած բալխոցիներին, նաև Հայաստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնությունից ժամանած հյուրերին, որ եկել էին մասնակցելու գյուղի Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման հանդիսավոր արարողությանը:
19-րդ դարի կառույց եկեղեցին խորհրդային տարիներին կորցնելով իր գործառույթները, վերածվել էր կոլտնտեսության պահեստի, իսկ ետխորհրդային շրջանում մատնվել անուշադրության: Աղոթազուրկ և անխնամ մնացած եկեղեցին վերանորոգվեց գյուղի արժանավոր զավակ, ռուսաստանաբնակ Մեսրոպ Մովսիսյանի բարերարությամբ, համագյուղացիներին ընձեռելով Աստծով ապրելու, աղոթքով գործելու հնարավորություն:
Եկեղեցին վերաօծվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ և արժանապատիվ Տեր Տաթև քահանա Մարուքյանի, Տեր Թադեոս քահանա Տեր-20180825 112805Մկրտչյանի ու Տեր Տիգրան քահանա Մխիթարյանի մասնակցությամբ: Դռնբացեքի արարողությունից հետո Սրբասուրբ մյուռոնով օծվեցին Սուրբ Հարություն եկեղեցու Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը և 16 սյուները:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանը և Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի պատգամավորներ, հասարակական, պետական գործիչներ, բազում հավատացյալներ:
Վերակառուցված և վերաօծված եկեղեցում անդրանիկ Սուրբ և Անմահ Պատարագը մատուցեց Արակովայի «Սուրբ Գևորգ» եկեղեցու ու հարակից գյուղերի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Թադևոս քահանա Տեր-Մկրտչյանը: Ու վառվեցին առաջին մոմերը եկեղեցում: Հընթացս Սուրբ Պատարագի կատարվեց խոստովանության կարգ և հավատացյալները ստացան հաղորդություն:
Հավարտ Սուրբ Պատարագի Թեմակալ առաջնորդը տեղի բնակիչներին շնորհավորեց Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ, գնահատանքի խոսքեր ուղղեց բարերարի ընտանիքին, Մեսրոպ Մկրտչյանին հանձնեց Օրհնության գիր և նվիրեց Սրբապատկեր: Սուրբ Պատարագն ավարտվեց Վիրահայոց թեմի առաջնորդի Պահպանիչ աղոթքով:
Այնուհետև Սուրբ Հարություն եկեղեցու վերաօծման կապակցությամբ հարակից տարածքում կայացավ տոնահանդես, որին իրենց մասնակցությունն էին բերել Վիրահայոց թեմի Արակովայի «Խրիմյան հայրիկ» կենտրոնի սաները, տոնահանդեսը իրենց կատարումներով գեղեցկացրեցին նաև հարակից գյուղերից եկած անհատ կատարողները:
Տոնական օրը գյուղում ավարտվեց բարերարի ընտանիքի կողմից մատաղի մատուցմամբ և գյուղի հանդիսությունների սրահում տեղացիների համար կազմակերպված հյուրասիրությամբ:
Հիշեցնենք, որ դեռևս 2004 թվականին, եկեղեցու առաջին մասնակի վերանորոգումից հետո փոխառաջնորդ, հոգեշնորհ Տեր Բաբգէն աբեղա Սալբիյանի կողմից կատարվել էր եկեղեցու օրհնության կարգ և տաճարը դարձել էր Վիրահայոց Թեմի գործող եկեղեցիներից մեկը:
Հայ առաքելական ուղղափառ սուրբ եկեղեցու վիրահայոց թեմ