Երևանում նախադպրոցական տարիքի երեխաներին այս տարի մանկապարտեզ տեղավորելը դարձել է շա՜տ ավելի դժվար՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Փաստ է. մանկապարտեզների շենքերի կատաստրոֆիկ պակասն է, որն այս պահին օբյեկտիվ իրողություն է, իսկ սուբյեկտիվ պատճառն այն է, որ մանկապարտեզների խմբերում մինչ օրս համատարած անթույլատրելի թվաքանակով երեխաներ են ընդգրկվում, 25-ի փոխարեն՝ 40 և նույնիսկ ավելի, ու այս փաստը, որպես թերություն, արձանագրվել է Կրթության տեսչության կողմից 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության գործունեության ուսումնասիրության տեղեկանքում: Այս խնդիրը քաղաքապետարանը փորձում է լուծել հետևյալ ճանապարհով. նոր ընդունելությունը հնարավորինս կասեցրել են, ու գործող խմբերը նոր ընդունվող երեխաների փոխարեն համալրվում են 40-ից ավել երեխաներ ունեցող խմբերի հավելյալ երեխաներով: Նոր երեխաներ կընդունեն, եթե լիցենզիայով սահմանված տեղերը բավարարեն: Ստացվում է, որ երեխաների թիվը որոշ մանկապարտեզներում չի ավելանալու, սակայն կարող է ավելանալ խմբերի թիվը, այսինքն, ինչպես երևում է, այս տարվա ընդունելության արդյունքում ավելի քիչ երեխաներ են ընդունվելու մանկապարտեզ կամ մսուր: Խմբերի ավելացումն էլ իր հետ նախատեսում է նոր հաստիքներ, որը լուրջ ֆինանսական հետևանք է ունենալու Երևանի բյուջեի համար, քանի որ նախադպրոցական կրթությունն այստեղ անվճար է, որը շատ անարդար մոտեցում է Հայաստանի մնացած մարզերի նկատմամբ: Հիշեցնեմ, որ նախադպրոցական կրթությունը հանրակրթական ծրագրի մաս լինելով, պետության կողմից պարտադիր կրթություն չէ, այսինքն՝ այն վճարովի ծառայություն է: Հետևաբար, Հայաստանի առանձին համայնքում այն անվճար իրականացնելն ընդամենը բարի, բայց չհիմնավորված քաղաքական ցանկություն է:
Քաղաքապետարանի այսօրվա նախաձեռնության արդյունքում գուցե մանկապարտեզների խմբերում երեխաների թիվը համապատասխանեցվի առողջապահության նախարարի 20.12.2002թ. «Նախադպրոցական կազմակերպությունների (մանկամսուր, մանկապարտեզ, մսուր-մանկապարտեզ) սանիտարական նորմեր և կանոններ» N 857 հրամանով սահմանված թվերին, ըստ որի՝ մսուրային խմբերում՝ 20, 3-6 տարեկանների խմբերում՝ 25 երեխա, բայց ունենք ծնողների կողմից մե՜ծ դժգոհություն: Իրականում, քանի դեռ մանկապարտեզների թիվը չի ավելացվի, դժվար է գտնել այն լուծումը, որը կապահովի վերոնշյալ հրամանով խմբերում երեխաների սահմանային թիվն ու նախադպրոցական տարիքի երեխաների մեծամասնության կրթությունը: Համենայնդեպս, իմ կարծիքով, լուծումը մեկն է: Մանկապարտեզների օտարված ու անգործության մատնված, ինչպես նաև տարբեր նպատակների համար վարձակալության տրված շենքերը պետք է ծառայեն երեխաների կրթության նպատակին: Ընթերցողներից ոմանք կասեն, թե համաշխարհային բանկի ծրագրով միջոցներ են տրվել դպրոցներում նախադպրոցական խմբեր ստեղծելուն: Ճիշտ է, սակայն այն նախ միայն 5-6 տարեկանների համար է նախատեսված, երկրորդ՝ դրանք երբեք չեն փոխարինի մանկապարտեզի ծառայություններին, էլ չեմ ասում, որ 5 տարեկանից երեխային ուզում ենք նստեցնել գրասեղանի մոտ՝ նրան զրկելով խաղից, վազելուց, անդադար շարժվելու պարտադիր հաճույքից:
Հիմա գանք ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի հրամանին, որով մի քանի աբսուրդ թվեր են սահմանված: Մասնավորապես, 1 երեխայի հաշվարկից ելնելով, խմբային սենյակների մակերեսները սահմանված են՝ վաղ հասակի I և II խմբերում՝ 5 մ2, այսինքն` խմբասենյակը 20 հոգու համար պետք է լինի 100 մ2, փոքրերի խմբում՝ 7,5 մ2,, այսինքն՝ 25 հոգու համար 187.5 մ2, նախադպրոցականների համար՝ 7,2 մ2, այսինքն՝ 25 հոգու համար 180 մ2: Իրականում ոչ մի մանկապարտեզ, ո՛չ խորհրդային ժամանակներում, ո՛չ՝ նոր, չունի այս հրամանով սահմանված խմբասենյակի, խաղասենյակի մակերեսները: Գուցե խորհրդային նորմատիվներում էլ է այսպես եղել, բայց այն ժամանակ երեխաների թիվն է նկատելի պակաս սահմանվել:
Նույն վիճակը դպրոցներում է: ՀՀ առողջապահության նախարարի 2017թ. մարտի 28-ի հրամանով յուրաքանչյուր աշակերտի համար նախատեսվում 2 մ2, բայց դպրոցների կանոնադրությամբ դասարանում աշակերտների թիվը մինչև 35 հոգի է, այսինքն, եթե 35 աշակերտ ունենք դասարանում, ապա դասասենյակը պետք է լինի 70 մ2: Նույնիսկ Լինսի հիմնադրամով կառուցված նոր դպրոցները չունեն 70 մ2 մակերեսով դասասենյակներ: Ու շատ լրջորեն է բարձրանում այն հարցը, թե «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով լիցենզիա ստանալու համար պահանջվող տեղեկանքները՝ տարրական ընդհանուր կրթական ծրագրեր իրականացնելու համար զբաղեցրած տարածքների մակերեսների, այդ թվում` դասարան-խաղասենյակի, հանգստի սենյակի, ձեռքի աշխատանքի (մոդելավորման, տեխնիկական խաղալիքների և կիրառական արվեստի) սենյակի, համապիտանի դասասենյակների (երկարօրյա խմբերի համար), մեթոդական կաբինետ-ուսուցչանոցի, հանդիսությունների դահլիճի, մարզադահլիճի վերաբերյալ ո՞վ և ինչի՞ հիման վրա են տալիս, եթե առողջապահության նախարարի «Սանիտարական նորմեր և կանոններ» հրամանով նախատեսված մակերեսները չկան ո՛չ մանկապարտեզներում, ո՛չ դպրոցներում: Փաստորեն, առողջապահության նախարարի այս հրամանների համաձայն ո՛չ մի մանկապարտեզ, ո՛չ մի դպրոց լիցենզիա չպետք է ստանար, այսինքն, այս հրամանները մանկապարտեզ ու դպրոց չբացելու և չլիցենզավորելու մասի՞ն են: Ի՞նչ նպատակ են հետապնդում այսպիսի վերամբարձ, գոյություն չունեցող մակերեսներ նախատեսող հրամանները, և արդյո՞ք այդ նորմատիվները վերանայելու անհրաժեշտություն չեն տեսնում առողջապահության, կրթության նախարարներն ու լիցենզավորման մարմինը, որը, փաստորեն, գոյություն չունեցող մակերեսների մասին ակնհայտորեն կեղծ տեղեկանքների հիման վրա է տալիս դպրոցի կամ մանկապարտեզի գործունեության լիցենզիաները: Օրը ցերեկով խաբում ենք իրար:
Հ.Գ. Մարզերում ու համայնքներում օգոստոսյան խորհրդակցություններ են տեղի ունենում, որտեղ առայժմ ոչ մի խոսք չեմ լսել նախադպրոցական կրթության կազմակերպման, հաջողությունների ու անհաջողությունների մասին: Էլ չեմ ասում, որ նախադպրոցական հաստատությունների տնօրենները չեն հրավիրվում այդ կարևոր հավաքներին, գուցե նրանից է, որ հանրակրթության այս կարևոր ոլորտը փոխնախարարներից ոչ մեկի կողմից չի՞ համակարգվում: Մտածելու ու հարցնելու բան է, ինչո՞ւ:
Անահիտ Բախշյան
Կրթության փորձագետ