Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբական նախուտեստ «Մուհամմարա»` Muhammara (տեսանյութ)

Օգոստոս 26,2018 12:30

Թարմ կարմիր պղպեղների իսկական ժամանակն է: Դրանք համեղ են ոչ միայն թարմ վիճակում, ալեւ` աղցանների, ճաշերի մեջ, մարինացված եւ իհարկե` խորոված վիճակում: Խորոված կարմիր պղպեղներով կարելի է հետաքրքիր ուտեստներ պատրաստել: Ձեզ արդեն ներկայացրել ենք խորոված կարմիր պղպեղով աղցանը, թանձրուկը , լցոնած սունկը: Այսօր կներկայացնենք խորոված պղպեղով ամենահայտնի նախուտեստը` արաբական մուհամմարան:

Անհրաժեշտ մթերքները

Խորոված կարմիր պղպեղ- 2-4 հատ` կախված չափսից

Ձիթապտղի յուղ- 4 ճաշի գդալ

Սխտոր- 1-2 պճեղ

Տոմատի մածուկ- 2 ճաշի գդալ

Կարմիր պղպեղի մածուկ- 1 ճաշի գդալ

Ընկույզ- կես բաժակ

Հաց-1-2 կտոր

Նռան օշարակ- 2 ճաշի գդալ

Աղացած կծու կարմիր պղպեղ- 1 թեյի գդալ

Սումախ- 1 թեյի գդալ

Աղ- կես թեյի գդալ

Պատրաստման եղանակը

Պղպեղները խորովեք: Մաքրեք կեղեւից, պոչերից եւ սերմերից: Ընկույզը 1-2 րոպեով չոր թավայի մեջ արագ բովեք: Հացի կտորները նույնպես չորացրեք տոստերում, ջեռոցում կամ պարզապես չոր թավայի վրա, որից հետո մանր կտորների վերածեք: Կարող եք, իհարկե, պատրաստի պաքսիմատ կամ առավել եւս` պաքսիմատի փոշի գնել, բայց խորհուրդ կտայի ինքներդ պատրաստեիք:

Բոլոր մթերքները` խորոված պղպեղները, հացը, սխտորը, ընկույզը, տոմատի մածուկը, կարմիր պղպեղի մածուկը (վաճառվում են արեւելյան համեմունքների խանութներում, սակայն եթե չունեք, կարող եք եւս մեկ գդալ տոմատի մածուկ ավելացնել), նռան օշարակը, ձիթապտղի յուղը (ինչպես միշտ` աղցանների եւ նախուտեստների համար խորհուրդ կտամ վերցնել extra virgin տեսակը), համեմունքները` սումախը, կարմիր չոր կծու պղպեղը, աղը, լցրեք խորը տարայի մեջ եւ ձեռքի կոտորակիչով (blender) տրորեք, դարձրեք պյուրեի նման զանգված:

Մուհամմարան կարող եք մատուցել հացի, կրեկերների կամ թարմ բանջարեղենի, օրինակ` վարունգի, գազարի, թարմ պղպեղների հետ: Կարող եք մատուցել նաեւ խորոված սմբուկի մածուկի` մութաբալի ընկերակցությամբ:

 

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Շնորհակալություն հետաքրքիր բաղադրատոմսի համար, անպայման կփորձեմ պատրաստել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031