Երեկ, որպես հայ-գերմանական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, մասնակցել եմ Անգելա Մերկելի պատվին հրավիրված ընթրիքին և հրապարակել եմ համապատասխան լուսանկարը:
Այս փաստը արձագանք գտավ համացանցում, մասամբ Մերկելի, մասամբ Նիկոլ Փաշինյանի, մասամբ իմ պատճառով: Հաճելի էր, որ արձագանքների և գնահատականների ճնշող մասը դրական էր և համարժեք այս քայլին:
Բայց տեղ գտան նաև հարցադրումներ, որոնք կարելի է բաժանել երկու խմբի.
1. Ինչու էր Նիկոլ Փաշինյանը հրավիրել Արմեն Աշոտյանին
2. ինչու էր Արմեն Աշոտյանը գնացել Նիկոլ Փաշինյանի միջոցառմանը:
Օգտագործեմ այդ առիթը հետևյալ տեսակետս վերահաստատելու համար:
Անկախ ներքաղաքական տարաձայնություններից, ներքին թեժ պայքարից և քաղաքական գնահատականներից, մենք պետություն ենք ներկայացնում: Լինելով ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողվի նախագահ՝ արել և անելու եմ դա իշխանափոխությունից առաջ և հետո:
Ինձ լավություն չեն արել, երբ ի պաշտոնե հրավիրել են այդ միջոցառմանը: Ես էլ լավություն չեմ արել, երբ ընդունել եմ հրավերը:
Ինձ լավություն չեն արել, երբ իմ քննադատությունից և ահազանգից հետո Նիկոլ Փաշինյանի որոշմամբ կրկին ներգրավել են Հայաստան-ԵՄ համաձայնագրի իրագործումը ապահովող հանձնաժաղովի մեջ: Ոչ էլ ես եմ լավություն արել, երբ համաձայնել եմ աշխատել այդ ձևաչափով:
Ես լավություն չեմ անում կառավարությանը, երբ ԵՎՐԱՆԵՍԹ-ում, Եվրոպական Խորհրդարանում կամ այլուր պայքարում եմ Հայաստանի ազգային շահերի համար: Ոչ էլ վատություն եմ անում օրվա իշխանություններին, երբ այդ նույն միջազգային հարթակներում քննադատում եմ իրենց գործողությունները:
Նման հարցերում լավություն հասկացություն չկա: Մենք, պետական բոլոր պաշտոնյաներս, պարտավոր ենք աշխատել մեր պատասխանատվության ոլորտներում, օգտագործելով մեր գիտելիքները, փորձը, հմտությունները և կապերը հանուն ավելի լավ Հայաստանի, հանուն մեր քաղաքացիների:
Ասում եմ սա, որպես քաղաքական աքսիոմ, պարզ ճշմարտություն, որպես պետությունը սիրող մարդ: Այդպես շարունակելու եմ վարվել այնքան ժամանակ, որքան օգտակար կլինեմ իմ երկրին, մասնավորապես՝ արտաքին քաղաքականության մեջ և միջազգային պարտավորությունների կատարման հարցում:
Կառավարությունները գալիս են ու գնում են, Հայաստանի Հանրապետությունը պետք է լինի մշտապես և բոլորինը:
Արմեն ԱՇՈՏՅԱՆ
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ