Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գյոզալյան. «Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելը մեր գլխավոր նպատակներից մեկն է»

Օգոստոս 25,2018 18:27

Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը Շվեյցարիայում անցկացված մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության 40 կմ խմբային վազք միավորներով մրցաձեւում վաստակեց 98 միավոր եւ նվաճեց չեմպիոնի կոչումը: Էդգարը մինչ այդ արդեն Հունաստանում չեմպիոն դարձել էր, բայց սկրեչ մրցաձեւից ու երիտասարդների մեջ:

Aravot.am-ը այս հաղթանակից հետո զրուցեց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանի հետ:

-Շնորհավորում ենք Էդգար Ստեփանյանի նոր նվաճման առթիվ: Էդգարը հանդես եկավ նաեւ այլ դիսցիպլիններում: Նրա ընդհանուր մասնակցությունն ինչպե՞ս եք գնահատում:

-Էդգարը սկզբում հանդես եկավ 4 կմ հետապնդումով վազքին եւ ցույց տվեց 4.23.806 արդյունք՝ զբաղեցնելով 11-րդ տեղը, որը Հայաստանի հեծանվասպորտի պատմության լավագույն արդյունքն է: Ճիշտ է, մեդալ չեղավ ու այդ արդյունքի մասին քիչ գրվեց, սակայն այս տարի Եվրոպայի անցած տարվա առաջնության համեմատ Էդգարն իր արդյունքը գերազանցեց ամբողջ ինը վայրկյանով: Հեծանվասպորտում այդպիսի բան հաճախ չի լինում: Երկրորդ մրցաձեւը սկրեչն էր: Սկսեցինք կիսաեզրափակչից եւ 8-րդ տեղով անցանք եզրափակիչ, որտեղ նույն օրը երեկոյան 18 ուժեղագույնների մեջ զբաղեցրինք 12-րդ տեղը: Վերջինը 40 կմ միավորներով խմբային վազքի եզրափակիչն էր, որին մասնակցեց 20 հեծանվորդ, որտեղ էլ Էդգարը 98 միավորով նվաճեց չեմպիոնի տիտղոսը:

-Տոկիոյի օլիմպիական խաղերին երկու տարի է մնում: Վարկանիշ նվաճելու պլաններ կա՞ն:

-Օլիմպիական ուղեգիր նվաճելը մեր ֆեդերացիայի գլխավոր նպատակներից մեկն է: Դրա համար մասնակցում ենք այսպիսի բարձրակարգ մրցումներին ու աշխատում թանկագին միավորներ վաստակել:

2018 թվականի սկզբից սկսած անհատ մարզիկների բոլոր միավորները գումարվում են, որից հետո որոշվում է՝ ով օլիմպիական խաղերի վարկանիշ կունենա: Ուղեգիր վաստակում են 24 ուժեղագույնները: Ընդ որում, հեծանվային սպորտում միավորների հաշվարկման սանդղակ չկա: Այնպես չէ, որ մարզիկը պետք է վաստակի իքս քանակության միավոր եւ օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք կստանա: Էդգարը մինչեւ Եվրոպայի այս առաջնությունը 26-րդն էր: 200 միավորը նրան պետք է որ վեր բարձրացրած լինի: Բայց սպասենք միջազգային ֆեդերացիայի պաշտոնական վարկանիշային նոր ցուցակին:

Աստծուց առաջ չընկնենք, բայց մեզանից կախված ամեն ինչ անում ենք: Մասնակցելու ենք մյուս մրցաշարերին եւս եւ աշխատելու ենք հնարավորինս շատ միավոր վաստակել:

-Ինչ մրցումների մասին է խոսքը:

-Դեռ տարեսկզբից ֆեդերացիայի նախագահ Արման Սահակյանի հետ որոշել ենք, որ բոլոր կարեւոր մրցումներին, որոնք շատ միավորներ են տալիս, պետք է մասնակցենք: Այս տարի սեպտեմբերին Կմեկնենք Օմսկ, հոկտեմբերին՝ Պորտուգալիա, հետո Ֆրանսիա՝ աշխարհի գավաթի փուլ: Եկող տարի էլ կարեւոր մեկնարկների պետք է մասնակցենք:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031