Գերմանիայի վարչապետի այցը Հարավային Կովկաս արժե դիտարկել տարածաշրջանում աշխարհաքաղաքական գործընթացների ընդհանուր եղելությունների շրջանակներում։
Այս դեպքում կարեւոր հանգամանքն այն է, որ Գերմանիայի վարչապետը ԵՄ-ի դե ֆակտո ղեկավարն է եւ Հարավային Կովկասում իր կատարած քայլերն ունեն համաեվրոպական տարողունակություն։
Վաշինգտոն-Մոսկվա պարանաձգային մրցակցությունը վաղուց թափանցել էր տարածաշրջան։ Հարաբերությունների ելեւէջներին առընթեր կայուն ընթանում էր մրցակցային կամ ազդեցության գոտի պահպանել-նվաճելու գործողությունները։ Այժմ այդ պարանաձգության խաղի ընթացքում հավելյալ էներգիա ապահովելու փոխկիրառման պահին է, որ Եվրոպայի ղեկավարը ժամանում է Թբիլիսի-Երեւան-Բաքու։
Ժամանման վայրերի հաջորդականությունը ունի քաղաքական օրինաչափություն։ Հայտնաբար հաջորդականությունը ճշտվել է՝ Եվրոպա-տվյալ երկիր համարկման հարաբերությունների կարգավիճակային հարաբերությունները նկատի ունենալով։ Այսպես. Թբիլիսի- Բրյուսել կնքվել է ընդլայնված եւ խորը ասոցացման համագործակցության համաձայնագիր, Բրյուսել-Երեւան կնքվել է հատուկ ձեւաչափի հիման վրա տնտեսական նվազ բաղադրիչով համագործակցության խորը եւ համապարփակ համաձայնագիր, մինչ Բաքվի ուղղությամբ Բրյուսելը հայտարարել է, որ բանակցություններն ավարտել են, սակայն որեւէ փաստաթուղթ չի ստորագրվել։ Բրյուսելը ոչ միայն չի ստորագրել, այլ Եվրախորհրդարանը պայմաններ է առաջ քաշել՝ քննադատելով եվրոպական արժեքներին հակադրվող Բաքվի կիրառած հատկապես ներքին քաղաքականությունը։
Տարածաշրջանում Վաշինգտոն-Մոսկվա մրցակցությունում ինքնուրույն դեր վերցնելու միտված Բեռլինի եւ այս դեպքում նաեւ Բրյուսելի քայլերի շարժառիթները լուսավորում է այն, որ Մերկելը Թբիլիսիում ասել է, որ Գերմանիան չի կարող «ոչ» ասել ՌԴ-ին գազի և նավթի մատակարարման հարցում:
Նա խոսել է Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին` նշելով, որ դա, իհարկե, հնարավոր է, սակայն այդ երկրից գազի գնումն ավելի թանկ կնստի Գերմանիայի վրա: Ըստ Մերկելի` ռուսական գազն ամենամատչելին է:
Այստեղ պարզ տեսքով ասվում է, որ Գերմանիան չի ընդառաջի Մոսկվայի պահանջին՝ ռուսական տնտեսությունը բոյկոտելու առումով կամ չի միանա Մոկվայի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական պատերազմին։
Բայց, միաժամանակ հակառակ նրան, որ Թբիլիսիում Մերկելը չէր օգտագործել ՌԴ-ի կողմից օկուպացված տարածքներ եզրաբանությունը, ինչ ակնկալում էր Վրաստանի պետությունը, այնուամենայնիվ, հայտարարել էր, որ 10 տարի առաջ ինքը վճռականորեն պահանջել էր դուրս բերել ռուսական զորքը և տասը տարի անց եւս կրկին աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը։
Չմիանալով ՌԴ-ի դեմ Վաշինգտոնի հայտարարած տնտեսական բոյկոտին՝ Եվրոպայի ղեկավարը պահանջում է ռուսական զորքերի դուրս բերումը Վրաստանից։
Թվում է, որ այս պահանջը գեթ այս պահի դրությամբ դեկլարատիվ բնույթ ունի. տասը տարի առաջ հնչած միեւնույն պահանջը կրկնվում է։ Մինչդեռ ռուսական գազը տասը տարուց ի վեր շարունակում է հոսել դեպի Եվրոպա. եւ գեթ Թբիլիսիում կատարված հայտարարության հիման վրա՝ շարունակելու է հոսել։
ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր