Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի էստաֆետը hպարտությամբ փոխանցելու ենք ապագա սերունդներին. վարչապետը Հրազդանում ներկա է գտնվել վերակառուցված հուշահամալիրի բացման արարողությանը

Օգոստոս 25,2018 16:49

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հրազդանում ներկա է գտնվել Հայրենական Մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհվածների հայորդիների հիշատակը հավերժացնող վերակառուցված հուշահամալիրի բացման արարողությանը: Վարչապետը ծաղկեպսակ է դրել հուշահամալիրին և ծաղիկներ խոնարհել զոհված ազատամարտիկների շիրիմներին՝ հարգանքի տուրք մատուցելով նրանց հիշատակին:

Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հանուն հայրենիքի զոհվելու պատրաստակամությունը մարդկային գիտակցության ամենաբարձր կետն է, դրանից ավելի բարձր գիտակցություն պարզապես գոյություն չունի, բայց ինչի՞ համար են զոհվել զոհվողները, մի՞թե հանուն մահվան: Ամենևին՝ ոչ, զոհվողները զոհվել են հանուն կյանքի և ամեն զոհվողի հետ, ամեն ապրողի պատասխանատվությունն ավելի է մեծանում, ավելի է ծանրանում և ավելի է ուժեղանում: Ինչի՞ համար ենք մենք կանգնեցնում այսպիսի բարձր հուշարձաններ, արդյոք զոհվածների համար: Ես կարծում եմ՝ ոչ, ես կարծում եմ, որ այս հուշարձանները մենք կանգնեցնում ենք մեզ համար, որ ամեն օր զգանք այն պատասխանատվությունը, որ մեր ուսերին ընկել է ամեն զոհվողի հետ, որ ամեն անգամ այս բարձր և բոլոր կողմերից երևացող հուշարձանների մոտով անցնելիս և նրան նայելիս վերգտնենք մեր ամոթը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք մեր խիղճը, եթե մի պահ կորցրել ենք այն, վերգտնենք արդարությունը, եթե հանկարծ պարզվի, որ անարդարություն ենք գործել, գիտակցենք մեր սխալը, եթե պարզվի՝ սխալ ենք գործել, հայցենք ներողություն, եթե որևէ մեր հայրենակցի, որևէ մարդու նկատմամբ անարդար ենք վարվել, ուժեղանանք, եթե որևէ տեղ թուլություն ենք ցուցաբերել, հպարտանանք, եթե որևէ տեղ նսեմացել ենք և ի վերջո ժպտանք, որովհետև այս մարդիկ զոհվել են ոչ թե հանուն մահվան, այլ հանուն կյանքի: Այս մարդիկ չեն զոհվել դժբախտություն բերելու համար, այս մարդիկ զոհվել են երջանկություն բերելու համար և նրանք երջանկություն բերելու համար արել են իրենցից կախված առավելագույնը և մենք պետք է անենք երջանկություն բերելու համար մնացած անհրաժեշտը: Եվ այսօրվա մեր իրականությունը հենց դրա մասին է, որովհետև մենք, այո, այսօր Հայաստանի Հանրապետությունում կարող ենք ասել, որ մեր ուսերին ենք վերցրել այն պատասխանատվությունը, մեր ուսերին ենք վերցրել այն կիսատը, որ կիսատ մնաց ամեն զոհվածի կյանքը ընդհատվելու հետ: Եվ որևէ կասկած չկա, որ մենք այս բարձր հուշարձանները կանգնեցնում ենք ապագայի առաջ մեր ունեցած պատասխանատվությունը զգալու համար, և որևէ կասկած չկա, որ այդ պատասխանատվությունն անընդհատ մեր աչքի առաջ է, որովհետև այս հուշարձանները ոչ միայն մեր տեսադաշտում են, այլև մեր հոգու, մեր գիտակցության մեջ: Եվ ուրեմն, ամեն առավոտ մենք խոնարհվում ենք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո մենք պատասխան պետք է տանք այս հուշարձանների առաջ, ամեն երեկո, ամեն առավոտ մենք պետք է կանգնենք այս հուշարձանների առաջ և պատասխան տանք մեր արածների և չարածների համար: Եվ այսօրվա միջոցառումը նրա մասին է, որ մեր արածները պետք է ավելի շատ լինեն, քան մեր չարածները և այդպես ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ: Ինչո՞ւ ենք մենք ապրում. մենք ապրում ենք, որովհետև պատասխանատվություն ունենք մեր անցյալի, մեր ապագայի առաջ, մենք ապրում ենք, որովհետև այսօր հպարտ և վստահ կրում ենք այդ պատասխանատվությունը և մենք այսօր այստեղ ենք, որովհետև գիտենք, որ այդ պատասխանատվությունը կրելու ենք բարձր մակարդակով և հպարտությամբ խոնարհվելու ենք մեր բոլոր զոհերի, մեր բոլոր նահատակների առաջ և ազատ, երջանիկ և հզոր Հայաստանի էստաֆետը հպարտությամբ փոխանցելու ենք մեր ապագա սերունդներին:

Եվ ուրեմն, կեցցե´ ազատությունը, կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը, կեցցե´ն մեր երեխաները, որ ապրում են և ապրելու են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Հուշահամալիրը վերակառուցվել է Ազգային ժողովի պատգամավոր, «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար Սասուն Միքայելյանի նախաձեռնությամբ:

ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031