Ուզում ենք գիտակցել թե ոչ, բայց մեր ժողովուրդը թևակոխել է պատմական մի նոր փուլ, որի պարզամիտ ընկալումը տանում է պարզունակ աղետի:
Տիգրան Հայրապետյան
Աղետ դրսում
Նիկոլ Փաշինյանի (կառավարություն ասվածը հարաբերական է, որովհետև Փաշինյանը գործադիր իշխանության դե ֆակտո միակ կրողն է և միակ որոշում կայացնողը) պաշտոնավարման մեկնարկից հարյուր օր անց լրջորեն խախտված է Հայաստանի արտաքին քաղաքական հարացույցը, շիլաշփոթի են վերածված մեր առաջնահերթությունները։ Չնայած երկրի վարչապետի կողմից հնչող հախուռն հայտարարություններին, այս ընթացքում նրան հաջողվել է աննախադեպ լարել հարաբերությունները մեր ռազմաքաղաքական թիվ 1 դաշնակից Ռուսաստանի հետ, և այդ գործընթացը կարծես կանգնելու միտում էլ չունի։
Եվրոպական ուղղությամբ որևէ առաջընթաց չկա, չկան ԵՄ-ի կողմից մեր երկրին աջակցության ծրագրերի ավելացման միտումներ, իսկ վերջին հանրահավաքի ժամանակ հնչած անհավասարակշիռ հայտարարությունները չեն կարող տարակուսանքի ու մտահոգության ալիք չառաջացնել ԵՄ-ում և ԵԽ-ում՝ կասկածի տակ դնելով մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունները ժողովրդավարության և այլ ուղղություններով։
Ամերիկյան ուղղությամբ մինչ օրս չկա որևէ տեսանելի շարժ՝ այդ հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու ուղղությամբ, իսկ ենթադրյալ ամերիկյան ներդրումները չկան։ Փոխարենը, կա ԱՄՆ դեսպանի չքողարկված ազդակն առ այն, որ Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումները փորձաքար են լինելու։
Արցախի հիմնախնդրի ուղղությամբ Նիկոլ Փաշինյանի կողմից առ այսօր արված իրարամերժ ու դիվանագիտորեն լավ չմտածված հայտարարությունները մատնում են վարչապետի՝ հակամարտության դիվանագիտական կարգավորման վերաբերյալ ունեցած հախուռն ու անպատասխանատու, իսկ քաղաքական ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ անգամ հնարավոր աղետաբեր պատկերացումների մասին։ Նույն ժամանակ, ըստ գնահատականների, լայնածավալ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը այսօր արդեն շատ բարձր է։
Ստացվել է այնպես, որ ընդամենը 100 օրերի ընթացքում Հայաստանը հետևողականորեն հեռացել է հին դաշնակիցներից՝ ձեռք չբերելով համարժեք նորերը, ավելացրել է մեր երկրի ու Արցախի շուրջ առանց այդ էլ առկա մարտահրավերները` ստանալով այդ մարտահրավերների մի այնպիսի կատարյալ ռեբուս, որի հանգուցալուծման հարցում Հայաստանի ներգործության հնարավորությունները գնալով միայն նվազում են։
Աղետ հիմքերում
Հակապատերազմական վիճակում գտնվող երկրի զինված ուժերում ունենք զինծառայողների իսկապես նախանձելի սերունդ և սպայական ու գեներալական հրամկազմ, որի հավաքական կերպարը հետևողականորեն հեղինակազրկվում է հարուցված ու հարուցվող քրեական գործերի տարափի ու դրա շուրջ կառավարության թեթևամիտ, մեկօրյա կյանք ունեցող էժանագին PR-ի արդյունքում։ Քանի՞ կոպեկ արժեն հրապարակային կոչերը փառահեղ հրամկազմի մասին, երբ այդ հրամկազմի մի զգալի մասը քրեական գործերով դառնում է «հեռուստաաստղ» կա՛մ որպես մեղադրյալ, կա՛մ որպես վկա։ Անպատասխանատվության կամ չիմացության ինչպիսի՞ աստիճան պետք է ունենալ` չհասկանալու համար, որ Աստված մի արասցե, վերահաս պատերազմի պարագայում, մեր քաջարի զինվորներին սխրագործության մղելու են հենց այդ սպաներն ու գեներալները, որոնք այսօր մեկը մյուսի հետևից դառնում են հարուցվող քրեական գործերի հրապարակային դերակատարներ։ Սպառազինության մատակարարման հարցում ՌԴ-ի հետ առաջացող անփուսափելի խնդիրները և հարցերի հարցի՝ հայկական զինված ուժերի կողմից գործող քաղաքական իշխանության գագաթի՝ ակնհայտորեն անլուրջ ընկալումը մտահոգությունների մի այնպիսի զամբյուղ են կազմում, որն աղետ է գուժում։
Տնտեսության մասով ունենք ընկալումների առաջընթաց` հիմա արդեն տնտեսության հետ հեռավոր կապ ունեցող մտքեր են սկսել հնչել: Այս արագությամբ ինչ-որ մի պահի հնարավոր է հասնել մի վիճակի, երբ վիճակագրական ընթացիկ արձանագրումները մակերեսային անհիմն գլուխգովանության փոխարեն կծառայեն առաջ եկող աղետաբեր տողատակերը հասկանալու խնդրին: Ինչ-որ պահի կհասկացվի, թերևս, թե վախեցած կապիտալի սպասողական կամ փախուստային տրամադրությունը չերևացող ինչ աղետ է ցանկացած քաղաքական իշխանության համար: Միևնույն ժամանակ, դեռ տաս ամիս էլ «սպիտակող» տնտեսությունը ֆեյք տնտեսական աճ ու զբաղվածության աճ է արձանագրելու ու մարդիկ չեն հասկանալու, որ եթե աճ կա, բա ինչու՞ են շրջապատում գործազուրկներն ավելանում, առևտուրը դանդաղում կամ ճաշի սեղանի պարունակությունը նվազում: Կգա մի պահ, ու ինչ-որ մեկը ստիպված կլինի բացատրել այս ամենը:
Աղետ ուղեղներում
Այս ողջ ընթացքում ունենք կազմակերպված ու հետևողական հարձակում հայ առաքելական եկեղեցու ուղղությամբ, վերջինիս աննախադեպ ու հետևողական վարկաբեկում, այդ արշավների կազմակերպիչների պետական բացահայտ խրախուսում, ոչ ավանդական եկեղեցիների ու աթեիզմի բացահայտ քարոզչություն, և իհարկե, քաղաքական իշխանության քար լռություն ու ոչ մի գործողություն՝ «եկեղեցին պետությունից անջատ է և պետք չէ միջամտել եկեղեցու հարցերին» դեմագոգիկ լոզունգի անհամոզիչ փաթեթավորմամբ։
Ունենք կազմակերպված խմբերի կողմից զանգվածային լրատվության միջոցներում ու հատկապես սոցիալական ցանցերում հետևողականորեն թիրախավորում արժեքային ուղղություններով: Սոցիալական ցանցերում այլատյացության, ատելության, վիրավորանքի ու թշնամության աննկարագրելի, աննախադեպ քարոզչություն է տարվում ու կրկին՝ քաղաքական իշխանության քար լռություն. ո՛չ մի գնահատական, ո՛չ մի սթափեցնող կոչ, ո՛չ մի գործողություն։
Իսկ իշխանությունների կողմից հասարակությունը հեղափոխականների ու հակահեղափոխականների բաժանելու անպատասխանատու հայտարարությունները, ատելության, վիրավորանքի, ու հայհոյանքի կազմակերպված քարոզչությունը, երկրի օրենսդիր ու դատական իշխանություններն, ըստ էության, օրենքից դուրս հայտարարելը, «հակահեղափոխություն չի լինելու» բոլշևիկյան իմաստազուրկ կարգախոսով պարուրվելն ու զուգահեռ մի բուռ ժողովրդի ներսում բաժանարար վտանգավոր գծեր քաշելն աղետ է դառնում արդեն լրիվ այլ հարթությունում։
Աղետից անդին
Մի՛ ստեղծեք նոր բաժանարար գծեր, պարոնա՛յք: Քանդե՛ք արդեն իսկ լիուլի ստեղծածները: Անցյալը ներկայից անջատող գիծ չքաշելը, ապագայի ճանապարհը միայն անցյալը քչփորելու մեջ տեսնելը, չգրված օրենքներն այդպես բուռն արհամարհելը ոչ այլ ինչ են, քան փախուստ իշխանությունից: Զգացե՛ք ձեզ իշխանություն, պարոնա՛յք, որ առաջնորդ լինեք բոլորին ու միգուցե հեռավոր մի կետում աղետը շրջանցելու լույս հայտնվի:
ԱԺ պատգամավոր՝ Կարեն Բեքարյան
ԱԺ պատգամավոր՝ Միհրան Հակոբյան
ԱԺ պատգամավոր` Արման Սաղաթելյան
ԱԺ պատգամավոր՝ Սամվել Ֆարմանյան
Ա «Առավոտը» պատրաստակամ է հրապարակել պատգամավորների տեսակետի հետ բանավիճող ցանկացած հոդված:
«Առավոտ» օրաթերթ
ԿԱՐԾԻՔ
«Աղետ դրսում» բաժնի մասին – Ընդհանրապես, ռեալպոլիտիկները չպետք է համարել քարացած վիճակներ: Ցանկացած հակամարտող կողմ փորձում է կիրառել մարտավարական մանյովրներ՝ ռեալպոլիտիկն իր օգտին մի փոքր ճկելու համար:
«Աղետ հիմքերում» բաժնի մասին – Եթե բանակում կատարվել են չարաշահումներ և նոր կառավարությունը դրանք ջրի երես է հանում, ապա դա չի նշանակում, որ մեր քաջարի զինվորներին սխրագործության կարող էին մղել միայն այդ կոռումպացված սպաներն ու գեներալները: Մեր բանակում ազնիվ, խելացի ու նվիրյալ շատ սպաներ կան, որոնք սիրված են զինվորների կողմից: Այ հենց նրանք կարող են ճիշտ ու սրտացավ առաջնորդել մեր զինվորներին և խելացի ձևով կազմակերպել մեր երկրի պաշտպանությունը (իսկ զինվորներին սխրագործության մղել պետք չէ, սխրագործության թող գնան անօրինական ճանապարհով միլիոնավոր դոլլարներ կուտակած մարդիկ՝ իրեց միլիոնները փրկելու համար):
«Աղետ ուղեղներում» բաժնի մասին – Հասարակությանը հեղափոխականների և հակահեղափոխականների բաժանելուն ամենաշատը նպաստել է ՀՀԿ-ն, քանի որ անցած տարիների ընթացում այնքան աղքատացրեց ժողովրդին և կեղծեց ընտրությունները, որ հուսահատված մարդիկ համախմբվեցին Նիկոլի շուրջը, որպեսզի նրա առաջնորդությամբ հեղափոխեն իրենց հին կյանքը: Իսկ ովքեր դիմադրում են այդ փոփոխություններին և հակառակ քայլեր են անում, որպեսզի պահպանեն հինը, բնականաբար կոչվելու են հակահեղափոխականներ:
«Աղետից անդին» բաժնի մասին – Պարոնայք հոդվածագիր պատգամավորներ, այս հեղափոխությունը միակ փրկօղակն էր՝ ՀՀԿ-ի 20-ամյա իշխանության արդյունքում առաջացած ԱՂԵՏԻՑ ԱՆԴԻՆ: