Ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Տրասինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն, Հայաստանի ազգային հերոս Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» (հեղինակ՝ Ուիլյամ Չ. Ռեմփել) և քաղաքագետ, Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանի «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքերը ներկայացվեցին Կապանում: Երկու հետաքրքրական գրքերի շնորհանդեսն անցկացվեց Կապանի դրամատիկական թատրոնում: Միջոցառումը նախաձեռնել էին «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն և «Սյուն» գրախանութների ցանցը:
Միջոցառման մեկնարկին Կապանի քաղաքապետ Նարեկ Ղահրամյան ողջունեց ներկաներին՝ ուրախություն հայտնելով, որ իրենց քաղաքում անցկացվում է նմանատիպ իրադարձություն: «Հաճելի է շնորհանդեսին տեսնել երիտասարդներին, ուրախալի ու ոգեշնչող է, որ նրանք հետաքրքրված են գրքերով: Հուսով եմ, որ այսպիսի միջոցառումներ հաճախակի կկազմակերպվեն մեր քաղաքում»,-նշեց Կապանի քաղաքապետը:
«Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր-նախագահ Մկրտիչ Կարապետյանը ներկաներին տեղեկացրեց, որ «Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքի առաջին շնորհանդեսն անցկացվում է հենց Սյունիքում:
«Հեղափոխությունը դեռ չէր ավարտվել, Նիկոլ Փաշինյանը վարչապետ չէր ընտրվել, ծնվեց նման գիրք ստեղծելու գաղափարը: Մտածում էի՝ ով կարող է լավագույն ձևով ներկայացնել իրադարձությունները: Եվ առաջարկեցի Ստեփան Գրիգորյանին գրել գիրքը: Գիրքը լույս է տեսնում նաև այլ լեզուներով և նպատակն այն է, որ աշխարհը ճանաչի, թե մենք ով ենք, գնահատի մեր արածը»,-նշեց Մկրտիչ Կարապետյանը: Նա նաև տեղեկացրեց, որ Քըրք Քըրքորյանի մասին պատմող «Խաղացողը» ռուսերեն էլ է թարգմանվելու, ինչպես նաև ներկաներին պատմեց հրատարակչության առաջիկա ծրագրերի մասին:
«Խաղացողը. Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարարը» անգլերեն գիրքը լույս է տեսել 2018 թ. հունվարի 23-ին: Գրքի թարգմանիչներն են Ալինա և Աննա Միրզոյանները: Այս հափշտակող կենսագրականի մեջ հետաքննող լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը, խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր և ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:
«Հայկական թավշյա հեղափոխություն»-ը գրքում ներկայացվում է վերջին մի քանի տարիներին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը, ինչպես նաև՝ երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացների ժամանակագրությունն ու վերլուծությունը՝ սկսած 2018 թ. մարտի 31-ից, (երբ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իր կողմնակիցների հետ Գյումրի քաղաքի կենտրոնական Վարդանանց հրապարակից սկսեց քայլարշավը մինչև Երևան), մինչև մայիսի 8-ը, երբ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետ:
Մամուլի հաղորդագրություն