Հասարակական օրգանիզմների մեծ մասը չի կարող գոյատեւել առանց աստիճանակարգի (հիերարխիայի)՝ սկսած պետական բոլոր հաստատություններից, վերջացրած մասնավոր ընկերություններով՝ լինեն դրանք մեծ կորպորացիաներ, թե փոքրիկ կրպարկներ: Ամեն դեպքում այնտեղ պետք է լինեն «շեֆեր», «ենթաշեֆեր», «ստոորադասներ», «ենթաստորադասներ» եւ այլն:
Մարդկության մի մասը երազում է լինել ինչ-որ բանի «շեֆ», հրահանգներ տալ, հետեւել դրանք կատարմանը, նկատողություններ անել եւ պատժել հրահանգները չկատարելու համար: Դա չեմ նշում որպես բացասական երեւույթ՝ «շեֆությանը» ձգտող մարդկանց մեջ հաստատ կան ե՛ւ տաղանդավոր, եւ պարկեշտ մարդիկ՝ խոսքն ընդամենը բնավորության առանձնահատկության մասին՝ ունի՞ մարդը լիդերի հակումներ, թե՞ չունի: Իհարկե, «շեֆերի» մեծ մասն իր գլխին դարձյալ «շեֆեր» ունի եւ ստիպված է կատարել նրան՛ց հրահանգները ու լսել նրա՛նց նկատողությունները: Բնականաբար, նման խառնվածք ունեցող մարդկանց նպատակն է՝ հրամայել հնարավորինս շատ մարդկանց եւ կատարել հնարավորինս քիչ մարդկանց հրամանները:
Իշխանության ձգտման եւ դրա պահպանման ջանքերի մեջ այդ խառնվածքի բաղադրիչն, անշուշտ, կա: Անկախ հայտարարվող նպատակներից, մարդիկ պետք է ունենան «շեֆության» անելու, ղեկավարելու ձգտում, այլ կերպ ասած՝ առաջնորդի հատկություններ: Դա վերաբերում թե՛ լեգիտիմ, եւ թե՝ ոչ լեգիտիմ, թե՛ սիրելի, ե՛ւ թե ատելի իշխանությանը: Իհարկե, հատկապես 18-րդ դարից հետո բազմաթիվ երկրների իշխանավորներ հայտարարում էին եւ շարունակում են հայտարարել, թե իրենք իշխելու ոչ մի ցանկություն չունեն, ընդամենը ծառայում են ժողովրդին եւ այլն: (Ստալինը, Հիտլերը, Պոլ Պոտը նույնն էին ասում): Բայց եթե մի կողմ թողնենք պոպուլիզմն ու դեմագոգիան, ապա անհերքելի է այն փաստը, որ «նաչալնիկներ» դառնում մարդիկ, որոնք ունեն նման ձգտում (թեկուզ նախկինում չբացահայտված), նրանք, ովքեր հաճույք են ստանում հրամաններ տալուց եւ ստորադասներին «գորգի վրա» կանչելուց: Եվ որքան երկար են մարդիկ մնում իշխանության, այնքան շատ է դա նրանց «կայֆ տալիս»:
Հնարավո՞ր է արդյոք այդ ամենից խուսափել, այսինքն՝ ստիպված չլինել հրամաններ տալ եւ կատարել: Մեծ հաշվով՝ ոչ, եթե, իհարկե, դու անմարդաբնակ կղզում չես ապրում: Բայց, համաձայնեք, խնձոր աճեցնող մենատնտես գյուղացին, երաժշտություն գրող կոմպոզիտորը, աթոռ սարքող անհատ արհեստավորն ավելի քիչ են ներգրավված այդ հարաբերությունների մեջ: Ընտանիքում նույնպես հնարավոր է խուսափել «շեֆ-ստորադաս» կարգից, էլ չասած, որ աշխարհում կան բազմաթիվ կրոնական եւ ոչ կրոնական համայնքներ, որոնք դարձյալ զերծ են մնում հիերարխիկ կառուցվածքից: Մի խոսքով, եթե մարդն ուզում է ազատ ապրել, նա ձեւն անպայման կգտնի:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Գայլն ու ոչխարը տարբեր կերպ են հասկանում «ազատություն» բառը: Դրանում է տարակարծության էությունը, որն իշխում է մարդկային հասարակության մեջ:» Աբրահամ Լինքոլն
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2018/08/16/975574/
© 1998 – 2018 Առավոտ – Լուրեր Հայաստանից
Սովորական մարդը հանգիստ իրավունք ունի ոտքը ոտքին գցի ու նստի, իսկ թագավորն ու թագուհին այդ իրավունքը չունեն, ժողովուրդներն էլ են լինում սովորական ու թագավորական՝ եթե մենք թագավորական ժողովուրդ ենք, ուրեմն պետք է օրինակ լինենք սովորական ժողովուրդների համար ու շատ ու շատ իրավունքներից, որոնք ունեն սովորական ժողովուրդները, ինքնակամ հրաժարվենք, սա կոչվում է հայ գաղափարախոսություն կամ նույնն է՝ հայ կրոն կամ նույնն է՝ հայ մարդու կարգուկանոն, որը ծնված օրվանից պետք է ներարկվի երեխային: Ե՞րբ են մեր հոգեւորականները իրենց հոգեւոր հեղափոխությունն իրագործելու՝ հայն առանց հայ կրոնի հայի տեսակ չի կարող պահպանել:
բա “շեֆ ջան” արտահայտությունը ինչ լավ կայֆ ա տալիս (:(:(: Իսկ առավոտում շեֆ չկա ???