Սակայն ամեն ինչ այնքան էլ այդպես չէր, ինչպես թվում էր, թե պիտի լինի, քանի որ նորածին երեխան բոլորովին էլ կարիք չուներ, որ իրեն տաճար տանեին, այլ ինքն էր տաճարն արդեն…
Եվ որովհետեւ լույս աշխարհ գալուց անմիջապես հետո, երբ տատմերը սրբում է նրա աչքերի փառը, նորածինն անմիջապես զարմանում է, թե ովքեր են այս մարդիկ, որ շրջապատել են իրեն, եւ հաստատ այնպիսի հավակնությամբ, թե ինքը միշտ կար, իսկ մյուսները չկային եւ զարմանում, թե որտեղից հայտնվեցին:
Ու այդպես ծնվում է ինքնիշխան, ինքնատաճար եւ ինքնասիրահարված մարդը, որ ի սկզբանե զարմանա ուրիշների տարօրինակ ներկայության համար:
Այնինչ նորածինը, թերեւս ինչպես ծառը, ոչինչ չի հիշում իր մասին եւ չի ենթադրում նաեւ այն մեծագույն գաղտնիքը, որն իր հետ աշխարհ է բերել: Մի տարաշխարհիկ հանելուկ, որը հայտնվում է ոչ թե, որ ճանաչենք ու հասկանանք, այլ որ միշտ լինի, մնա փակ ու շարունակ հանգիստ չտա մեզ:
Եվ անճանաչելությունն այդ մարդկանց այնքան է հեռացնում իրարից, որ նրանք սկսում են բարեկամություն փնտրել Աստծո հետ, որպեսզի հետո խաչեն Նրա Որդուն: Քանի որ չէին կարողանում հաղթահարել իրենց ներսի վախն ապրողների մեջ եւ հաստատումն իրենց փնտրում էին անցյալի մարտադաշտերում` որպես թե եկել են այնտեղից եւ եկել են հաղթական:
Եվ այդ չհաղթահարված վախն է նշանը, որ մարդիկ բաժանվում են խմբերի՝ ընդդեմ եւ հանուն: Ու երբ սրճարաններում տեսնում ես քո ծանոթներին, բարեւելուց հետո ուզում ես հարցնել` ներեցեք տղերք, այս անգամ ո՞ւմ դեմ եք սուրճ խմում…
Այո, գրեթե համոզված եմ, որ դա այդպես է, լույս աշխարհ եկող երեխան միշտ զարմանում է` տեսնելով իրեն շրջապատողներին, չէ՞ որ ինքը միշտ կար, իսկ շրջապատողները չկային: Եվ որովհետեւ չկային, ուրեմն ինքն է կենտրոնը եւ տաճարն է ինքը:
Ափսոս…
Նա, ում մոտ երբ խոսում ես Արարատ լեռան շքեղ գեղեցկության մասին, կամ հիանում ես Մոնա Լիզայի հմայքով, վիրավորվում է, որովհետեւ իրենով հիանալու փոխարեն հիանում ես Արարատով:
Ափսոս դարձյալ ու կրկին:
Կամ գուցե հրաշալի է, որ այդպիսին է մարդու բնությունը: Մարդուն եւ մարդկանց, որոնց ես իմ կյանքի ընթացքում պատիվ եմ ունեցել ճանաչելու, տեսել ու հասկացել եմ նրանց թաքուն մղումները, ովքեր իրենց վախը չէին հաղթահարել եւ մնում էին անվերջ նորածին…
Այնինչ մեր՝ արդեն չզարմացողներիս աշխարհը նոր եկող երեխան ինքը տաճարն է: Եվ Աստված ծնվել է իր հետ, եւ այդպես ամեն անգամ նոր ծնվող երեխայի հետ նորից ծնվում է Աստված…
ՄԵՐՈՒԺԱՆ ՏԵՐ-ԳՈՒԼԱՆՅԱՆ