«Առավոտի» զրուցակիցն է Արցախի նախագահի
խորհրդական Տիգրան Աբրահամյանը
– Մամուլում հրապարակումներ եղան, որ Արցախում են եղել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը: Նրանք հանդիպում-քննարկում են ունեցել Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ: Մի փոքր կգաղտնազերծե՞ք, երեք նախագահների հավաքի «ինֆորմացիոն առիթը» ո՞րն էր, ի՞նչ մտահոգություններ են ունեցել նախագահները, ի՞նչ հարցեր են քննարկել:
– Ճիշտն ասած ինձ լիազորված չեմ համարում մեկնաբանելու նմանատիպ այցերը, բայց չեմ կարծում, որ դրանց պետք է ինչ որ խորհրդավոր երանգներ հաղորդել:
Արկադի Ղուկասյանն Արցախի նախկին նախագահներից է, Սերժ Սարգսյանը՝ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահը: Անկախ նրանց քաղաքական գործունեության հետ կապված տարբեր մոտեցումներից, երկուսն էլ կանգնած են Արցախյան շարժման, բանակաշինության ակունքներում: Ավելին, տարօրինակ կդիտվեր, եթե նրանք Արցախ չայցելեն:
– Այս հարցը արծարծվում էր հատկապես այն համատեքստում, որ որոշ ուժեր Արցախը փորձում էին ներկայացնել որպես հակահեղափոխական հարթակ: Ինչպե՞ս կգնահատեք այս միտումները:
– Եթե մեկ բառով՝ շատ վտանգավոր: Նկատելի է, որ որոշ խմբեր փորձում են Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններն օգտագործել սեփական անբիցիաների բավարարման, մեր ժողովրդի՝ արցախյան եւ հայաստանյան հատվածում ապրող մարդկանց միջեւ թշնամություն սերմանելու, ստեղծված էմոցիոնալ դաշտը՝ բացասական լիցքերի մասով ուղղորդելու՝ առաջին հայացքից Արցախի իշխանությունների, սակայն իրականում Արցախի դեմ:
Ակամայից կամ միգուցե միտումնավոր, վերջին մի քանի ամսում Արցախի մասին մեծ թվով ապատեղեկատվություն հոսեց դաշտ, որը անվտանգության սպառնալիք է ոչ միայն Արցախի, այլ նաեւ Հայաստանի համար: Մենք անվտանգության միեւնույն համակարգում, նույն հայրենիքի տարբեր հատվածներ ենք. Արցախի դեմ ներքին կամ արտաքին ոտնձգությունները հարված են եւ Արցախին, եւ Հայաստանին:
Առանց ուժեղ Հայաստան չկա ուժեղ Արցախ եւ հակառակը: Արցախը բացառապես պետք է դիտել որպես միասնության, համերաշխության, համախմբվածության հարթակ:
– Ինչպիսին է Արցախի ներքաղաքական իրավիճակը, արդյո՞ք արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն է առաջացել, ինչպես 1-2 ամիս առաջ ներկայացնում էին որոշ գործիչներ:
– Արտահերթ ընտրությունների առաջ քաշումը կեղծ օրակարգ է, որը հանրային աջակցություն չունի: Իրականում այն պահից սկսած, երբ նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին չի մասնակցելու, քաղաքական դաշտում որոշակի աշխուժություն նկատվեց:
Իրականում նույնիսկ արտահերթ ընտրությունների մասին խոսող գործիչները գիտակցում են, որ այս պահին դրա նպատակահարմարությունն ու անհրաժեշտությունը չկա, իսկ նրանց գործունեությունն ավելի շատ ուղղված է 2020 թվականի համապետական ընտրությունների նախապատրաստմանը:
Տպավորության կա, որ որոշ ուժեր ժամանակից շուտ ընտրական կամպանիա են սկսել: Դա է միգուցե պատճառը, որ կողքից այդ ակտիվությունը որպես արտահերթ կամ ստանդարտից դուրս գործընթացի մեկնարկ է դիտվում:
– Իր հրավիրած հանրահավաքում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց իր մոտեցումը`Արցախը բանակցային սեղան վերադարձնելու մասին, ինչը Ադրբեջանում ջղաձգումների տեղիք էր տվել: Այս հայտարարություններն արդեն գործնական փուլ մտնո՞ւմ են, պատշաճ դիվանագիտական խողովակներով այս հարցերն արդեն կարգավորման փուլ մտնում ե՞ն:
– ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ գործնական փուլ մտնելու կամ դիվանագիտական խողովակներով աշխատանքներ տանելու վերաբերյալ առավել հստակ կարող են մեկնաբանել այն կառույցները, որոնք օժտված են այդ լիազորություններով:
Ինչ վերաբերում է Արցախը բանակցությունների սեղան վերադարձնելու մասին հայտարարությանը, ապա այո, դա առաջնահերթություն է, առանց որի անհնար է խոսել գործընթացում էական տեղաշարժերի մասին:
Ադրբեջանի ջղաձգումները սպասելի էին, որովհետեւ դրանք մշտապես դրսեւորվել են այս հարցով մեր կողմից հնչեցվող նմանատիպ հայտարարությունների ժամանակ:
– Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարություններին ԵԱՀԿ Մինսկի խմբից եւս արձագանք չեղավ. տեղեկություններ ունե՞ք համանախագահ երկրներն ի՞նչ վերաբերմունք ունեն այս ամենին:
– Կարծում եմ՝ համանախագահները լիարժեքորեն կիսում են այն մոտեցումը, որը բանակցությունների արդյունավետության հիմքում Արցախի լիարժեք մասնակցության հարցն է, սակայն հասկանալի է, որ նրանք այս պահին չեն անի այնպիսի հայտարարություններ, որոնք մի քանի կետով կողմերին հետ կմղի տեսականորեն առկա հանդիպման հնարավորությունից:
– Ադրբեջանում ՌԴ դեսպանը վերջերս խոսել էր բանակցային գործընթացում առաջընթացի մասին. բանակցությունները վերսկսվե՞լ են, արդյունքներ կա՞ն:
– Իսկ Ադրբեջանը պատրաստ է՞ դրան: Միանշանակ ոչ: Միայն հայկական կողմերի պատրաստակամ լինելն Ադրբեջանին չի կարող վերադարձնել բանակցությունների սեղան:Նախ պետք է կողմերի միջեւ վստահություն ստեղծել, ապա նոր մտածել բանակցությունների հնարավոր վերսկսման մասին: Ներկայումս այս ուղղությամբ Ադրբեջանը ոչ մի քայլ չի իրականացնում, դա է պատճառը, որ պատասխանս մի փոքր հոռետեսական ստացվեց:
– Մեր նախորդ զրույցներից մեկում մտավախություն էիք հայտնել պատերազմական գործողությունների վերսկսման մասին, նման մտահոգություններ հնչեցին նաեւ Արցախի հասարակական շրջանակներից, նման մտավախությունների մասին խոսվում է նաեւ Հայաստանում, անգամ ժամկետներ են մատնանշվում: Պատերազմի վերսկսման վտանգը դեռ կա՞, աշխարհաքաղաքական իրավիճակի լարումը տարածաշրջանում մեծացնո՞ւմ է այդ վտանգը, թե՞ հակառակը:
– Պատերազմի վտանգ միշտ կա. ինչ որ փուլում դրա հավանականությունը ավելանում է կամ նվազում:Մինչեւ հարցին առավել հանգամանալից անդրադառնալը մի նկատառում. մեր հասարակության որոշ խմբեր սկսել են մի փոքր նյարդային արձագանքել պատերազմի կամ հակառակորդի ակտիվության մասին մեկնաբանություններին:
Չգիտես թե ինչու կեղծ օրակարգ է առաջ եկել. ով ասում է, որ պատերազմի հավանականությունը մեծ է՝ որակվում է «հակահեղափոխական», ով հակառակը՝ «հեղափոխության համակիր»: Շատ շատ վտանգավոր միտում է ոչ միայն հասարակությունը «մենք»-ի եւ «դուք»-ի բաժանելու առումով, այլ իրավիճակի մասին սթափ գնահատականները հասարակությանը փոխանցելու առումով:
Ընդ որում, ռազմաքաղաքական բարդ իրավիճակի մասին գնահատականներ հնչեցրել է նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչը խոսում է այն մասին, որ վարչապետը իրավիճակի մասին անհրաժեշտ տեղեկատվություն, վերլուծություն ստանում է: Իսկ թե որն է՞ հասարակության որոշ խմբերի՝ իրավիճակի ակտիվացման մասին հայտարարություններին անհամաչափ արձագանքելը, բարդ է ասել:
-Ի՞նչ հիմքեր կան իրավիճակի ակտիվացման անխուսափելիության մասին բարձրաձայնվող կարծիքներում:
-Առաջին, բանակցությունների բացակայությունը: Երկրորդ`Ադրբեջանի կողմից շարունակվող սպառազինության մրցավազքը: Երրորդ` Ադրբեջանի քաղաքական, ռազմական ղեկավարության ամենաբարձր մակարդակով հարցը ռազմական ճանապարհով լուծելու շարունակական հայտարարությունները: Չորրորդ` չընդհատվող հայատյացության, ատելության ու պատերազմ սկսելու անհրաժեշտության մասին ակտիվ քարոզչությունը: Հինգերորդ` արտերկրի լոբբիստական խմբերի, փորձագետների, լրատվամիջոցների, առանձին լրագրողների հետ տարվող աշխատանքները՝ իրավիճակը Ադրբեջանի համար նպաստավոր լույսի ներքո ներկայացնելու վերաբերյալ: Վեցերորդ` տարբեր զորատեսակների մասնակցությամբ եւ տարբեր մասշտաբների զորավարժությունները (նաեւ առաջնագծին բավականին մոտ հատվածներում): Յոթերորդ`լրատվական դաշտի նախապատրաստումը, որն արտահայտվում է մի կողմից հակառակ տեսակետն արտահայտող, երկրի ու հատկապես զինված ուժերի մասին պաշտոնական տեսակետը չկիսող լրագրողների, սոցիալական ցանցի ակտիվ օգտատետերի նկատմամբ հաշվեհարդարից՝ մինչեւ լրատվական դաշտի կենտրոնացում` մեկ կենտրոնից տեղեկատվությունը փոխանցելու, եղածը ֆիլտրելու օրենսդրական հնարավորությունների ստեղծում: Շարունակելի…
Մի խոսքով, մեծ թվով գործոնների համադրումն ու ամենակարեւորը՝ ուղիղ տեքստով Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները հարցի՝ ռազմական ճանապարհով լուծելու նպատակահարմարության մասին, թույլ են տալիս իրավիճակին առավել կոշտ գնահատականներ հնչեցնել:
Մեկ ոչ պակաս կարեւոր նկատառում եւս. Ադրբեջանական կողմից՝ խորհրդարանական, փորձագիտական, պաշտոնական հարթակներից առավել ակտիվ սկսվել է շրջանառվել այն թեզը, որ Ադրբեջանն ունի օրինական հիմքեր Արցախի հարցը պատերազմական ճանապարհով կարգավորելու համար:
Այսինքն՝ Ադրբեջանը նախապես փորձում է լեգտիմացնել հարցի ռազմական ճանապարհով լուծման անհրաժեշտությունը եւ հնարավոր բոլոր հարթակներում անընդհատ այս գիծն առաջ է մղում:
Քարոզչական ողջ ապարատն ընկած է բոլոր հնարավոր ուղղություններով այս թեզը զարգացնելու, տարատեսակ «հիմնավորումներ» ներկայացնելուն: Եվ եթե նախկին ակտիվացումների ժամանակ ադրբեջանական կողմի գործողությունները ներկայացվում էին որպես հակահարված, այսպես կոչված, «հայկական ագրեսիայի զսպում», ապա այժմ պատերազմի քարոզչության ու հնարավոր ագրեսիայի մասին առավել ուղիղ է հայտարարվում:
Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
«Առավոտ»
24.08.2018