Այնպիսի կարծիք է ձեւավորվել, որ լավն ու առաջավորը պետք է փնտրել միայն մայրաքաղաքում: Սակայն այցելելով Կարբի համայնք, համոզվեցինք, որ այդպես չէ: Արագածոտնի մարզի Արա եւ Արագած լեռների փեշերին սփռված պատմամշակութային բազմաթիվ կոթողներ ու համալիրներ, բերրի հող ու աշխարհագրական բարենպաստ պայմաններ ունեցող Կարբի համայնքում ենք: Հայկական ավանդույթներով ու նիստուկացով ապրող այնպիսի վայրում, որտեղ մարդիկ, շնորհիվ կարբեցիներին հատուկ աշխատասիրության ու ստեղծագործ տեսակի, ապրում են բարեկեցիկ կյանքով: Միանգամից ասենք, որ համայնքապետ Կարո Բաղդասարյանի պաշտոնավարման ընթացքում կատարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք ոչ բնակչի, ոչ էլ այցելուի աչքից չեն վրիպում: Կարո Բաղդասարյանը կարեւորում է նաեւ մարզական ոլորտը եւ առանձնահատուկ ուշադրություն դարձնում համայնքում սպորտի զարգացմանը: Հենց Կարբիում է ապրում եւ մարզվում կինգ բոքսինգի Եվրոպայի չեմպիոն, ՀՀ բազմակի չեմպիոն (մինչեւ 60 կգ քաշային կարգում) Շավարշ Հակոբյանը: Վրաստանի հնգակի չեմպիոն է: Չեխիայում դարձել է Եվրոպայի չեմպիոն (2017թ.): Վերջերս նոկաուտով հաղթել է ադրբեջանցի մարզիկին: Առաջիկայում Աթենքում կմասնակցի աշխարհի առաջնությանը: Շավարշի մարզիչն է սպորտի վարպետ Սայաթ Ասատրյանը, որը մեծ հույսեր է կապում Շավարշի հետ: Շավարշը սիրում է շախմատ, ունի հումորի մեծ զգացում, սիրում է հայ գրողներին: Շնորհալի մարզիկի մասին դեռ շատ անգամ կլսենք:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Առավոտ»
24.08.2018