Լրահոս
Օրվա լրահոսը

Օրենսդիրն ու գործադիրը չտարբերե՞նք

Օգոստոս 25,2018 13:30

Քաղաքակրթության երազանքի Ազգային ժողովը.
հանրային քննարկության համար

Մեր ողջ քաղաքակրթության փորձն ու առկա արեւմտյան սահմանադրությունների ու սրանց պատմության վերլուծությունը, ինչն արվել է գիտության համաշխարհային մեթոդներով (եթե կարիք զգացվի, հղումները կտրվեն), ցույց են տալիս հետեւյալը:

1. Այնպիսի պետությունը, որն ունի միայն մեկ պալատ (խորհրդարան, ԱԺ), ինչին տրված են թե օրենսդիր, թե գործադիր ֆունկցիաներ, պարտադիր ավտորիտար է, ու պետության այսպիսի կառուցվածքը հակասում է իրավահավասարությանն ու ժողովրդավարությանը ու ազատ շուկայական հարաբերությունների սկզբունքին, քանզի հակադիր է պետական իշխանությունը 3 անկախ թեւի բաժանելու սկզբունքին:

Մեր մեկ պալատանի ԱԺ-ն, հենց սահմանադրությամբ, ոչ մի գործադիր ֆունկցիա չպիտի ունենա եւ որեւէ մեկին որեւէ կառավարական կամ դատավորական պաշտոնի նշանակելու կամ հաստատելու իրավունքը չպիտի ունենա: Եթե մեր պետությունը ունենար ժողովրդի ԸՆՏՐՈՎԻ ներկայացուցիչների եւս մեկ անկախ պալատ, կառավարական ժողով (գործադիր ժողով, ԳԺ), ինչը ձեւավորեր կառավարության կազմն ու հսկեր սրա գործունեությունը, այդժամ մեր պետությունը խորհրդարանական կոչելու իրավունքը կունենայինք:

2. ԱԺ-ն, այսինքն՝ Ազգային ժողովը, օրենսդիր օրգան է, սրա համար էլ ճիշտ կլիներ սրան օրենսդիր ժողով (ՕԺ) կոչելը:
Ի՞նչ է սա նշանակում: Նախ սա նշանակում է, որ ՕԺ-ի անդամները (այսինքն, պատգամավորները) պիտի անպայման իրավաբանական-տնտեսագիտական պրոֆեսիոնալ հմտություն ունենան, որովհետեւ սրանց միակ գործը պիտի լինի օրենք կազմելն ու ընդունելը:
Ինչո՞ւ է տնտեսագիտության իմացությունը շեշտվում: Շեշտվում է, որովհետեւ մարդկանց բոլոր-բոլոր վեճերը, առանց մի հատիկ բացառության, վերաբերում են իրենց նյութական ու հոգեւոր սեփականությանը, այսինքն՝ մարդու ազատություններին ու իրավունքներին:
Ուրեմն, ՕԺ-ի անդամ պատգամավորը պիտի պարտադիր տնտեսագիտական կամ իրավաբանական վերլուծության հմտություն ունենա, իսկ ավելի լավ է՝ այս երկուսը միասին, ընդ որում, մասնագիտական այս հմտություններն այն աստիճան պիտի զարգացած լինեն, որ այդպիսի պատգամավորին այս ասպարեզների գիտնականը համարելու իրավունքն ունենանք:
Ինչո՞ւ: Որովհետեւ այդ պատգամավորի գործը նոր, մինչեւ այդ պահը գոյություն չունեցող, օրենք կազմելն ու ձեւակերպելն է կամ էլ արդեն առկա օրենքները ձեւափոխելը, իսկ սա արդեն գիտնականի գործն է, այնպիսի՛ գիտնականի, ով իրավաբանական-տնտեսագիտական հետազոտություն կամ վերլուծություն կատարելու ու այստեղ նորը հայտնագործելու ունակություններ ունի: Իհարկե, հնարավոր է, որ նման պատգամավորն իր այս ունակությունները ինքնակրթությամբ ձեւավորած լինի, բայց սա հազվադեպ երեւույթ է:
Եզրակացությունը հետեւյալն է:

3. ՕԺ-ի պատգամավորության թեկնածուն կամ պատգամավորը պետք է իրավաբանի կամ տնտեսագետի կրթական ցենզ (կամ համբավ ունենա, ինքնակրթության դեպքում):
Այս պայմանն անհրաժեշտ է, բայց բավարար չի:

4. ՕԺ-ի պատգամավորի թեկնածուն պիտի պարտադիր անկուսակցական լինի ու հետագայում էլ որեւէ կուսակցության անդամ լինելու իրավունքը չպիտի ունենա՝ ըստ սահմանադրության (ցանկալի է, որ այսպիսի թեկնածուն նաեւ որեւէ շահառու խմբի անդամ չլինի):
Ինչո՞ւ: Որովհետեւ իրավական պետության բոլոր քաղաքացիներն ու մարդիկ եւ բոլոր խմբերն ու նաեւ կուսակցականները պիտի օրենքի առաջ հավասար լինեն, ու օրենքն էլ պիտի սրանց բոլորին հավասար աչքով նայի, անկախ այն բանից, թե օրենքի առաջ նախագահ կամ վարչապետ է, թե կոշկակար կամ բոմժ:
Օրենքի համար երկրի որեւէ քաղաքացին կամ մարդը չպիտի ավելի կարեւոր լինի, քան ուրիշ մի քաղաքացին կամ մարդը:
Իսկ եթե պատգամավորը կուսակցական է կամ որեւէ շահառու խմբի անդամ է, ոչ մի երաշխիք չի լինի, որ սա իր իսկ կուսակցության կամ այդ խմբի շահերը չի պաշտպանի ու հանուն այս շահերի՝ օրենքը չի հարմարեցնի իր կուսակցության շահերին:
Իսկական իրավական օրենքը, ժողովրդավարական օրենքը պիտի կույր լինի, ճշմարիտ օրենքը պիտի լինի լրի՛վ վերացական, ճիշտ ու ճիշտ իդեալական երկրի ճանապարհային նշանների պես, որոնք գործում են միշտ, գիշեր-ցերեկ, անկախ այն բանից, թե ճանապարհով վարչապետի՞ մեքենան է անցնում, թե՞ կոշկակարի:

5. Հենց սա է նաեւ այն պատճառն ու հիմքը, որ ՕԺ-ում ֆրակցիաները պիտի պարտադիր արգելվեն, արգելվեն հենց սահմանադրությամբ:
Եթե ՕԺ-ում ֆրակցիաներ լինեն, բացարձակ ոչ մի երաշխիք չի լինի, որ ֆրակցիաները նոր ընդունվող օրենքները չեն հարմարեցնի իրենց շահերին, ու հանուն իրենց շահերի՝ հին օրենքներն էլ չեն ձեւափոխի ու աղավաղի ու անարդար օրենքներ չեն ընդունի:
Մեր ողջ քաղաքակրթության ու հենց ՀՀ-ի փորձը ցույց է տալիս, որ կուսակցական պատգամավորներն ու սրանց ֆրակցիաները հենց այսպես էլ վարվում են:
ՕԺ-ն, ըստ էության, այնպիսի դատարան է, որտեղ «ամբաստանյալը» նոր օրենքի նախագիծն է, ու այս դատարանը պիտի գաղտնի քվեարկությամբ որոշի, թե արդյո՞ք տվյալ նախագիծն արդար է՝ օրենք դառնալու համար: Ուրեմն, ՕԺ-ի պատգամավորը, ըստ էության, նաեւ դատավոր է, բայց, ի տարբերություն սովորական դատավորի, ստեղծագործ դատավոր է, գիտնական դատավոր է, ու այսպիսի դատավորը պետք է խմբային ու անհատական շահերից անկախ լինի, որ օրենքն արդար լինի, կույր լինի, այնքան վերացական լինի, որ պաշտպանի բոլոր-բոլորի շահերն ու իրավունքները:
Ուրեմն, ֆրակցիաների գոյությունը ՕԺ-ում ու արդարությունը անհամատեղելի են:

6. ՕԺ-ի պատգամավորի անձեռնմխելության (իմունիտետի) եւ մնացած արտոնությունները շնորհելու պետական կարգը (ինստիտուտը) լրիվ է անարդար, այսինքն, հակաժողովրդավարական է, քանի որ բոլորին հավասար աչքով նայող օրենքի առաջ երկրի ոչ մի քաղաքացին ավելի կարեւոր չի մյուսների համեմատ:

7. Սահմանադրությամբ ՕԺ-ի նախագահն ու միակ փոխնախագահը պիտի ընտրվեն ամեն նստաշրջանից առաջ, ՕԺ-ի անդամների գաղտնի քվեարկությամբ: Սահմանադրությամբ ՕԺ-ի անդամ դատավորը պիտի (օրինակ) 45 տարեկանից ջահել չլինի, որ աշխատանքային ու մանավանդ կյանքի փորձ ունենա ու 70 տարեկանից էլ մեծ չլինի, որ եռանդը պակասած չլինի:

8. ՀՀ-ի համար ՕԺ-ի 33 պատգամավոր-դատավորը լրիվ բավարար է:

9. Սահմանադրությամբ ՕԺ-ում մեկ անգամ իր ժամկետը ծառայած պատգամավորն այլեւս ՕԺ-ի անդամ ընտրվելու իրավունքը չպիտի ունենա, որ թարմ ու ավելի ժամանակակից մտքի հոսքն ՕԺ չդադարի:

10. Սահմանադրությամբ ՕԺ-ի պատգամավորը պիտի բիզնեսով զբաղվելու իրավունքը չունենա, որ իր կազմած ու ընդունած օրենքները արտոնություններ չտան որեւէ բիզնեսին կամ բիզնես խմբին:

11. Սահմանադրությամբ, ինչպես արդեն ասվել է, ՕԺ-ի պատգամավորը չպիտի գործադիր որեւէ իրավունք ունենա, այսինքն, կառավարության գործերին միջամտելու որեւէ իրավունք, որեւէ մեկին պաշտոնի նշանակելու ոչ մի իրավունք չպիտի ունենա:

12. Ամենակարեւորը: Սահմանադրությամբ ՕԺ-ի ընտրությունները պետք է պարտադիր լինեն ՈՉ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ:
Ինչպե՞ս եւ ինչո՞ւ:
«Ինչպես»-ը: Սա նշանակում է, որ ՕԺ-ն առաջին անգամ ընտրելուց հետո պատգամավոր-դատավորի ՕԺ-ին անդամակցելու միակ ժամկետը պիտի լինի, օրինակ, 15 տարի, ինչից հետո այդ պատգամավորն այլեւս ընտրվելու իրավունք չպիտի ունենա: Լավ կլինի, որ պաշտոնաթող պատգամավորը նշանակվի որեւէ պատվավոր պաշտոնի, օրինակ, լինի Արդարադատության խորհրդի անդամ կամ պետական որեւէ կառույցի իրավախորհրդատու:
Այս անգամ արդեն ՕԺ-ն, ըստ էության, կլինի «ցմահ», որովհետեւ ամեն 2-3 տարին մեկ ՕԺ-ում ընդամենը մեկ-երկու տեղ ազատվի, թե չէ, իսկ սա չի խանգարի, որ ՕԺ-ն գործի իր ողջ կարողությամբ: Ազատված տեղերի համար իսկույն պիտի նույն տեղամասում հայտարարվի ու արվի նոր ընտրություն, ինչը կազմակերպելը դժվար կամ ծախսատար չի լինի ու շատ ժամանակ չի պահանջի:
«Ինչու»-ն: Պատգամավորի այսօրինակ «ցմահությունը», սրան ավելացրած՝ իր անկուսակցականությունը, ֆրակցիաների ու բիզնեսի արգելքն ու մանավանդ գործադիր ֆունկցիաներին միջամտելու արգելքը նախ կբացառի կառավարության որեւէ կախվածությունը ՕԺ-ից (խորհրդարանից), եւ երկրորդը, կապահովի պատգամավորի անկախությունը կառավարությունից, կուսակցություններից, մանավանդ եթե իմանա, որ իր ծերությունն էլ է ապահովված: Սա թերեւս բավարար երաշխիք լինի, որ ընդունված օրենքները արդար կլինեն:
Իրոք, եթե պատգամավորն իմանա, որ ինքը 15 տարի ազնիվ ու ամեն բանից անկախ աշխատելու ու ապահով ապագայի հնար ունի ու, քանի որ, այս ժամկետից հետո նորից ընտրվելու իրավունքը չունի, այլեւս չի մտածի հաջորդ անգամ ընտրվելու համար «զարտուղի կապ ու միջոց» ստեղծելու մասին ու կնվիրվի միայն իր գործին:
Այսօրինակ պատգամավորը անսահման կգնահատի իր պաշտոնը, մանավանդ որ այսպիսի պաշտոն ունի ողջ երկրից ընդամենը 33 քաղաքացի, ուրեմն սա հույժ պատվավոր է, ու թերեւս ոչ մի, նույնիսկ վիթխարի կաշառքը չի գայթակղի սրան, քանի որ բռնվելու վտանգը շատ մեծ կլինի, իսկ իր կորուստը՝ անգնահատելի:

13. Ժողովրդավարությունն ու ընտրությունները: Առայժմ, քանի դեռ մեր ժողովրդի «ընտրական ազնվությունը» ցածր է, պարտադիր է, որ մեր բոլոր կարգի ընտրությունները լինեն ՈՒՂՂԱԿԻ ու գաղտնի, այսինքն, միայն եւ միայն մեծամասնականության սկզբունքով: Կուսակցական ցուցակներով ընտրություններն ու ՕԺ անցնելու շեմը պիտի արգելվեն հենց սահմանադրությամբ:

14. Եթե ասածս այս կարգը հաստատվի սահմանադրությամբ, կուսակցությունների դերը կդառնա նվազագույնը, իսկ ոչ մասնագետ կարիերիստների ու բախտախնդիրների մուտքը Օրենսդիր ժողով՝ կփակվի, որովհետեւ սրանք Օրեսդիր ժողով մտնելու էլ ոչ մի հնար չեն ունենա, ու իշխանության այս թեւն իրոք կդառնա ժողովրդավարական:
Ինչո՞ւ: Կուսակցությունները միայն ու միայն մի նպատակ են ունեցել, ու միշտ էլ միայն այդ նպատակը կունենան: Այդ նպատակը ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՑԱՆԿԱՑԱԾ ՄԻՋՈՑՈՎ ՆՎԱՃԵԼՆ Է, որ կուսակցականները մեծ ու փոքր պաշտոն ձեռք բերեն: Սա՛ է ցույց տալիս մեր քաղաքակրթության փորձը, ինչքան էլ որ կուսակցական առաջնորդներն ու շարքային անդամները պնդեն, թե իրենց ողջ գործունեության ու կյանքի նպատակը ժողովրդի բարօրությունն է:

15. Հարկերի, մաքսերի ու այլ տուրքերի չափերը պիտի որոշի միայն ՕԺ-ն, բայց սրանք պիտի հաստատի հանրաքվեն: Սահմանադրությամբ պրոգրեսիվ հարկ ու մաքսը պիտի վերացվի, իսկ եթե սա չի լինելու, փոքր բիզնեսին ուղղակի խոչընդոտող այս 50 միլիոնի շեմը պիտի անհապաղ վերացվի:

16. Գործադիր ժողովը պիտի միայն տնօրինի հարկերից, մաքսերից ու այլ տուրքերից հավաքված գումարները:
Վերջում նորից շեշտենք, որ ԱԺ-ն այսօրվա կարգով կազմավորելու ձեւը ոչ թե ժողովրդավարական է, այլ կուսակցավարական ու անբովանդակ ու, անկասկած, ավտորիտարիստական է:

ՄԵՐՈՒԺԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՅԱՆ
12.08.2018

 

«Առավոտ»

23.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031