Ծագումով ռուս՝ իտալաբնակ ռեժիսորը ակնկալում է
նաեւ հայ մեծահարուստների աջակցությունը
Ծագումով ռուս՝ իտալաբնակ ռեժիսոր Վերոնիկա Ուիգի արվեստը ծանոթ է մեր հանդիսատեսին: Նա հայ դերասանների մասնակցությամբ Երեւանում 2011թ. բեմադրեց Շիրվանզադեի «Նամուսը», 2014-ին էլ՝ Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստը»: Վերջերս Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում ներկա գտնվեցինք ռեժիսորի «Հեքիաթներ» պիեսի ներկայացմանը: Տիկին Ուիգի՝ Հայաստան նախորդ երկու այցերի ժամանակ հնարավորություն չունեցանք զրուցի հրավիրել նրան, քանի որ արվեստագետը բեմադրություններն իրականացնում էր հաշված օրերի ընթացքում: «Հեքիաթների» պրեմիերան էլ այս առումով բացառություն չէր, սակայն մեզ հաջողվեց «ոտքի վրա» զրուցել նրա հետ:
Վերոնիկա Ուիգը տեղեկացրեց, որ իր հայաստանյան նախագծերի «մեղավորը» Լոնդոնի հայկական համայնքում մշակութային բեղուն գործունեություն ծավալած հայազգի Սեթա Վայթն է, Լոնդոնն էլ իր կարիերայում ճակատագրական դեր ունի. այնտեղ է ստացել ռեժիսորական բարձրագույն կրթություն: Իսկ 2005թ. իր բեմադրությամբ Սոֆոկլեսի «Անտիգոնե» ողբերգությունը արժանացել է առաջին մրցանակի, այն դեպքում, երբ մրցանակաբաշխության պատմության ընթացքում ինքն օտարազգի առաջին արվեստագետն է, որն արժանանում է բարձրագույն մրցանակին: Հենց այստեղ է նա ծանոթացել տիկին Վայթի հետ:
Անդրադառնալով «Հեքիաթներին», մեր զրուցակիցը հայտնեց հետեւյալը. «Այս բեմադրությունն իրականացրել եմ Ֆինլանդիայի Լապուա քաղաքի հաշմանդամների գեղարվեստի կենտրոնի տնօրեն Սյուզաննա Մակի-Օվետիսի առաջարկով, որը ծանոթ էր իմ գործունեությանը: Բայց նա պայման դրեց՝ այդ կենտրոնի հաշմանդամների պատրաստած տիկնիկը ներգրավել ներկայացման մեջ: Իսկ ներկայացումը ալցհայմեր եւ դեմենցիա հիվանդությամբ տառապողների մասին է: Եվ որ ամենակարեւորն է՝ հանդիսատեսի մոտ առաջացնել կամ արթնացնել գթասրտություն, ինչի արդյունքում միայն հնարավոր կդառնա հիվանդների ինտեգրումը հասարակությանը»: Մեր զրուցակիցը հավելեց, որ ալցհայմեր հիվանդությունը նկարագրվում է որպես գլխուղեղի նյարդային բջիջների վրա ազդող արագ զարգացող քայքայիչ խանգարում, ինչը հանգեցնում է հիշողության ու խոսելու կորստի եւ այս հիվանդությամբ աշխարհում յուրաքանչյուր երեք վայրկյանը մեկ ծնվում է մեկ հիվանդ: Դեմենցիան ձեռքբերովի է՝ թուլամտություն, որն ուղեկցվում է գիտելիքների կայուն չափերով կորստով: Այն հոգեկան ֆունկցիաների քայքայումն է, որով տառապում են հիմնականում ծերության հասակում: Այս հիվանդությամբ այսօր աշխարհում տառապում է 5 մլն մարդ:
«Հեքիաթներում» հեղինակի դերը ստանձնած դերասանուհի Գայանե Եղիազարյանը միեւնույն ժամանակ կերպավորում էր Կովկասի իշխանական տոհմի վերջին ներկայացուցչին՝ Թամար թագուհուն, որի հետ սիրային արտառոց հարաբերությունների արդյունքում է խորանում ալցհայմեր հիվանդությունը Հերոսի (դերասան՝ Արա Սարգսյան) մոտ: Հերոսի խոսքերով՝ Թամարը մի առեղծվածային կին էր, որի դեմքի դժոխային արտացոլանքները խելքամաղ էին անում տղամարդկանց: 17-ամյա Հերոսը փաստորեն թակարդն էր ընկել մոր տարիքի Թամարի ձեռքին: Ռեժիսորը կարողացել էր իշխանուհու կերպարով տպավորիչ փոխանցել ասվածը, մանավանդ որ Թամարը իր զոհին գայթակղելու համար դիմում է ցանկացած միջոցի:
Վերոնիկա Ուիգը նշեց, որ հիվանդության սրացման դեպքում տառապողների մի մասի մոտ այն արտահայտվում է զառանցանքով, մյուսների մոտ՝ տեսիլքների ձեւով, իսկ իր հերոսը ճամփորդում է: Ներկայացման ավարտին, երբ Հերոսը տարիներ անց վերադառնում է ծննդավայր, տեղեկանում է, որ իշխանուհին ինքնասպան է եղել: Գերեզմանատան պահակն էլ հայտնում է, որ այդ ամենը տեղի է ունեցել իշխանուհու երկրպագուներից մեկի պատճառով: Հերոսը ենթադրում է, որ այդ մեկը ինքն է:
Զրույցի ընթացքում Վերոնիկա Ուիգը հավաստիացրեց, որ մեծ ցանկություն ունի այս նախագիծը ներկայացնել առաջին հերթին Ֆինլանդիայի Լապուա քաղաքի հաշմանդամների գեղարվեստի կենտրոնում, ապա խաղալ Եվրոպայի այլ երկրներում: Ռեժիսորը շեշտեց, որ իր ցանկությունը իրականություն կդառնա միայն մեկ դեպքում. եթե հայտնվեն հայաստանցի գթասիրտ մեծահարուստներ, քանի որ պրեմիերան կայացավ մեր երկրում:
Հավելենք, որ բեմադրության մեջ ներգրավված էր 7-ամյա Արփի Ղազարյանը, որը կերպավորում էր ոչ միայն Հերոսի, այլ այդ հիվանդության ախտանիշներն իրենց մեջ կրողների մանկության հավաքական կերպարը: Նա ներկայացման ավարտին հատակին է շպրտում տիկնիկը (տիկնիկավար՝ Կարեն Խաչատրյան)՝ որպես հիվանդության դեմ բողոքի նշան:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Գլխավոր լուսանկարում` Վերոնիկա Ուիգը (կենտրոնում՝)
ստեղծագործական խմբի հետ:
«Առավոտ»
24.08.2018