«Էրեբունի» հայկական շաբաթօրյա դպրոցի տնօրենի դիտարկումները
Բոստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու «Էրեբունի» հայկական դպրոցը վերջերս տոնեց հիմնադրան 30-ամյակը: Մասաչուսեթսի սենատը այդ առիթով շնորհակալագրեր է հանձնել ինչպես դպրոցի հիմնադիրներին, այնպես էլ տնօրեն Արմինե Մանուկյանին: Պատվոգրեր են շնորհվել նաեւ հայ համայնքի քաղաքական ներկայացուցիչների կողմից: Դպրոցի 30-ամյակի տոնակատարությանը մասնակցել են դպրոցի` ինչպես առաջին, այնպես էլ տարբեր տարիների շրջանավարտներ:
«Առավոտը» զրուցեց դպրոցի արդեն 10 տարվա տնօրեն Արմինե Մանուկյանի հետ, որը վերջերս Հայաստանում մասնակցում էր համահայկական 8-րդ կրթական խորհրդաժողովին: Հիշեցնենք, որ կրթական այդ միջոցառումը համախմբել էր 24 երկրի 120 ներկայացուցչի:
«Համաժողովը օգտակար է նրանով, որ հանդիպում ես այն մարդկանց հետ, որոնք ունեն նույն խնդիրները Սփյուռքի մեջ, ինչ դու: Հանդիպում ես 24 երկրներից եկած մանկավարժների հետ, լսելով իրենց` փորձի փոխանակում ես ունենում, դու իրենց հետ քննարկում ես, թե կոնկրետ խնդիրը իրենք ինչպես են լուծում: Իսկ բոլորիս թիվ մեկ խնդիրն այն է, որ շահագրգռենք, որպեսզի հայ երեխան չհեռանա իր արմատներից ու հայկական դպրոց գա: Ցավոք, դրսում ապրող հայ երեխաներն այնքան զբաղված են տարբեր բաներով, որ հայերենը գալիս է ասենք` լողից, ֆուտբոլից, չինարենից հետո… Դրա համար մեր ամբողջ նպատակն է, որ այնպիսի հետաքրքիր ծրագրեր կազմենք, որպեսզի հայազգի երեխաներին կարողանանք շահագրգռել հայեցի կրթության առումով»,-ասում է Արմինե Մանուկյանը:
Նա տեղեկացրեց, որ Սուրբ Հակոբ եկեղեցու «Էրեբունի» հայկական դպրոցը մեկօրյա դպրոց է. «Որպեսզի երեխաներին կարողանան շաբաթ օրով արթնացնել, դպրոց բերել, պետք է ամեն կերպ ոգեւորենք, հետաքրքրություն առաջացնենք: Սփյուռքի հայկական դպրոցների ներկայացուցիչներս խորհրդաժողովին միահամուռ հարց բարձրացրինք, որ մեր դասագրքերը վերանայվեն, քանի որ դրանք հարմար չեն սփյուռքյան դպրոցներում կիրառելու համար: Օրինակ, ես ասացի, որ մեր դպրոցը տիպիկ շաբաթօյա դպրոց չէ, ամբողջ ծրագիրը 35- 36 շաբաթ է` տարվա մեջ, եւ մենք այնպիսի թեմաներ ենք ընտրում, որ երեխային հետաքրքրի, թեման դարձնում ենք խմբակային աշխատանք, քննարկումներ ենք անում: Իմիջիայլոց, մեր դպրոցը դարձել է յուրատեսակ էպիկենտրոն, որի շնորհիվ հայ ընտանիքներն էլ են մտերմացել միմյանց հետ»:
Արմինե Մանուկյանը հավաստիացնում է, որ Բոստոն նոր ոտք դրածների երեխաներին հնարավորություն է ընձեռվում առաջին տարին անվճար սովորել իրենց դպրոցում:
«Էրեբունի» դպրոցը հիմնադրվել է Իրանահայ միության կողմից, ես 2008-ին դարձել եմ տնօրեն: Այդ ժամանակ աշակերտների թիվը 24 էր, այժմ հասել է 180-ի: 2015-ին մենք միացանք Սուրբ Հակոբ եկեղեցու արեւմտահայ դպրոցի հետ: Եվ այժմ տեղի միակ դպրոցն է` արեւելահայ եւ արեւմտահայ տանիքի տակ, որտեղ երեխաներին հայեցի կրթություն ենք տալիս: Կան նաեւ երեխաներ, որոնց մի ծնողը հայ չէ, սակայն այցելում են մեր դպրոց, բացի բուն դասաժամերից, ունենք շախմատ, նկարչություն, երգի ժամ եւ գիտության ակումբ…Երեք տարեկանից ենք ընդունում, սովորում են մինչեւ 8-րդ դասարան: Փոքր տարիքի երեխաների հետ աշխատում ենք խաղային մեթոդներով»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:
Նա կրկին շեշտեց, որ ՀՀ սփյուռքի նախարարության տրամադրած դասագրքերը բարդ են, նյութերն էլ խտացված, հետեւաբար ոչ հարմար` սփյուռքում կրթություն ստացողների համար: Արմինե Մանուկյանը հայտնեց, որ դպրոցի պահանջներից ելնելով` երկու դասագիրք է գրել, ընդ որում` մեկը նախակրթարանի սովորողների համար, իր հեղինակած` ավագ դասարանի դասագրքով ոչ խորը քերականություն է դասավանդվում, ներառված են հետաքրքիր պատմվածքներ, ավանդույթներ, իմաստուն մտքեր, ու ամեն ինչ այնպես է կառուցված, որ ուսուցիչը աշակերտների հետ քննարկելու, ակտիվ դասապրոցես ապահովելու հնարավորություն ունենա:
Արմինե Մանուկյանն ասում է, որ դասերն իրենց դպրոցում ինտերակտիվ են, ու իրենց համար կարեւոր է աշակերտի քննադատական մտածելակերպը, որովհետեւ նպատակը ոչ միայն հայեցի կրթություն տալն է, այլեւ 21-րդ դարի քաղաքացի դաստիարակելը:
Մեր զրույցի ընթացքում Բոստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու «Էրեբունի» հայկական դպրոցի աշակերտների ծնողներին էլ անդրադարձ եղավ: Տիկին Մանուկյանը նշեց, որ վերջին 7-10 տարիների ընթացքում հոսք կա Հայաստանից, ու չկա տարի, որ ամենաքիչը մեկ ընտանիք չտեղափոխվի իրենց մոտ: Նաեւ ասաց, որ Բոստոնի հայերը ուսյալ են, պահանջկոտ, հայրենասեր, շատերը ԱՄՆ են տեղափոխվել կրթություն ստանալու ու հաստատվել են այստեղ: Նրա հավաստմամբ, շատ են հայաստանցի ու տեղացի հայերի ամուսնությունները, եւ տարբեր մշակույթների միախառնումը նոր ու գեղեցիկ որակ է մտցնում հայկական համայնք:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
24.08.2018