Մարալիկում այսօր ևս շարունակվել են բողոքի ակցիաները. մի խումբ բնակիչներ պահանջում են Անիի համայնքապետ, ՀՀԿ-ական Արտակ Գևորգյանի հրաժարականը: Նա 14 տարի է՝ Մարալիկի քաղաքապետն էր, իսկ վերջերս Անիի տարածաշրջանի համայնքների միավորումից հետո դարձավ Անիի համայնքապետ: Արտակ Գևորգյանը Սամվել Նիկոյանի սանիկն է:
«Մեր հիմնական բողոքն այն է, որ համայնքապետը մի քիչ սթափվեր, լծվեր աշխատանքի, համաքայլ գնար այս հեղափոխական շարժմանը, բայց չեղավ, էլի ինքն իրանը շարունակեց: Երիտասարդությունը որոշեց պահանջել նրա հրաժարականը: Մի քանի օր է՝ հավաքվում ենք, ասում ենք՝ արի հանդիպենք, հանրապետությանը համահունչ գնանք, բայց չէ, ինքն արհամարհական, էսօր էնքան վատ պահեց իրեն, որ սկսեց անձնական կպնել, անուններով՝ Սովետական ժամանակներից սկսած՝ սկսեց նկարագրել», -ասաց Դավիթ Հակոբյանը:
Բողոքավորներից մեկն էլ նշում էր, որ Արտակ Գևորգյանը թալանի մասնակից է եղել:
«Ինձ դուր չի գալիս, որ ինքը 150 հազար դրամ աշխատավարձով կարողանում է 40 հազար դոլարանոց «Լեքսուս» մեքենա գնի, ու էդ գաղտնիքը ինձ չի ասում, ես 250 հազար դրամ եմ ստանում և չեմ կարող գնել: Ինձ դուր չի գալիս, որ իմ երեխան, որն արդեն չափահաս է դարձել, գալիս, նայում է, որ իր մանկապարտեզն այսօր դարձել է փոխքաղաքապետի անասնագոմը: Մարալիկ քաղաքն ուներ 4 մանկապարտեզ, հիմա ունի 1 մանկապարտեզ, էսօր 4 մանկապարտեզից մնացել է ամենահինը, մանկապարտեզներից մեկը գործող համայնքապետի առանձանատունն է, բնակարանն է, մյուսը նախկին փոխքաղաքապետի անասնագոմն է: Իրանից նեղացած եմ, որ ինքը գաղտնիք գիտի, ժողովրդին չի ասում թանկանոց մեքենա գնելու գաղտնիքը, այ եթե էդ գաղտնիքն ասեր, մենք չէինք դժգոհի»,- ասաց Արմեն Ավդալյանը:
Նրանք նաև դժգոհեցին, որ համայնքապետը դուրս չի գալիս իր փափուկ աթոռից, իսկ երբ համաձայնում է հանդիպել երկու հոգու, այդ երկուսին դիմավորում են տաս հոգով:
Նրանք նեղվում են, որ 15 տարի շարունակ ընտրությունները կատարվել են ծանոթ-բարեկամով, Մարալիկում անցանելի ոչ մի նրբանցք չկա, երբեմնի սպորտի քաղաքից բոլոր սրտաձևերը վերացել են, «Պիոներ պալատը», որը 5-6 սերունդ է կրթել ու դաստիարակել, նրանց խոսքերով՝ «ավերակաց տուն» է դարձել:
«Մեր ցանկությունն է, որ «Պիոներ պալատը» դառնար «Հայորդաց տուն»: Եթե մտնեք մեր կուլտուրայի տուն, կտեսնեք՝ ինչ է կատարվում, բացի կուլտուրայից ամեն ինչ կտեսնեք: Սերժը հիշում եք՝ ինչ էր ասում, Սերժն ասում էր՝ տեղում ինչ ուզում եք արեք, ինձ ձայն ապահովեք: Ընտրությունների ժամանակ տաշտով փող էին բաժանում, լույսի չեկերը իրա հերթին: Փողը վերևներից կվերցնեին, բայց փողի տեղը էլեկտրոյի դիրեկտորը լույսի չեկ կբաժաներ ժողովրդին: Ստեղ Գևորգյանների դինաստիան է, որը պիտի վերանա»,-ասում էին հրաժարական պահանջողները:
Նրանց ասելով՝ համայնքապետը պաշտոններ է բաժանել իր բարեկամներին:
«Էն ժամանակ մարդիկ վախենում էին խոսային, եթե էսպես մի քանի հոգի հավաքվեին, միլիցիան կգար, բռներ կտաներ, ինչպես օրինակ՝ ժամանակին բռնեցին Ուռուտյան Հարությունին, որովհետև Հարությունը կանգնեց դեմներն ու ասեց՝ Լեննագանից մարդ եք բերել Մարալիկ, ընտրել եք տալիս»:
Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանն էլ ասում է, որ հրաժարական պահանջողները չեն գիտակցում, որ սա այլևս Մարալիկ քաղաքի քաղաքապետի պաշտոնը չէ, այլ խոշորացված Անի համայնքի համայնքապետինն է: Ըստ նրա, ինքն ամիսներ առաջ համայնքապետ է ընտրվել՝ առանց որևէ ընտրակեղծիքի ու խախտումների:
«Գալիս են, ներխուժում են, երբ ես գործնական այցով գտնվում եմ Անիի տարածաշրջանի մյուս բնակավայրերում: Եվ իրենց դատարկամիտ պատկերացումով ուղղակի մտածում են՝ եկել ենք քաղաքապետ նշանակենք ու գնանք: Ո՞վ եք դուք, այսինքն` ժողովրդին արհամարհած ունե՞ք, ժողովրդի ուժը, ժողովրդի իշխանությո՞ւնը: Եվ ասեմ ձեզ, այս աթոռը Արտակ Գևորգյանի անձի աթոռը չէ, սա ժողովրդի սեփականությունն է և ժողովրդի իշխանությունն է և մեր ունեցած պետության մեջ, նոր ժողովրդավարական ուսմունքի մեջ ժողովրդի ունեցած վաստակով, քրտինքով ունեցած կարողությունն է:
Ընտրված համայնքի ղեկավարը, որը տարել է ունեցած մասնակցության քվեի գրեթե շուրջ 50 տոկոսը և թեկնածուների քանակը եղել է մի քանիսը, հիմա 30 հոգով, որոնք չունեն ղեկավար, չունեն գաղափարախոսություն, տվյալ պարամետրի մեջ կարելի է բնութագրել որպես ամբոխ, որպես ամբոխավարություն: Եղած այդ քանակի մեջ գրեթե 10-15-ը իրենց կարծում են ապագա թեկնածուներ և բոլորին այդտեղ բերել է ընդամենը մեկ շահ՝աթոռին տիրելու գաղափարախոսությունը, ինչ գնով ուզում է լինի, թեկուզ իրար հետ չունեն ոչ մի ընդհանրություն, չունեն ընդհանուր կարողություններ հարցի վերաբերյալ: Նրանք բոլոր ժամանակների, նաև վերջին ընտրություններին մասնակցած ու պարտված թեկնածուներն են: Եթե տղամարդ եք, մասնակցել եք ու պարտվել եք, պարտությունը տարեք տղամարդավարի: Էսօր մեր պետության մեջ քաոս չէ և չի կարող քաոսային վիճակ լինել և քաոսային շարժում լինել», -վրդովված ասաց Անիի համայնքապետ:
Արտակ Գևորգյանը վստահ է, որ նոր իշխանությունները թույլ չեն տա, որ մարդիկ բախտախնդիր գտնվեն ու փորձեն պղտոր ջրում ձուկ որսալ: Ըստ նրա, եթե ինքը նորից մասնակցի ընտրություններին, այս անգամ 4 հազար ձայնի փոխարեն կտանի առնվազն 7 հազար ձայն, քանի որ մեծ աշխատանքներ է պլանավորել համայնքներում, ունի ժողովրդի վստահությունը:
Նա նշեց, որ հրաժարական երբեք չի տա: «Դրսի հավաքվածներն ի՞նչ փորձեցին անել, փորձեցին տարբեր կարգի լեգենդներ, տարբեր կարգի իմպրովիզացիաներ, երևակայական հիվանդությանը վայել ինչ-որ կարողություններ գտնել, սարքել ինչ-որ բաներ, գրել-ջնջել, տարբեր կարգի տվյալներ տալ, տարբեր կարգի գործեր կազմակերպել, եղան ստուգումներ, եղան համապատասխան գործընթացներ, եղա՞վ գեթ մեկ քրեական գործ, կամ գեթ մեկ խախտում: Եթե կա, խնդրեմ՝ ես պատրաստ եմ այդ հարցերի հետ հաշվի նստելու: Արտակ Գևորգյան անձն անցնել է մաքուր ճանապարհ և հետայսու անցնելու է մաքուր ճանապարհ, եղել է ժողովրդի կողքին, համայնքի կողքին, պետության կողքին»,-հայտարարեց Արտակ Գևորգյանը:
Ըստ համայնքապետի, իրեն թալանի մեջ մեղադրողները հենց իրենք են թալանչի, նրանցից մեկը 20 տարի Ռուսաստանում է բնակվում, 2-3 տարին մեկ է գալիս հայրենիք:
«Ի՞նչ էին արել, Մարալիկ քաղաքի մայթերը, գազոնները, շենք-շինությունները, բազմաբնակարան ֆոնդը, կիսակառույց մոնոլիտ թաղամասի շենքերը դրել էին ի պահ կոմունալի, և կոմունալը ոչնչացրեցին, սնանկ ճանաչեցին և փորձեցին մյուս կլանային համակարգերի հետ և այս ամենը քամուն տալ, ոչնչացնել»,- ասում է Արտակ Գևորգյանը:
Նա ասաց, որ ինքը քաղաքապետ ընտրվելով՝ տեր է կանգնել այն ունեցվածքին, որը հերթական անգամ ցանկացել են ոչնչացնել:
«Հյուրանոցն ո՞ւմ է պատկանում, բաղնիքն ո՞ւմ է պատկանում, բաղնիքի մյուս մասը ո՞ւմ է պատկանում, Մարալիկի մնացած բացվածքներն ո՞ւմ են պատկանում, ո՞վ է ոչնչացրել, կոլխոզի գրասենյակի շենքը ո՞վ է ոչնչացրել: Արտակ Գևորգյանը Մարալիկի քաղաքապետարանից և Անիի համայնքի ունեցվածքի մանկապարտեզի ոչ մի շենք ձեռք չի բերել:
4 մանկապարտեզներից երկուսը պատկանել են «Տեքստիլ» բամբակամանվածքային ֆաբրիկային, այն թեկնածուին, որը ժամանակին մրցապայքարի մեջ էր և էսօր այդտեղ էր: Եվ ի՞նչ է կատարվել, ո՞վ է ոչնչացրել այդ մանկապարտեզները, ո՞վ է սեփականաշնորհել: Մարդու վրա ստեղծագործ ձևով շառ փաթաթելով՝ ձևով տղա են ձևանում ու գործ են տալիս: Գործ են տալիս, թող տակից դուրս գան, բայց ես ևս հայտարարում եմ՝ եթե սրանից հետո մեկը կփորձի ցեխ շպրտել Արտակ Գևորգյան անձի վրա և իրենց վառ երևակայության արդյունքում մտածի նման կարգի պիտակներ կպցնել, օրենքով սահմանված կարգով պայքարելու եմ և պատասխանատվության եմ ենթարկելու», -հայտարարեց Արտակ Գևորգյանը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ