Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տիգրան Մուկուչյանը չի պատրաստվում հրաժարական տալ. (Ֆոտոշարք)

Օգոստոս 24,2018 20:22

Հայաստանի կառուցողական կուսակցությունն այսօրվանից բողոքի ակցիաներ է սկսում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ: «Մուկուչյան հեռացիր» «Կեղծարարների ընդհանուր հավաքատեղի» եւ համանման պաստառներով այսօր ակցիայի մասնակիցները «զարդարել» էին ԿԸՀ-ի մուտքը:

Տիգրան Մուկուչյանի հրաժարականը պահանջողները պայքարի հստակ ռազմավարություն չունեն: Պարզապես, ամեն շաբաթ նման ակցիաներ կկազմակերպեն`հարցին հասարակական հնչեղություն տալու համար:

Հայաստանի կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք չեն վստահում նախկին իշխանության կողմից կազմված Կենտրոնական ընտրական հանձնաժողովին եւ առհասարակը ընտրական հանձնաժողովներին:

Մտահոգություններ ունեն, որ ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն միասին, որոնք ըստ օրենքի, ընտրական հանձնաժողովներում մեծամասնություն են կազմում, կարող են օգտագործել իրենց հնարավորությունը`հակահեղափոխությանն ի նպաստ:

Հետաքրքրվեցինք`չի՞ կարծում, որ նախկին չինովնիկները կարող են նաեւ ներկայիս իշխանության շահերին ծառայել: Անդրեաս Ղուկասյանն ասաց, որ այդ տարբերակն էլ չեն բացառում:

Անդրիաս Ղուկասյանի այլ մտահոգությունները քիչ ուշ`տեսանյութում

Քաղաքացիական ակտիվիստ, անկուսակցական Արմեն Հովհաննիսյանը սատարում է այս նախաձեռնությանը, քանի որ վստահ է`տասը տարի շարունակ նախորդ իշխանությանը ծառայած եւ կեղծիքներ իրականացրած մարդը չի կարող նոր Հայաստանում աշխատել եւ լինել մաքուր, օրինավոր ու օրինապաշտ: «Մարդ, ով ողջ կյանքը գիտակցաբար նվիրել է ժողովրդավարական գործընթացների բռնաբարությանը, հետո, ինչ-ինչ պատճառներով չի կարող սրբանալ»:

Այլ մանրամասները շուտով`տեսանյութում

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց`տեղյակ է, որ ինչ-որ մարդիկ, ինչ-ինչ բաներ են փակցրել իր աշխատավայրի մուտքի մոտ, բայց չի կարդացել դրանք: Նաեւ հավելեց, որ իրենց ունեն հստակ օրակարգ եւ զբաղված են դրա իրականացմամբ: Զբաղված են ԸՕ-ով սահմանված կարգով առաջիկա ընտրական գործընթացների կազմակերպմամբ: Հրաժարականի որեւէ պատճառ, Տիգրան Մուկուչյանը չի տեսնում:

Իր`ընտրակեղծարար լինելու մասին հայտարարություններն էլ համարում է դրանք անողների սուբյեկտիվ մոտեցումը. «Մեր գնահատականը տվել են տարբեր ընտրական գործընթացներում միջազգային դիտորդները»: Ասում է`ընտրախախտումներ լինում են բոլոր ընտրություններում էլ, բայց դրանք բնավ հիմք չեն ԿԸՀ-ն եւ ԿԸՀ ղեկավարին ընտրակեղծարար որակելու:

Տիգրան Մուկուչյանը կարծում է, որ այս ակցիաներն ընդամենն առաջիկա ընտրությունների քարոզարշավի բաղադրիչ են:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031