Նախաձեռնությունների ազգային կենտրոն ՀԿ ղեկավար Վարդան Թունյանն այսօր «Հայացք» ակումբում հրավիրած ասուլիսում հայտարարեց՝ Երեւանի ավագանու ընտրությունները կազդեն նաեւ համապետական ընտրությունների վրա, Երեւանում Հայաստանի ընտրողների կեսն են եւ գուցե մեծապես ավագանու ընտրություններով պայմանավորված լինի հետագա ԱԺ ընտրություններում կուսակցությունների տեղը: Ըստ նրա, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, որ չեն մասնակցում Երեւանի ավագանու ընտրություններին, հավանաբար չեն հայտնվի նաեւ ԱԺ-ում: Չեն մասնակցում, որովհետեւ գուցե ասելիքի պակաս կա.
«Մենք սատարում ենք այն գաղափարին, որ միակուսակցականություն չլինի ՀՀ-ում եւ մրցակցությունը երաշխավորվի: Պատրաստ ենք դրա համար ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը: Մենք կփորձենք հիմնավորել, որ պետականության կայացման այսօրվա հանգրվանը գուցե ամենակարեւորներից մեկն է ՀՀ պատմության մեջ: Մեր բոլոր երեք նախագահների հանդեպ այսօր մենք այնքան խիստ մոտեցում ունենք եւ տարբեր կարծիքներ կան, որ երեքին էլ պետք է ձերբակալել ու դատապարտել երկար տարիների կալանքի: Շատ տխուր է, չէ՞: Հայաստանը անկախություն է ստացել, այս կամ այն կերպ ընտրել է երեք նախագահ ու երեքին էլ այսօր փորձում ենք ձերբակալել: Ոմանք ասում են, որ Լեւոն Տեր-Պետրոսյանից պետք է սկսել, իհարկե, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին: Ինչ-որ մի բան մեր պետության մեջ ճիշտ չի ընթացել: Իսկ հիմա հեղափոխության զարթոնքից հետո ինքներս սատարում ենք կառավարությանը, փորձում ենք մեր ուժերի ներածի չափ անենք այնպիսի քայլեր, որ այդպիսի սխալները բացառվեն: Իսկ դրա համար կարեւոր է, որ ընտրություններում ապահովվի մրցակցությունը»:
Վարդան Թունյանն ասաց, որ կառավարությանը պետք է բարեկամաբար քննադատել, դա օգտակար է, բայց կասկածի տակ չդնել հեղափոխության արժեքները. «Մենք էլ ունենք մեր քննադատական մոտեցումները, լսել ենք՝ շատերն էլ ունեն, բայց դեռեւս չեն բարձրաձայնում, ոնց որ վախենան արդեն ասեն, որ հանկարծ չմտածեն, որ իրենք հակահեղափոխական են: Բայց դա էլ այդքան արդար չի ու օգուտ չի հեղափոխությանը: Հաղթանակը արձանագրվել է, հիմա պետք է օգնել խորհուրդներով: Պետք է մեկ այլ բեւեռ էլ լինի, մեկ այլ կարծիք էլ լինի»:
Ըստ Թունյանի, հեղափոխության էյֆորիայի մեջ ենք, թվում է, թե բոլորը պետք է լծվեն Նիկոլ Փաշինյանի պաշտպանությանը. «Իմ կարծիքով, պաշտպանությունը տարբեր ձեւով կարող է լինել, կոնկրետ պետք չի, որ բոլորս դառնան «Քաղաքացիական պայմանագրի» անդամ կամ գնանք կանգնենք բոլորս հրապարակում, ամեն մարդ կարող է իր գործն անել իր տեղում»:
Թունյանն ասաց, որ կառավարությունը շատ մեծ ջանքեր է գործադրում՝ ընտրակեղծիքները բացառելու ուղղությամբ, բայց կարեւորը ոչ այնքան «Ընտրական օրենսգրքի» փոփոխություններն են, որքան մթնոլորտը մարդկանց մեջ, մարդկանց ուղեղներում եղած փոփոխությունը. «Հեղափոխություն է եղել ուղեղներում, այլեւս փողով մարդը, խնամի, բարեկամ, ծանոթը, ինչ-որ ջիպերով մարդիկ, որ հարցեր են լուծում երկրում՝ այդ մտայնությունը վերացել է: Մարդիկ արդեն մտածում են, որ գաղափարի մարդը, ազնիվ, արդար մարդը կարող է ասելիք ունենալ, իրեն պետք է ընտրել իշխանություն, իշխանությունը միայն մաֆիոզ, օդիոզ դեմքերը չեն, որոնք փող ունեն շատ, մութ գործեր ունեն եւ իրենցից պետք է վախենալ ու հարգել: Մենք արդար մարդիկ ենք, դրա համար բացահայտ հայտ ենք ներկայացրել, դրա համար էլ «Ժառանգության» հետ ենք ուզում համագործակցել, որովհետեւ իրենք էլ ազնիվ, պարկեշտ, արդար, չարատավորված մարդիկ են, իհարկե, ոչ մեկ էլ անսխալական չէ՝ իրենց սխալներով հանդերձ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ