Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի այցը Հայաստան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատմական է որակում, մանավանդ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների ֆոնին:
Այդ մասին այսօր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց կանցլերի հետ համատեղ ասուլիսում, որի ընթացքում երկու երկրների ղեկավարներն ամփոփեցին այցի արդյունքները: Ըստ Նիկոլ Փաշինյանի, բովանդակալից քննարկումներ եւ բանակցություններ են եղել ՀՀ-ԵՄ, ՀՀ-Գերմանիա հարաբերությունների, ինչպես նաեւ միջազգային օրակարգային մի շարք հարցերի վերաբերյալ:
Վերջիններիս մասով երկու երկրների ղեկավարների տեսակետները համընկնում են: Դա, ըստ Հայաստանի վարչապետի, ցույց է տալիս, որ մեր երկրները համագործակցության պոտենցիալ ունեն:
Առեւտրաշարջանառության ծավալներով, Գերմանիան Հայաստանի երկրորդ գործընկերն է աշխարհում եւ առաջինը`Եվրոպայում: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առեւտրաշրջանառության ծավալները, թե քանակական, թե որակական փոփոխություններ կկրեն: Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ այս այցի արդյունքներով համատեղ օրակարգ կունենանք, որը կընդգրկի կոնկրետ ոլորտներ եւ համապատասխան աշխատանքներ կտարվեն`այդ օրակարգն իրականություն դարձնելու համար: Ավելի հստակ հայտարարություններ հայ-գերմանական համագործակցությունների մասին, Նիկոլ Փաշինյանը չարեց:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ