Լրահոս
Օրվա լրահոսը

«Կապույտ, կանաչ ջրիմուռների ծաղկումը լճի ճիչ է, որ կյանքի մահու սահմանին եմ, նայեք ինձ, էլի». Կարինե Դանիելյան

Օգոստոս 24,2018 16:10

«Այս տարվա Սևանի էկոլոգիական վիճակն ամենավառ ապացույցն է այն բանի, որ լիճը գտնվում է անկայուն վիճակում»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը ահազանգեց ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը: Ըստ Էվելինա Ղուկասյանի՝ յուրաքանչյուր մի փոքրիկ սթրեսային իրավիճակ կարող է ճակատագրական լինել լճի համար. «Մենք շարունակ ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ լճի փրկության միակ ուղին ջրի մակարդակի բարձրացումն է»: Էվելինա Ղուկասյանը հայտարարեց՝ շարունակում ենք պնդել, որ պետք է Արարատյան դաշտավայրի ոռոգման այլընտրանքային միջոցների հարց քննարկել:

Մյուս վտանգը ջրի տաքացումն է: Այս առիթով Էվելինա Ղուկասյանը հայտնեց. «Ջրի տաքացման արդյունքում անմիջապես ակտիվանում են բոլոր կենսական պրոցեսները, քիմիական ռեակցիաների արագությունն է մեծանում և ջրիմուռների համար ստեղծվում են ծաղկման նպաստավոր պայմաններ, ինչն անցանկալի է Սևանի համար: Այս երևույթները նկատվել են վաթսունականներին, և առաջին բացասական ահազանգը լիճը տվեց իր ջրիմուռների ծաղկումով»:

Էվելինա Ղուկասյանը նշեց՝ կտրականապես դեմ ենք Սևանից հավելյալ ջրառի իրականացմանը. «Ցանկացած միլիոն խորանարդ ջրի կորուստը էկոլոգիական վիճակի վատացում է: Արարատյան դաշտավայրում մի իրավիճակ է ստեղծվում, որ գյուղատնտեսությունը հնարավոր լինի զարգացնել: Եթե Արարատյան դաշտում երաշտ է լինում, նմանատիպ իրավիճակ է նաև Սևանի ավազանում, այսինքն՝ նույնքան պակաս ջուր են բերում գետերը, մեծանում է ջրի գոլորշիականությունը, և նույն վտանգավոր վիճակում գտնվում է Սևանը»:

Էվելինա Ղուկասյանն առաջնային համարեց ջրաբանական հետազոտությունների իրականացումը բոլոր ջրային ավազաններում:

«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը հայտարարեց՝ համաձայն չենք հավելյալ ջրառին: Բայց նաև նշեց, որ հուսադրող երևույթներ է նկատում. «Այս տարի հուսադրող երևույթներ եղան այն առումով, որ առաջին անգամ տեսանք, որ կառավարությունում քննարկվում էին այն հարցերը, որ միշտ բարձրացրել ենք: Ոչ թե ջրի խնդիր ունենք, այլ սա վատ կառավարման արդյունք է: Բարձրացվեց կորուստների հարցը, փոքր ՀԷԿ-երի խնդիրը քննարկվեց նաև: Մենք միշտ ասել ենք դրա մասին, բայց ուշադրություն դարձնող չի եղել»:

Դառնալով ջրիմուռների ծաղկմանը՝ Կարինե Դանիելյանը նշեց. «Կապույտ, կանաչ ջրիմուռների ծաղկումը լճի ճիչ է, որ կյանքի մահու սահմանին եմ, նայեք ինձ, էլի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031