Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության ձեռնարկած եկամտահարկի իջեցման արդյունքում բյուջեն 60-70 մլրդ-ի կորուստ կունենա

Օգոստոս 24,2018 15:32

Կառավարությունը նախատեսում է հարկային բեռի թեթեւացում: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում լրագրողները ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանից հետաքրքրվեցին՝ դրանից բյուջետային ի՞նչ չափի կորուստներ կունենանք:

Մաշադյանը պատասխանեց, որ քննարկվում է եկամտահարկի դրույքաչափի փոփոխության հարցը. «Օրակարգում ունենք տարբեր դիրքորոշումներ, բայց հիմնականում քննարկվում է եկամտային հարկի դրույքաչափը սահմանել շահութահարկի դրույքաչափին հավասար, այսինքն՝ 20 տոկոս: Կարծում եմ, փոփոխությունը հնարավոր կլինի 2019-ի հունվարի 1-ից: Դրա արդյունքում, իհարկե, կունենանք հարկային եկամուտների կորուստներ՝ 60-70 մլրդ դրամի շրջանակներում, կարծում եմ, դա կփոխհատուցվի հարկ վճարողների կողմից աշխատավարձի իրական մեծությունները հայտարարագրմամբ, չգրանցված աշխատողների բացահայտման, ստվերի կրճատման արդյունքում»:

Հնարավոր է մինչեւ  300 հազար դրամ աշխատավարձի դեպքում եկամտահարկը լինի 20 տոկոս, դրանից բարձրի դեպքում՝ 25 տոկոս, վերջնական քննարկումների արդյունքում կորոշեն, կներկայացվի ԱԺ:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ նաեւ քննարկվում է միկրոբիզնեսին հարկերից ազատելու վերաբերյալ թեզը. «Նախ, այսօր մեր հարկային օրենսգրքում ունենք հարկման 5 ռեժիմներ, ուզում ենք կրճատել հարկման ռեժիմները, 3 ռեժիմ դարձնել: Այսինքն, լինի գերփոքրբիզնես, որի մեջ կներգրավեն որոշակի շեմ ունեցող կազմակերպությունները, եւ քննարկվում է տարբերակ, որ մինչեւ այդ շեմը ընդհանրապես հարկերից ազատվի: Բայց դեռեւս չեմ կարող ասել, թե որն է  այդ շեմը եւ ովքեր են այդ դաշտում գործելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031