Օգոստոսի 24-ին Հայաստան ժամանեց եռօրյա այցով Հարավային Կովկասի երկրներ ուղեւորված Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը: Նա այստեղ եկավ Վրաստանից եւ վաղը կմեկնի Ադրբեջան:
Սա տիկին Մերկելի առաջին այցն է Հայաստան: Երևանի Զվարթնոց օդանավակայանում ծաղկեփնջով նրան դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրապ Մնացականյանը, այլ պաշտոնատար անձինք ու դիվանագետներ:
Նշենք, որ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի հայաստանյան այցից առաջ գերմանական եւ հայկական պաշտոնական կողմերի միջեւ տեղի էին ունեցել մի շարք հանդիպումներ:
Ըստ ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության` Հայաստանի վարչապետի եւ Գերմանիայի կանցլերի բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում, այցելության շրջանակներում Անգելա Մերկելը հանդիպում կունենա ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, նաեւ կայցելի Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ