Ֆիլիպ Մորրիսի նորարարությունը՝ 6 ամիս Հայաստանում. մամլո ասուլիս
Հայաստանյան սպառողներին արդեն 6 ամիս է, ինչ հասանելի է ծխախոտային ոլորտը հիմնովին փոխակերպող առաջատար «Ֆիլիպ Մորրիս» ընկերության IQOS նորարարական արտադրանքը. Այլընտրանք սիգարետին, որը մշակված է ծխելու վնասը հնարավորինս նվազեցնելու համար և աշխատում է այրումը տաքացումով փոխարինելու սկզբունքի հիման վրա։ Հատկանշական է, որ մինչեւ պաշտոնական մեկնարկը՝ մեր երկրում 2,5 հազար չափահաս ծխող արդեն օգտագործում էր IQOS այլընտրանքային արտադրանքը. ընկերության հայաստանյան ներկայացուցիչներն օգոստոսի 23-ին լրագրողների հետ հանդիպմանը փաստեցին, որ օրեցօր ավելանում է IQOS-ի հանդեպ ծխողների հետաքրքրությունը Հայաստանում: Որպեսզի հանրությանը հուզող հարցերը սպառիչ պատասխաններ գտնեն, «Ֆիլիպ Մորրիս»-ի հայաստանյան ներկայացուցիչները մի շարք դիտարկումների արձագանքեցին:
-Եթե IQOS-ը պարունակում է նիկոտին, ապա ո՞րն է այս դեպքում այլընտրանքը:
-«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյան․-«Մեր կիրառած նորարարական մեթոդն է՝ այրումից անցնել տաքացման, այսինքն՝ ծխից անցնել գոլորշու: Միջազգային առողջապահական հեղինակավոր կառույցների ուսումնասիրությունները փաստում են, որ ծխախոտը տաքացնելով մինչեւ 350 աստիճան՝ զգալիորեն ավելի քիչ տոքսիկ նյութերի արտազատում է տեղի ունենում: Մինչդեռ մինչ վերջերս գոյություն ունեցող սիգարետային արտադրանքը ծխի միջոցով էր ծխողին նիկոտին մատակարարում: Գաղտնիք չէ, որ շատերը ծխում են հենց նիկոտին սպառելու համար: Միջազգային գիտական կազմակերպությունները փաստում են, որ նիկոտինը չի հանդիսանում ծխելու հետ կապված հիվանդությունների առաջնային վտանգ, այլ սիգարետի ծուխը. այս առումով մեր նորարարական արտադրանքը լուծում է նրանց համար, ովքեր չեն ցանկանում ծխելը թողնել: Այսինքն, մենք շարժվում ենք ավելի քիչ վնասակար եղանակով նիկոտին սպառելու ուղղությամբ: Ծխից զերծ լինելու փաստն էլ մեր արտադրանքը դարձնում է այլընտրանք»:
-Հարց է առաջանում՝ արդյո՞ք «Ֆիլիպ Մորրիս»-ի այլընտրանքային արտադրանքը անվնաս է և արդյո՞ք չի առաջացնում կախվածություն:
–«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովա․ -«Մենք երբեք չենք հայտարարել, որ մեր արտադրանքը ամբողջությամբ անվնաս է: Ծխելը վնասակար է ևվտանգավոր․ սիգարետի ծուխի մեջ առկա են 6000 տարբեր միացություններ, որոնցից մոտ 100-ը հայտնի են որպես վտանգավոր: Մեր նորարարական արտադրանքը նախատեսված է ծխելու հետևանքով առաջացած ռիսկերը նվազեցնելու համար, քանի որ առանց ծուխ արտադրատեսակներում բացակայում է այրումը որպես այդպիսին։ Արտադրանքը, այո, նիկոտին է պարունակում: Գիտականորեն ապացուցված է, որ նիկոտինը կախվածություն է առաջացնում: Հենց այդ պատճառով HEETS ծխախոտային գլանակների վրա գրված է՝ արտադրանքը զերծ չէ ռիսկերից եւ առաջացնում է կախվածություն: Որպեսզի սպառողը անցում կատարի սիգարետի այլընտրանքի, պետք է, որ նա ունենա նույն զգացողությունները և րիտուալը, որոնք իր համար հաճելի են սիգարետ ծխելու ընթացքում, ուստի մենք մեր արտադրանքը համապատասխանեցրել ենք այդ պահանջներին՝ նվազագույն վնասը նվազեցնելու սկզբունքով»:
-IQOS արտադրանքն արտաքին ձեւավորմամբ բավականին գեղեցիկ է, կարելի է ասել՝ թրենդային: Ձեր կարծիքով, դա չի՞ գրավում չծխողներին:
-«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյան․-«Մեկ օրինակով պատասխանեմ հարցադրմանը: Երբ «Ֆիլիպ Մորրիսը» մուտք գործեց ճապոնական շուկա, որն աշխարհի ամենաթրենդային հասարակություններից մեկն է համարվում, շատերն անցան IQOS-ի օգտագործման: Հատկանշական է, որ մեկ տոկոսից էլ պակաս էր այն օգտագործողների թիվը, ովքեր նախկինում ծխող չեն եղել: IQOS օգտագործողների մեծ մասը (97%) ծխողներ են, իսկ 1,4 տոկոսը՝ նախկինում այլ էլեկտրոնային ծխախոտային արտադրատեսակների սպառողներ: Ուստի տեսքը գրավիչ է ոչ թե չծխողի, այլ հենց ծխողի համար: Իհարկե, լավագույն որոշումը ծխելը թողնելն է, բայց եթե սպառողը չի ուզում հրաժարվել ծխախոտից, ցանկալի է, որ այլընտրանքային ծխախոտ օգտագործի»:
-Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի՝ ծխախոտի փոխարինիչները եւս հարկվում են: Հետաքրքիր է, ինչո՞ւ IQOS-ը չի հարկվում ակցիզային հարկով:
-«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյան․-«Ֆիլիպ Մորրիսը» որեւէ խնդիր չունի եւ չի կարող ունենալ ՀՀ հարկային դաշտում: HEETS ծխախոտային գլանակները հարկվում են ակցիզային հարկով, մաքսատուրքով և ավելացված արժեքի հարկով։ Ի լրումն դրան, մեր էլեկտրոնային սարքավորումը եւս հարկվում է՝ անմիջապես սահմանին՝ մաքսատուրքով եւ ավելացված արժեքի հարկով: Միայն այս տարվա վեց ամսում, ըստ ՊԵԿ ցուցանիշների, ութ միլիարդ դրամի հարկ ենք վճարել: ՀՀ 1000 հարկատուների ցանկում «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն 6-րդ տեղն է զբաղեցնում 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով: Ասել, որ մենք թերացել ենք այս առումով, ճիշտ չէ: Բացի այդ, մեր ընկերությունում պարբերաբար հարկային ստուգումներ են իրականացվում և ամեն տարի պարտադիր ֆինանսական աուդիտ, որի տվյալները հասանելի են հանրությանը։
-Heets անվամբ ծխախոտի տուփի վրա չկա բաղադրության մասին տեղեկատվություն: Կարո՞ղ եք պարզաբանել, թե ինչու:
-Այդ տեղեկատվությունը հասանելի է մեր պաշտոնական կայքում՝ ծխախոտի բաղադրության եւ առողջության վրա թողած հետեւանքների հետ միասին: Ավելին, սիգարետի պարագայում, համաձայն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգի պահանջներին՝ արգելվում է ծխախոտի տուփերի վրա արձանագրել նիկոտինի և խեժի պարունակությունը, քանի որ դա կարող է դիտարկվել որպես որովհետեւ մրցակցության և սպառողին գրավելու խնդիր»:
-«Ֆիլիպ Մորրիսը» ծխախոտ արտադրող կազմակերպությունից կարծես վերածվել է տեխնոլոգիական ընկերության, որն, ինչպես հայտնի է, աշխարհի խոշոր գիտահետազոտական կենտրոններից է գնում իր տեխնոլոգիաները: Ինչո՞ւ դրանք Հայաստանում չեն արտադրվում:
-«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյան․-«Գիտահետազոտական գործունեությունը Հայաստանի ուղղությամբ լայնացնելու առումով մեր նպատակն է նաեւ նոր սերնդի գիտնականների՝ ֆիզիկոսների, քիմիկոսների, ինժեներների կրթել՝ ֆինանսավորելով գիտական հետազոտություններ, որոնք ծխախոտի հետ կապ չունեն: ՀՀ իշխանությունների հետ ներկայում քննարկում ենք համագործակցության հետագա հնարավորությունները: Արդեն ունենք յոթ գիտական պայմանագիր ՀՀ-ի տարբեր գիտական ինստիտուտների հետ: Գտնում ենք, որ գիտնականին բարեգործությամբ «քնեցնել» չի կարելի․ նրան պետք է պատվեր տաս, ֆինանսավորես, որպեսզի նպաստի քո երկրի զարգացմանն, ինչպես նաև լուրջ աշխատավարձ ստանա»:
-Այսինքն, ՀՀ-ում առկա գիտահետազոտական կենտրոններն ունա՞կ են նման խնդիրներ լուծել:
-«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության կորպորատիվ հարցերով, գիտական ներգրավման ու ինովացիաների գծով կառավարիչ Վահե Դանիելյան․- «Իհարկե, օրինակ՝ Ֆիզիկայի, Տոքսիկոլոգիայի կամ Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտները, Պոլիտեխնիկական համալսարանը…Ներուժ, միանշանակ, կա, բայց ՀՀ-ն պետք է օգտվի իր հնարավորություններից՝ նորարար եւ մտավոր արտադրանքը նաեւ համաշխարհային շուկա արտահանելու համար: ԵՏՄ համաձայնագիրն այդ առումով հսկայական արտոնություններ է տալիս՝ ապրանքի ազատ տեղաշարժի տեսնակյունից: Մեր խնդիրն է, որպեսզի Հայաստանում եւս կատարվեն լուրջ գիտական հետազոտություններ: Մենք արդեն իսկ աշխատում ենք այդ ուղղությամբ»:
-Որքանո՞վ են հավաստի տեղեկությունները, որ Ֆիլիպ Մորրիս-ը մտադիր է դադարեցնել սիգարետի վաճառքը:
–«Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերության գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովա․-«Այո, մենք հավատում ենք, որ մի գեղեցիկ օր դադարելու ենք սիգարետ վաճառել: Հավատում ենք, որ մեր ապագան առանց ծուխ արտադրանքի հետ է կապված: Բայց այդ գործում մեզ հարկավոր է իշխանությունների և հանրության աջակցությունը, որպեսզի օգնենք չափահաս ծխողին թողնել ծխելը և անցնել այլընտրանքային արտադրանքին»:
Պատրաստեց Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆԸ