Լրահոս
Օրվա լրահոսը

Ռաֆիկ Մաշադյանը՝ Արտաշատի առեւտրականների բողոքի ցույցի մասին. Ի՞նչ են պարզել ու ինչ չարաշահումներ գտել

Օգոստոս 24,2018 14:17

Արտաշատում առեւտրականները բողոքի ցույցեր էին անում՝ դժգոհելով, որ հարկային տեռորի են իրենց ենթարկում, հարկային տեսուչները գալիս են ՀԴՄ ստուգելու, ամեն կերպ ջանում են տուգանել, իրենք ստիպված փակում են բիզնեսը, առեւտրականներից բողոքներ կան, որ տեսուչները մի քանի անգամ մտնում են խանութ, մի քանի ապրանք են գնում, իրենք մոլորվում են, շփոթվում են, կտրոնը չեն հասցնում տալ ու դրա դիմաց 300 հազար դրամ տուգանվում են՝ այն դեպքում, երբ խանութում 300 հազար դրամի ապրանք չունեն:

Այսօր «Արմենպրեսի» մամուլի սրահում ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը սրա հետ կապված լրագրողների հարցին, թե ի վերջո ի՞նչ հանգուցալուծում ստացավ այդ խնդիրը, լուրեր տարածվեցին, որ դա հրահրում է Հովիկ Աբրահամյանը, ի՞նչ պարզվեց ուսումնասիրության արդյունքում՝ պատասխանեց. «ՊԵԿ-ը փոքր հարկ վճարողների մոտ ստուգումներ չի իրականացնում, մենք շեմ ենք վերցրել մեզ համար, տարեկան կտրվածքով 50 մլն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ ենք իրականացնում ստուգումներ: Սա օրական կազմում է միջինը 150 հազար դրամ շրջանառություն: Դրանից ցածր շրջանառություն ունեցող կազմակերպությունում մենք ստուգումներ չենք իրականացնում, այլ խնդրում, հորդորում ենք այդ հարկ վճարողներին, որպեսզի ամբողջությամբ արտացոլենք իրենց իրացվող շրջանառությունները: 50-ից մինչեւ 115 մ,լն դրամ շրջանառություն ունեցող հարկ վճարողների մոտ մենք ստուգումներ իրականացնում ենք բացառապես զգուշացումներից հետո, այսինքն՝ մենք նկատում ենք ռիսկը, ուղարկում ենք ծանուցում, որտեղ նշում ենք առկա ռիսկերը, նոր դրանից հետո իրականացնում ենք ստուգում: Ցանկացած ստուգվող կազմակերպության մենք պատրաստ ենք ներկայացնել այն հիմքերը, ինչի արդյունքում նախատեսվել է ստուգումը: Եթե կլինի հարկ վճարողի կողմից համաձայնություն, մենք դա կքննարկենք հրապարակայնորեն, որովհետեւ հիմքերի մեջ կան հարկային գաղտնիք պարունակող տարրեր: Ինչ վերաբերում է, որ պարտադիր ուզում ենք ստուգումն ավարտենք խախտման արձանագրմամբ, մենք շատ ստուգումներ ավարտել ենք զրոյական, խախտումներ  չենք արձանագրել: Այն, որ տեսուչները մոլորության մեջ են ուզում գցել հարկ վճարողին, մի քանի անգամ են գնում կատարում եւ  միայն վերջին դեպքով է խախտում արձանագրվում, նման խնդիր կար նաեւ Արտաշատում»:

Անդրադառնալով կոնկրետ Արտաշատի բողոքի ցույցերին՝ պարոն Մաշադյանն ասաց. «Արտաշատի մի հարկ վճարողի կողմից ՊԵԿ նախագահին ներկայացվեց, որ կատարվել է մի քանի  գնում, այնուհետեւ վերջին գնման ժամանակ նոր ՀԴՄ կտրոն չի տրամադրվել: Տեղում մենք ուսումնասիրեցինք, պարզվեց, որ այդ գնումներն իրականում չէր արտացոլվել ՀԴՄ-ի միջոցով: Նոր սերնդի ՀԴՄ էր կիրառվել, երեւում է, թե ինչ գումար է մուտքագրվել, մենք ցույց տվեցինք, որ ոչ 10 հազար դրամի շրջանառությունն է արտացոլված ՀԴՄ-ով, ոչ 5000 դրամի: Չէր համապատասխանում իրականությանը տվյալ հայտարարությունը: Իհարկե, չենք բացառում, որ լինում են դեպքեր, երբ մեր տեսուչները փոքր-ինչ ավելի ջանասիրաբար են փորձում աշխատել եւ արձանագրել խախտումը»:

Մաշադյանը բացատրեց, թե ինչու են որոշ տեսուչներ նման համառորեն փորձում գտնել խախտում: Լինում են դեպքեր, երբ տեսուչը տեսնում է, որ իրեն դեմքով ճանաչելով՝ ՀԴՄ կտրոն տալիս են, իսկ մյուս հաճախորդներին չեն տալիս, հարկային մարմինների կողմից խախտում հնարավոր է արձանագրել միայն  այն դեպքում, երբ ինքներն են կատարում այդ հսկիչ գնումը, փորձում են հիմնավորել ու խախտումը բռնել:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ Արտաշատի դեպքում ասում էին, թե ստուգում է իրականացվել փոքր հարկ վճարողի մոտ, ում առեւտրային մնացորդը չի գերազանցում 600 հազար դրամը. «Ես ինքս անձամբ եմ եղել այդ կազմակերպությունում, դա առեւտուր իրականացնող կազմակերպություն չէր, այլ հացի արտադրամաս, որտեղ թխում եւ վաճառում էին, պարզ է, որ միանգամից 600 հազար դրամի արտադրանք դժվար թե հացի արտադրամասում լիներ»:

Բողոքներից մեկն էլ եղել է նրա մասին, որ դեռ բիզնեսը չսկսած՝ 6 ամիսը չլրացած, արդեն ստուգում են իրականացրել: Հետո պարզվել է, որ նախկինում այդ նույն հասցեում աշխատել էր այդ անհատ ձեռներեցին պատկանող ՍՊԸ, հարկային մարմինը այդ ընկերությունում արձանագրել էր ՀԴՄ շահագործման խախտման 2 դեպք, հարկ վճարողը ինքը որոշել էր, որ փակի այդ ՍՊԸ-ն եւ շարունակի աշխատել անհատ ձեռնարկատերով, որպեսզի 3-րդ խախտման արձանագրմամբ հարկման ռեժիմը չփոխվի: Այսինքն, վերագրանցել էր բիզնեսը:

Մաշադյանն ասաց, որ ծառայողական քննություն է ընթանում ՊԵԿ բաժնի պետի տեղակալի հետ կապված, ու եթե պարզվի, որ նա թույլ է տվել խախտում, անպայման կպատժվի:

Հարցին՝ հարկային տեսուչներից բողոքները շա՞տ են՝ Ռաֆիկ Մաշադյանը պատասխանեց. «Բոլոր այն դեպքերում, երբ բիզնեսի ներկայացուցիչները կորոշեն, որ իրենց գործունեությանը ՊԵԿ-ը անհարկի միջամտել է, տվեցինք մեր կազմակերպման հսկողության վարչության էլեկտրոնային հասցեն եւ խնդրեցինք, որ անպայման ահազանգեն, անգամ՝ նախկինում կատարված խախտումների համար: Անցել է մեկ ամիս, ունենք ընդամենը 5 դիմում, երկուսը վերաբերում է հարկային արտոնությունների տրամադրմանը, իսկ ՊԵԿ-ը նման արտոնություն տալու լիազորություն չունի, մնացածը ընթացակարգային խախտումներին են վերաբերվում, մեկ դեպքով արդեն ունենք ծառայողական քննության որոշում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031