Aravot.am-ը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ նա դադարել է ղեկավարել «Հայկական վերածնունդ» կուսակցության տեղի կառույցը․ ըստ շրջանառվող լուրերի՝ այն գլխավորում է Գյումրու ավագանու անդամ Հասմիկ Եղիազարյանը։ Մի՞թե պատճառն առողջական խնդիրներն են, որ երբեմնի ամենաակտիվ պատգամավորը վերջին շրջանում պասիվացել է։
Ի պատասխան մեր հարցի՝ Հովհաննես Մարգարյանն ասաց, որ այժմ ապաքինվել է, սակայն որոշել է դուրս գալ քաղաքականությունից ու ծավալել հասարակական գործունեություն։
Մեր հարցին՝ դուրս եք գալիս նաև կուսակցությունի՞ց, Հովհաննես Մարգարյանն ասաց․ «Բնական է` եթե դուրս եմ գալիս քաղաքականությունից, դուրս եմ գալիս նաև կուսակցությունից»։
Միթ՞ե պատճառն Արթուր Բաղդասարյանի կամ մյուս կուսակիցների հետ տարաձայնություններն են, Հովհաննես Մարգարյանն ասաց․ «Վստահեցնում եմ՝ որևէ տարաձայնություն չկա, ես ջերմ հարաբերությունների մեջ եմ և՛ Արթուր Բաղդասարյանի, և՛ իմ մյուս ընկերների հետ։ Ավելին, անուրանալի իրողություն է, որ ես իրենց աջակցությամբ ունեցել եմ մեծ ձեռքբերումներ, մենք եղել են և կմնանք կյանքի ու պայքարի լավ ընկերներ։ Ես անկեղծորեն մեծ հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ եմ ցանկանում իմ ընկերներին։ Ավելի քան 20 տարի եղել եմ կուսակցական, գիտակցում եմ, որ բազմաթիվ հաջողությունների հասել եմ իմ թիմի հետ՝ մեր ընդհանուր պայքարի արդյունքում, ես ուղղակի որոշել եմ հեռանալ քաղաքականությունից»։
Հետաքրքրվեցինք՝ երբևէ կվերադառնա՞ք քաղաքականություն, Հովհաննես Մարգարյանն ասաց․ «Չեմ ուզում այդ հարցին հիմա պատասխանել, ինչպես ասում են՝ երբեք մի ասա երբեք»։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ