Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշխատակիցների գրանցումը առեւտրային կազմակերպություններում 28 հազարով ավելացել է, հարկային եկամուտները կգերակատարվեն

Օգոստոս 24,2018 13:32

Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը հայտարարեց, որ առեւտրային կազմակերպությունների մոտ աշխատողների թվաքանակը  հուլիս ամսվա տվյալներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելացել է 28 հազար աշխատակցով: Այսինքն, հարկ վճարողների մոտ վարքագծի փոփոխություն կա, աշխատողներին սկսել են գրանցել: Ըստ Ռաֆիկ Մաշադյանի, սա լուրջ թիվ է: Ընդհանուր հանրապետությունում կա աշխատողների գրանցման 24 հազար ավելացում, սակայն պետական սեկտորում կա աշխատողների նվազում, փոխարենը՝ առեւտրային ոլորտում կա ավելացում

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված հարկատուների այս վարքագծի փոփոխությունը, ի՞նչ է եղել, որ սկսել են գրանցել՝ Մաշադյանը պատասխանեց. «Բոլորիս պարզ է, թե ինչով է պայմանավորված աշխատակիցների նման տեմպով գրանցելը: Ես կարծում եմ, որ մեր հարկ վճարողների մոտ հարկերի ինքնուրույն հայտարարագրման մղումները ավելացել են»:

Մաշադյանն ասաց, որ եթե անցյալ տարի առաջին 7 ամիսներին 583 ստուգում է իրականացվել եւ բացահայտվել է 854 չգրանցված աշխատող, ապա այս տարի ստուգումների քանակը կրճատվել է, դրանք դարձել են 522 եւ բացահայտվել է 844 չգրանցված աշխատող:

Բացի աշխատողների թվաքանակի ավելացումից, կա նաեւ աշխատավարձի արտացոլման առումով ձեռքբերումներ. «Այստեղ ունենք միջին աշխատավարձի բարձրացում, այսինքն, ճիշտ արտացոլում, ավելացել է շուրջ 8000 դրամով: Մեր երկրում հուլիս ամսվա տվյալներով միջին աշխատավարձը առեւտրային հարկ վճարողների մոտ կազմում է 188 հազար դրամ, նախորդ տարի կազմել է 180 հազար»:

Լրագրողները հետաքրքրվեցին՝ վերջերս հայտարարվեց, որ 7 ամիսների ընթացքում հավաքվել են ամբողջ 2018-ի բյուջեով նախատեսված հարկային եկամուտները, ինչի՞ հաշվին է դա եղել: Մաշադյանը պատասխանեց. «Այս տարի ՀՀ պետբյուջեի մասին օրենքով նախատեսված էր 1 տրիլիոն 248.5 մլրդ դրամ հարկային եկամուտների ապահովում, նախորդ տարվա համեմատ դա 93 մլրդ դրամով կամ շուրջ 8 տոկոսով ավելի է: Առաջին 7 ամսվա տվյալներով, հարկային ներհոսքը, հարկ վճարողների կողմից կատարված վճարումները 766,4 մլրդ դրամ են կազմել կամ 106,7 մլրդ դրամով ավելի, քան նախորդ տարի: Այդ գումարներից կատարվում են վերադարձներ, հիմնականում՝ արտահանում իրականացնող կազմակերպություններին, ու վերադարձներն այս տարի չափազանց գերազանցում են անցյալ տարվա ցուցանիշը: Մենք այս տարի արդեն հետ ենք վերադարձրել 61,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա  համեմատ 42,4 մլրդով ավելի է: Ստացվում է, որ զուտ ավել հավաքված գումարը կազմում է 64,3 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 10 տոկոսով: Իսկ քանի որ պետբյուջեի նախագծով 8 տոկոս ավելացում էր նախատեսվում, այս տվյալները՝ 10 տոկոսը, հույս է տալիս, որ մենք 2018-ին պետբյուջեն եկամուտների ապահովման առումով կկատարենք ու կգերակատարենք»:

ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ հստակ թվեր չի ուզում հնչեցնել, դիմացը դեռ 5 ամիս կա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031