Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասմիկ» մանկական ճամբարում կատարվածը՝ էթիկական նահանջ եւ իրավապահների թերացման պատճա՞ռ

Օգոստոս 24,2018 15:00

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը կատարվածում ինչ-որ հատուկ միտում չի տեսնում, ըստ նրա՝ այլ բան է, որ հատուկ միտում է այդ ամենը շահարկելը

«Սա անթույլատրելի է հատկապես անչափահասների պարագայում»,- «Առավոտի» հետ զրույցում անդրադառնալով Հանքավանի «Հասմիկ» մանկական ճամբարի երեխաների նկարների տարածմանը եւ ճամբարում կատարվածին՝ հայտարարեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ մեկ օր առաջ համացանցում լուսանկարներ տարածվեցին, որտեղ ներկայացված էին ճամբարի մանկահասակ տղա երեխաները՝ կանացի հագուստով եւ պճնանքով: Սա տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվեց՝ մինչեւ անգամ նույնասեռականության քարոզ:

Իսկ ճամբարի ավագ ջոկատավար Մայա Սիմոնյանը, անդրադառնալով միջոցառման բովանդակությանը, որի ընթացքում են այդ լուսանկարներն արվել, մեզ պատմեց. «Դա մեր միջոցառման մի հատվածն է, որտեղ տղա երեխաները ծաղրել են աղջիկների հագուկապն ու պահվածքը, երկրորդ մասում եղել է դիմակահանդես, որից էլ նկարներ են վերցրել ու ներկայացրել են որպես հակաքրիստոնեական, բայց տեղյակ չեն, որ փոքրիկ բեմադրություն ենք արել, եւ դրա մասին կարող են իմանալ միայն տեսանյութը դիտելուց հետո»:
Ժաննա Ալեքսանյանից հետաքրքրվեցինք՝ սա էթիկական նահա՞նջ գնահատել՝ հաշվի առնելով նաեւ այն, որ օրեր առաջ էլ գեներալ Մանվել Գրիգորյանի՝ մեկուսարանում արված լուսանկարը տարածվեց: Իրավապաշտպանն ասաց. «Սա, իհարկե, ոչ միայն էթիկական խնդիր է: Մանվել Գրիգորյանի դեպքում մեկուսարանում առանց իր համաձայնության արված լուսանկարի տարածումն անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքի խախտում է, եւ անպայման իր համաձայնությունը պիտի լիներ, չգիտեմ՝ ով է արել այդ լուսանկարն ու ինչ նպատակով դա տարածել: Դատապարտելի է մարդուն նսեմացնող այդ արարքը, ստորացնող է անթույլատրելի եւ անընդունելի»:
Անդրադառնալով անչափահաս երեխաների նկարների տարածմանը՝ Ժաննա Ալեքսանյանը շեշտեց՝ իրավապահները պիտի պարզեն, թե ովքեր են տարածում այդ լուսանկարները. «Անթույլատրելի մի բան է անչափահասների դեպքում: Իրավապահների միջամտությունն է պարտադիր, պետք է պարզել՝ ինչու, ովքեր, ինչ նպատակով են դա արել, պիտի մեկը սաստի նրանց»:
Ժաննա Ալեքսանյանը մտահոգություն հայտնեց՝ սրանք դեռ ծաղիկներն են, քանի որ անպատժելիություն է տիրում. «Չեմ բացառում, որ հետո եւս նման երեւույթների ականատես լինենք, քանի որ տեսնում ենք՝ քաղաքական մթնոլորտն ինչպիսին է, ինչպիսի լարվածություն կա, ուստի շատ անթույլատրելի բաներ կարող են հայտնվել: Այստեղ իրավապահ մարմիններն անելիք ունեն»: Ժաննա Ալեքսանյանը նկատեց՝ վտանգ կա, որ եթե աղմուկ չլինի, նման երեւույթները կարող են սովորական դառնալ:
Նշենք, որ ճամբարի ավագ ջոկատավարը մեզ հայտնել էր, որ այդ լուսանկարները տեղադրվել են իրենց փակ խմբում: Մեր այն հարցին՝ իսկ ինչպե՞ս են երեխաների լուսանկարները տարածվել համացանցում, եթե խումբը փակ է եղել, եւ արդյոք ճամբարի ղեկավարությունը չի՞ պատրաստվում դիմել իրավապահներին, Մայա Սիմոնյանը պատասխանել էր՝ հարցը դեռ քննարկման փուլում է:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը որեւէ վատ բան չի տեսնում կատարվածում եւ համամիտ է ճամբարի աշխատակիցների կողմից հնչած պարզաբանման հետ: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Վառ երեւակայության տեր մարդիկ փորձում են ամեն ինչի մեջ անհամեմատելի երեւույթներ գտնել: Մի բան է, երբ Մանվել Գրիգորյանի լուսանկարն են տարածում մեկուսարանից, մեկ այլ բան է հրապարակային միջոցառումները, որտեղ դերախաղեր կարող են լինել: Ճամբարում միջոցառում են կազմակերպել, որում կարող են նաեւ տարբեր հագուստներ հագնել, թատերական ներկայացումներ ու խաղեր լինել: Այստեղ չեմ տեսնում, որ ինչ որ հատուկ միտում կա, այլ բան է, որ հատուկ միտում է այդ ամենը շահարկելը»:
Ըստ Արթուր Սաքունցի՝ ճամբարի տարածքը հանրային է, փակ, գաղտնի, անձնական տարածք չէ: Մեր հարցին, եթե երեխաների ծնողները փորձեն դատի տալ իրենց երեխաների նկարները տարածելու համար, ի՞նչ իրավական երաշխիքներ կան, նա պատասխանեց. «Հիմքեր չեմ տեսնում, կարող է ինչ-որ միջոցառում են կազմակերպել դերախաղերի միջոցով: Բոլոր դերասանները պրոֆեսիոնալ կնոջ կամ տղամարդու դեր են խաղում հրապարակային միջոցառումների ժամանակ, այդտեղ մեկնաբանողների խնդիրն է, թե ինչպես են նրանք մեկնաբանում՝ ամեն մեկն իր արժեհամակարգի, պատկերացումների համաձայն»:

Նշենք, որ Camp- Hasmik «Հասմիկ» ճամբար ֆեյսբուքյան խմբում ծնողների մեծամասնությունը հանդես է եկել ի պաշտպանության ճամբարի մանկավարժների՝ նշելով, թե ամեն ինչի մեջ մարդիկ կեղտ են ման գալիս: Մի ծնող էլ գրել է. «Վերջ տվեք նենգամիտ քննադատություններին, նոր իշխանությանն էլ մի խառնեք էս ամենին ու ընդհանրապես, հանգիստ թողեք մեր երեխեքին»։ Մեկ ուրիշն էլ այսպես է արտահայտվել. «Ախր հակառակի պես ճամբարը 20 օրով մեր երեխաներին կտրել է այս այլասերված միջավայրից, հեռախոսից ու ինտերնետից»:

ՏԱԹԵՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ»

23.08.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031