Այսօր ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում անդրադարձավ հարկային ստուգումներին, որոնց հետ կապված հանրության մոտ հաճախ սխալ պատկերացում կա:
Նա ասաց, որ հարկային ստուգումերը երկու տեսակ են լինում՝ համալիր հարկային ստուգումներ եւ թեմատիկ: Համալիրը համարվում է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգումներ: Թե ո՞ր կազմակերպություններում են լինում համալիր ստուգումներ՝ ցանկ է կազմվում՝ ըստ ռիսկայնության, որը հրապարակվում է կայքում: Այդ ցանկում 70 տոկոս բարձր ռիսկայնությամբ ընկերություններն են ընդգրկվում, որեւիցե միջամտություն համակարգին հնարավոր չէ իրականացնել, ընտրվում է ավտոմատ: Հնարավոր է նաեւ համալիր ստուգումներ իրականացվեն իրավապահ մարմինների՝ քննիչների որոշումների հիման վրա, բայց դա փոքր տոկոս է կազմում:
Ինչ վերաբերում է թեմատիկ ստուգումներին, դրանք կարող են լինել ՀԴՄ ճշտության, չգրանցված աշխատողների, ակցիզային դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգումներ:
Հիմնական բողոքները ՀԴՄ ստուգումներին են վերաբերվում: Այս ստուգումներն իրականացվում են հետեւյալ 4 հիմքերի առկայության պայմաններում՝ ՊԵԿ մոնիտորինգային կենտրոնի կողմից ի հայտ բերված ռիսկային հարկ վճարողներ են լինում, մոնիտորինգային կենտրոնը ավտոմատ ռիսկերն է գնահատում, մասնավորապես, երբ մթերային խանութում 2-3 ժամը մեկ մի կտրոն է տպվում, հանրային սննդի օբյեկտում որոշակի ժամերին կտրոնների քանակի կամ գումարի էական իրարից տարբերվող բաներ են գտնում: Հարկատուներին ռիսկերի վերաբերյալ ավտոմատ ծանուցվում է:
Եթե վարքը չի փոխվում, իրականացվում է ստուգում: Մաշադյանի խոսքով՝ «Մեր աշխատակիցները գնում նայում են՝ իրականում 4 ժամը մեկ է կտրոն տալիս, թե՞ ոչ, ասենք, հանրային սննդի ոլորտ է, արտաքին դիտարկմամբ գնում նայում են՝ իրականում մատուցողերը 10-ն են, թե՞ 11-ը՞»:
Չգրանցված աշխատողների բացահայտմանն ուղղված ստուգումները իրականացվում են ՊԵԿ վերլուծության բաժինների կողմից իրականացված վերլուծությունների արդյունքում. «Ասենք, մենք տեսնում ենք, որ կազմակերպությունում շահագործվում է թվով 10 ավտոմեքենա, վարորդների քանակը 5-ն է, սա գնահատվում է ռիսկ»:
Մամուլում կա դիրքորոշում, որ ՊԵԿ աշխատողներն ամեն ինչ անում են, որ խախտում արձանագրվի: Մաշադյանը հրապարակեց տվյալներ, որոնք հերքում են դա: Ըստ այդմ, 2017-ի առաջին 7 ամիսների ընթացքում ՀԴՄ ճշտության ստուգումների 17 տոկոսը ավարտվել են՝ խախտումներ չարձանագրելով, 2018-ին՝ 26.5 տոկոս է կազմել այդ թիվը. «Մենք մեր իրականացված ստուգումների մոտ 1/3-ը ավարտում ենք՝ խախտումներ չարձանագրելով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ