Քաղաքացիական գործեր քննող դատավորներ Կարինե Պետրոսյանը եւ Ալեքսեյ Սուքոյանը դատի են տվել Գագիկ Հարությունյանի ղեկավարած Բարձրագույն դատական խորհրդին եւ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին։
Դատավորները օգոստոսի 13-ին հայցադիմում են ներկայացրել ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով «Սնանկության դատարանի դատավորներ նշանակելու համար թեկնածություններ առաջարկելու վերաբերյալ» 2018 թվականի օգոստոսի 6-ի ԲԴԽ-31-Ո-75/2018 թվականի որոշումը եւ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագիրը ճանաչել անվավեր։ Սա առաջին անգամ է, երբ դատական կարգով դատավորը վիճարկում է ԲԴԽ որոշումը։
Բանն այն է, որ օգոստոսի 6-ին Բարձրագույն դատական խորհրդի կողմից փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվել են սնանկության գործով դատարանի դատավորները։ 22-ից ընտրվել են 12-ը, որոնց էլ ներկայացրել են ՀՀ նախագահին։ Ըստ դատական օրենսգրքի՝ Սնանկության դատարանը սկսելու է գործել 2019 թվականի հունվարի 1-ից եւ լինելու է միայն սնանկության գործեր քննող դատարան։
Փակ գաղտնի քվեարկության արդյունքում ընտրված թեկնածուներն են՝ Արտաշես Հովհաննիսյանը, Բագրատ Մկրտչյանը, Գեւորգ Նարինյանը, Արմեն Չիչոյանը, Տիգրան Փոլադյանը, Արթուր Աթաբեկյանը, Գարիկ Ավագյանը, Արսեն Բաբայանը, Սամվել Թադեւոսյանը, Արմեն Խաչատրյանը, Լիլիթ Կատվալյանը, Արա Կուբանյանը։ Չընտրված դատավորներ Կարինե Պետրոսյանին եւ Ալեքսեյ Սուքոյանին, սակայն, չի գոհացրել ԲԴԽ այս որոշումը։
Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ դատավորներ են եղել, որոնք անձամբ խնդրել են ԲԴԽ անդամներին, որ իրենց աջակցեն ընտրվել, բացի այդ, նշվում է, որ ընտրվածների մեջ եղել են դատավորներ, որոնք սնանկության գործեր քննելու փորձ չեն ունեցել, մինչդեռ չընտրվածները փորձառու դատավորներ են, անգամ սնանկության թեմայով դասախոսություններ են կարդում։
Դատավոր Կարինե Պետրոսյանը պատասխանել է սույն թեմայի վերաբերյալ մեր մի քանի հարցերին։
– Տիկին Պետրոսյան, կներկայացնե՞ք նախապատմությունը եւ ինչո՞ւ որոշեցիք հայց ներկայացնել ԲԴԽ-ի դեմ։
– Ըստ դատական օրենսգրքի՝ 2019 թվականի հունվարի 1-ից սկսելու է գործել ՀՀ սնանկության դատարանը, որում դատավոր նշանակվելու համար ըստ դատական օրենսգրքի՝ դատավորները իրավունք ունեին դիմումներ ներկայացնել։ Քաղաքացիական գործեր քննող դատավորները իրավունք ունեին դիմումներ ներկայացնել, այնուհետեւ ԲԴԽ-ի կողմից փակ գաղտնի քվեարկության արդյունքներով նշանակվել դատավոր կամ չնշանակվել։ Դիմում ներկայացրել է 22 դատավոր, որոնցից երեքը հետագայում հրաժարվել են, 19-ից ընտրվել է 12-ը։ Ընդ որում, ի սկզբանե նյութերում եւ տարածված տեղեկատվության մեջ կան որոշակի անճշտություններ եւ օրենքի խախտումներ, ինչի արդյունքում փակ գաղտնի քվեարկությամբ մի քանիսը չեն ընտրվել, այդ թվում նաեւ երկու դատավոր. ես եւ Ալեքսեյ Սուքոյանը։ Սենք, հաշվի առնելով, որ դա հանրային իրավահարաբերություն է եւ ԲԴԽ-ի որոշումը դիտարկելով որպես վարչական ակտ, բողոքարկել ենք ՀՀ վարչական դատարան, դատարանն այն վարույթ է ընդունել։
Դիմումը քննության է ներկայացված սույն թվականի սեպտեմբերի 17-ին, ընդ որում, գործով երրորդ անձ են նշանակվել նաեւ Սնանկության դատարանում ԲԴԽ-ի կողմից ընտրված բոլոր 12 դատավորները։
– Այսինքն՝ հայց եք ներկայացրել ընդդեմ ԲԴԽ-ի։
– Այո, սա աննախադեպ բան է, որովհետեւ առաջին անգամ են ԲԴԽ-ի գործողությունները բողոքարկվում դատական կարգով, որպեսզի դատավորները համաձայն չլինելու պարագայում կարողանան բողոքարկել Բարձրագույն դատական խորհրդի որոշումները։
– Ասացիք՝ օրենքի խախտում կա, խոսքը ԲԴԽ-ի՞ կողմից խախտման մասին է:
– Մեր կարծիքով ԲԴԽ-ի կողմից է օրենքի խախտումը, նախ ընդհանրապես կազմակերպել են այդ աշխատանքները բազմաթիվ խախտումներով, քանի որ գործը դատարանում է, այդ մասին որեւէ կանխակալ կարծիք հայցի վերաբերյալ այս պահին չեմ ցանկանում հայտնել։
– Բազմաթիվ խախտումներից մի քանիսը կնշե՞ք։
– Ձեր թույլտվությամբ այդ մասին խոսենք սեպտեմբերի 17-ին. այդ օրը մեր առաջին նիստն է, որից շատ բան է կախված՝ թե հայեցակարգի, թե՛ մեր գործողությունների, դրա համար մինչեւ սեպտեմբերի 17-ը կխնդրեի ժամանակ տալ։
Տաթեւ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում