Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԺ-ի «մրցույթը»՝ հատուկ Toyota-ի համար. «Հրապարակ»  

Օգոստոս 24,2018 11:47

ԱԺ աշխատակազմն օգոստոսի սկզբին 4 նոր ավտոմեքենա ձեռք բերելու մրցույթ է հայտարարել, որը հաղթել է «Տոյոտա Երեւան» ընկերությունը։ Այն ճապոնական Toyota-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում եւ պատկանում է Ռ. Քոչարյանի ընտանիքին։ Իհարկե, Toyota-ն բարձր որակի, դիմացկուն ավտոմեքենաներ է արտադրում, ինչն անվիճելիորեն հատկապես հայաստաևյան պայմաններում շահագործվելուն հարմար է։ Ու նաեւ դա է պատճառը, որ պետական ավտոպարկում հիմնականում Toyota-ներ են՝ Camry, Corolla, Land Cruiser Prado, Land Cruiser 200 եւ այլն։ Մյուս ոչ պակաս կարեւոր արգումենտն էլ պայմանավորված է Քոչարյանի ֆակտորով։ Ի վերջո, որքան էլ որ Toyota-ն լինի որակյալ եւ պահանջված, եթե դրա հետեւում կանգնած չլինի ազդեցիկ մեկը, ով կկարողանա առաջ մղել իր ընկերությունը պետական տենդերներում, հազիվ թե այդ ընկերությունը նման ծավալի ներկայացվածություն ունենա պետական ապարատում։ Բայց դա չի նշանակում, որ Հայաստանում այլ որակյալ եւ մատչելի մակնիշներ չկան, որոնք կարելի է շահագործել եւ այժմ էլ շահագործվում են պետական ապարատում, եւ դա չի նշանակում, որ պետք է ձեւական մրցույթ անցկացնել։ Բանն այն է, որ ԱԺ աշխատակազմն իր հայտարարած գնանշման մրցույթի պայմաններում ամբողջությամբ նշել է Toyota Camry-ի պարամետրեր։ Օրինակ՝ շարժիչի դեպքում նշել է 2.5 լիտր աշխատանքային ծավալով, 181 ձ/ու հզորությամբ Dual WT-i շարժիչ, 6-աստիճան ավտոմատ փոխանցումատուփով։ Մյուս պարամետրերում եւս Camry-ի տվյալներն են։ Այս դեպքում արդեն այլ ընկերություններ չեն կարողանա մասնակցել մրցույթին, քանի որ, օրինակ, Nissan-ի, Hundai-ի, Kia-ի եւ մյուսների համապատասխան դասի մոդելները չունեն, օրինակ, Dual WT-i-ի  շարժիչ, որը Toyota-ինն է միայն։ Բայց սա դեռ ամենը չէ։ ԱԺ-ն իր պահանջներում այնքան է անկեղծացել, որ վերջում «խստովանել» է, թե ինչ մեքենա է ուզում՝ Toyota Camry:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ռուբեն Գրիգորյանն այս հանգամանքը բացատրելիս նախ ասաց, որ ամեն ինչն արվել է օրենքի տառին համապատասխան, եւ իրենք, այո, հենց Toyota Camry էլ ցանկացել են գնել։ Մինչդեռ նմանատիպ մրցույթներում սովորաբար նշում են մեքենայի դասն ու գնային արժեքը, ոչ թե կոնկրետ մակնիշը։ Եվ բնական է, որ հաղթել է Toyota-ն, որն ԱԺ-ին կվաճառի չորս հատ 2018 թվականի արտադրության Toyota Camry՝ ընդհանուր 44 միլիոն 333 հազար 300 դրամ արժեքով։ Այս մեքենաները, ըստ Գրիգորյանի, իրենք ձեռք են բերում ԱԺ-ի տնտեսած միջոցներից։ Մոտ 60 մլն դրամ են այս պահի դրությամբ տնտեսել, որի հաշվին էլ որոշել են մեքենա ձեռք բերել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031