Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանը՝
ոլորտում կուտակված խնդիրների եւ դրանց լուծման ուղիների մասին
-Հայաստանի գյուղատնտեսության զարգացման առաջին նախապայմանը ոռոգման ջրի առկայությունն ու անխափան մատակարարման ապահովումն է, որ այդպես էլ չի հաջողվել: Այս առումով գյուղում չթաքցված դժգոհություն կա համակարգից: Եվ դա այն դեպքում, երբ խորհրդային տարիներին հանրապետությունում մինչեւ 275 հազար հա տարածք է ոռոգվել, մինչդեռ վերջերս խոսվում էր 85-86 հազար հա հողերի ոռոգման մասին:
– Այստեղ կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ: Այո, վերջին տարիներին հանրապետությունում զգալիորեն կրճատվել է ջրի դրական բալանսը՝ մասնավորապես Արարատյան դաշտավայրում: Դրա պատճառը ոչ միայն որոշ տարիների սակավաջրությունն է, այլեւ վերջին տարիներին վարվող ջրօգտագործման քաղաքականությունը: Սա ոչ միայն ոռոգման համակարգերի, այլեւ արդյունաբերության, գյուղատնտեսության եւ այլ ոլորտների կառավարման լուրջ սխալների արդյունք է: Եվ այդ սխալները կուտակվել են ոչ թե մեկ տարում, այլ՝ ավելի քան երկու տասնամյակում:
-Կարո՞ղ եք մանրամասնել, թե ի՞նչն է ի վերջո բերել այսօրվա իրավիճակին։
-Սկսեմ նրանից, որ Արփա-Սեւան թունելի կառուցման եւ շահագործման ժամանակ թույլ տրված բացթողումների եւ սխալների արդյունքում 100-150 մլն/մ3-ով կրճատվել է ջրի տարեկան փոխադրումը Կեչուտի ջրամբարից Սեւանա լիճ: Ջուրն առանց օգտագործվելու հոսում է դեպի հարեւան երկրներ: Թուրքիայում՝ Արաքսի եւ Կարսաչայի վրա ջրամբարների կառուցման արդյունքում, նույն քանակով կրճատվել է Ախուրյանի ջրամբարի օգտակար ջրատվությունը: Արփի լիճ ջրամբարի՝ որպես արգելոց հռչակումը կրճատել է դրա օգտակար ջրատվությունը մոտավորապես 40-50 մլն/մ3–ով:
Մյուս կողմից Արարատյան հարթավայրի արտեզյան շերտերից ձկնաբուծության համար տրված՝ չկանոնակարգված ջրօգտագործման թույլտվությունները եւ դրանցով սահմանված ցուցանիշները զգալիորեն գերազանցող ջրառի նկատմամբ վերահսկողության բացակայությունը հանգեցրին ոչ միայն ստորերկրյա ջրերի դարավոր պաշարների հյուծմանը, այլեւ Արմավիրի մարզի ոռոգման գլխավոր աղբյուրներից մեկի՝ Սեւջուր գետի, չորանալուն: Արդյունքում, ամենահամեստ հաշվարկներով, ոռոգման համակարգերն այստեղ զրկվեցին տարեկան 90-100 մլն մ3 ջրից: Ցավոք, սրանք հիմնականում, սուբյեկտիվ գործոններով պայմանավորված անցյալի սխալներն են, որոնք այսօր վերածվել են համընդհանուր խնդրի՝ կրճատելով ոռոգման ջրի դրական բալանսը՝ տարեկան մոտավորապես 400 մլն մ3- ով:
Եթե այս ամենին գումարենք գյուղատնտեսական տարածքների մասնատումը, ջրի կարգավորման եւ փոխադրման համակարգերի մաշվածությունն ու քայքայվածությունը, մեխանիկական ոռոգման հիմնական ֆոնդի կորուստը, սխալ վարչարարությունը, կադրային արտահոսքը, ապա պատկերը ամբողջական ու հասկանալի կդառնա:
-Այս տարի էլ կարծես թե ոռոգման համակարգում խնդիրների պակաս չկա, պակասում է միայն ջուրը։
-Ինչ վերաբերում է ոռոգման ջրի մատակարարմանը, ապա այս տարի սակավաջրության հետեւանքով, իսկապես, հնարավոր չի եղել լիարժեք բավարարել ոռոգման ջրի պահանջարկը: Ես համակարգ եմ եկել ոռոգման ամենաթեժ շրջանում, այլապես հնարավոր կլիներ ձմռան ամիսներին արդեն կանխատեսվող երաշտի պայմաններում իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ՝ իրավիճակը մեղմելու համար: Այս պահին փորձում ենք առաջնահերթ օպերատիվ խնդիրները կարգավորել, զուգահեռ նախապատրաստվում ենք ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելուն: Իսկ առաջնահերթություններից պետք է լինեն ոռոգման արդյունավետ եղանակների ներդրումը, ջրախնայողությունը, Սեւանա լճից ջրառի սահմանափակումը (ռազմավարական ծրագրեր իրականացնելուց հետո՝ ջրառի ծավալի կտրուկ նվազեցումը), ջրամատակարար-գյուղացի փոխշահավետ համագործակցության մեխանիզմների ներդրումը, ոռոգման ջրի եւ ջրի էներգետիկ ներուժի օգտագործման առկա հակասությունների կարգավորումը, ջրի կառավարման տնտեսագիտական մեխանիզմների ներդրումը, հոսակորուստների շարունակական նվազեցումը, ջրային օբյեկտների համալիր օգտագործման ապահովումը եւ այլն: Մենք չենք կարողանում գնահատել Աստծո տված ամենամեծ բարիքը՝ ջուրը: Տարածաշրջանի քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարը մերն է, սակայն մինչ օրս չենք մշակել մեր վերգետյնա ու արտեզյան պաշարների պահպանման ու օգտագործման այն ռազմավարությունը, որը պետք է բխի երկրի կայուն զարգացման սկզբունքից:
-Ի՞նչ առաջնահերթ քայլեր պետք է անել, որոնց մեկ-երկու տարիներին չանելու դեպքում «կորցնելու ենք»:
– Առաջինը Սեւանն է: Այստեղ, որպես առաջին քայլ, պետք է նվազագույնի հասցնել Սեւանից վերցվող ջրի քանակությունը եւ վերացնել լճի աղտոտումը կենցաղային եւ կոյուղա-ջրերով: Պետք է լուծել հիդրոկայանների ու ձկնարդյունաբերող ընկերությունների կողմից ջրի արդյունավետ օգտագործման հարցը: Ձկնաբուծությունը պետք է անցնի խնայող ռեժիմի՝ կիրառելով շրջանառվող ջրօգտագործման փակ համակարգեր:
Երկրորդը ջրամբարաշինությունն է: Հայաստանով հոսող ջրերը հնարավորինս պետք է մնան հանրապետության տարածքում, ինչպես դա անում է մեր հարեւան Թուրքիան: Այնտեղ այսօր 22 մլրդ դոլարի հիդրոշինարարություն է իրականացվում: Մոտ ապագայում նրանք կփակեն դեպի Ախուրյան հոսող բոլոր ջրերի հոսքը, իսկ մենք ստիպված ենք լինելու ավելի վար գտնվող հատվածներում կիսել գետի ջուրը, որ կազմավորվելու է միայն մեր տարածքում: Ծրագրեր կան, կան նաեւ որոշակի ֆինանսավորողներ: Նոր ջրամբարների կառուցումը մեզ թույլ կտա կուտակել ջրի լրացուցիչ պաշարներ, բարձրացնել ջրապահովման մակարդակը: Բացի այդ, ունենք 20 խոշոր եւ 60-ից ավելի փոքր ջրամբարներ, որոնք տարբեր ենթակայության են: Ավելի քան քսան տարի սրանք դիտարկվել են որպես ջրթող անոթներ: Դրանց մի մասը արդիականացման կարիք ունի. պետք է հետազոտել, որոշել ջրամբարների կայունության, «առողջության» աստիճանը, ճշտել վտանգավորության, վթարայնության ցուցանիշները: Ներկայումս այդ խնդիրը լուծվում է միայն պրոֆեսիոնալների էնտուզիազմի շնորհիվ: Եթե անմիջապես քայլեր չիրականացվեն մասնագետների գիտագործնական ներուժը թարմացնելու ուղղությամբ, անդառնալի կորուստներ ենք ունենալու:
Առաջնահերթ խնդիրներից է նաեւ ոռոգման գերնորմատիվային ծավալների առանձնահատկությունների բացահայտումը, եւ շահագրգիռ կողմերի շահերի պահպանմամբ՝ լուծումներ գտնելը: Համակարգում պետք է անձնագրավորում իրականացվի՝ գնահատելու համար, թե կառուցվածքների ո՞ր մասն է հիմնովին շարքից դուրս եկել, ո՞ր մասը շտապ հիմնանորոգման կարիք ունի: Համակարգի «առողջության» պատկերը պետք է ունենանք:
– Եթե ամենաառաջինը Սեւանն է, դուք հաշվարկ ունե՞ք, թե ջրամբարներում աճեցված 1 կգ ձուկը ի՞նչ է նստում պետության վրա եւ ինչպե՞ս է Սեւանի հաշվին «կայացել» ձկնաբուծության բիզնեսը:
– Հարցի իմաստը հասկանալի է: Որոշ վերապահումներով՝ հարցադրմանը համաձայն եմ: Այո, այդ տնտեսություններն օգտագործում են այս երկրի ռազմավարական ռեսուրսը, իսկ իրենց թվում է, որ բնության տված, արժեք չունեցող ջուրն են օգտագործում: Այս խնդրի լուծման սկզբունքների մասին արդեն խոսել ենք: Պետական խիստ մոտեցման դեպքում հնարավոր է եղած նորագույն տեխնոլոգիաներով փակ ցիկլով ձկնարդյունաբերություն կազմակերպել՝ վերցնելով ներկայումս օգտագործվող ջրի ընդամենը 3-5%-ը: Այսօր ձկնաբուծարաններին տրվող ջրի գինը հիմնավորված չէ: Պետությունը պետք է վարի ջրի գնագոյացման այնպիսի քաղաքականություն, որպեսզի ձկնաբույծը շահագրգռված լինի անցնելու խնայող տեխնոլոգիաների: Այլապես վայրկյանում մի քանի տասնյակ խորանարդ մետր ջուր վերցնող ձկնաբուծարանը, երբ տարեկան վճարում է ընդամենը մի քանի դրամ բնապահպանական վճար, ոչ մի ջրախնայող եղանակ չի էլ մտածի կիրառել: Արարատյան դաշտավայրում ձկնաբուծության համար այսօր օգտագործվող ջուրը կբավարարի ե՛ւ ձկնաբուծությանը, ե՛ւ շատ գյուղերի ոռոգման ապահովմանը: Ոռոգման ջրի հարցն այլեւս Հայաստանի համար անվտանգության խնդիր է:
– Ոչ վաղ անցյալի մեր պաշտոնյաները «կատակում էին», որ ծով չունենալով ավելի շատ ձուկ ենք արտահանում, քան Վրաստանն ու Ադրբեջանը: Բոլորին է հայտնի, թե ովքեր են իրականում ձկնաբուծարանների տերերը եւ ամբողջ ջրային համակարգը ինչպես է ծառայեցվել նրանց:
– Իրավիճակ է փոխվել: Նոր մոտեցումներ են որդեգրվում: Վստահ եմ, այս հարցում էլ կտեսնենք ճիշտ ու արդյունավետ քայլեր եւ այստեղ էլ արդարությունը կվերականգնվի: Պատրաստ ենք դրսեւորել հեղափոխական կամք՝ ջրային ոլորտի խնդիրները լուծելու համար։
-Իրավական կարգավորման խնդիրներ ոլորտում շա՞տ կան:
– Մեզ Ջրային նոր օրենսգիրք է պետք: Գործող օրենսգրքի ընդունումից անցել է 16 տարի: Շատ բան է փոխվել: Որոշ մոտեցումներ հնացել են: Սակայն կա առավել կարեւոր պատճառ. ջրային գործող օրենսգրքից տարիներ շարունակ, խմբակային շահերին տուրք տալով, հանվել ու աղավաղվել են շատ դրույթներ՝ խախտելով դրա տրամաբանական հենքը: Կարծում եմ այստեղ իր լուրջ անելիքն ունի հանրապետության՝ Ջրի ազգային խորհուրդը, որտեղ համախմբված են ջրի հետ առնչվող մարմինների ներկայացուցիչներ ու բնագավառի պրոֆեսիոնալներ: Կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ Ջրի ազգային խորհրդի նախագահը հանրապետության վարչապետն է:
ԱՇՈՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
«Առավոտ»
23.08.2018