Դավիթ Սիմոնյանի առեւանգման գործով փոխվել է երեք քննիչ: Նա իր պաշտպանի՝ ՓՊ հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանի հետ օրերս բողոք է բերել: Եվ բողոք է բերել այդքան ուշացումով, քանի որ Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ, առաջին դասի խորհրդական Տ. Մուրադյանի օգոստոսի 7-ի գրությամբ ուղարկվել է մեկ այլ քննիչի՝ Գ.Սիմոնյանի անցյալ տարվա հոկտեմբերի կասեցման որոշումը: Տվյալ դեպքում, տուժող ճանաչված Դավիթը չի իմացել կասեցման մասին, նրան ոչինչ չեն ասել, եւ նա մտածել է, թե իր գործով «նախաքննությունը դեռ շարունակվում է»:
Դավիթ Սիմոնյանը երեկ «Առավոտում» էր, ասաց, որ դեպքը տեղի է ունեցել 2016թ. օգոստոսի 6-ի գիշերը, ժամը 22.00-ի սահմաններում: Ըստ նրա, յոթ-ութ երիտասարդ, որոնց անձնապես չի ճանաչել, Մելիք Ադամյան փողոցի սկզբնամասում ծեծել են իրեն, ապա բռնի ուժով նստեցրել «Օպել» մակնիշի 35 AN 969 համարնիշի ավտոմեքենան, տարել Ազատության հրապարակի «Ատլանտիկ» սրճարանի մոտակայք՝ խուլ-համրերի շենքի մոտ, երեք ժամ ապօրինի զրկել ազատությունից: Նա այդ ժամին զբոսնելիս է եղել նշված փողոցում:
Դեպքի հաջորդ օրը Դավիթը ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր տվել, սակայն դեպքի վայրի զննություն մեկ ամիս հետո էր կատարվել:
Դավիթը, վերհիշելով իր հետ կատարվածը, նաեւ ասաց, թե իրեն բռնի են նստեցրել մեքենան, սկզբում փորձել են «Լեքսուս» ավտոմեքենայի մեջ մտցնել, սակայն ինքը դիմադրել է, եւ երբ հայտնվել է «Օպելի» մոտ, այդ ժամանակ էլ մտցրել են մեքենան:
«Գլխիցս արյուն էր գալիս, իսկ անծանոթներն էլ ասում էին, թե ինձ բաց չեն թողնի, մինչեւ Նարեկ անունով տղայի տեղը չհայտնեմ»,-պատմում է Դավիթը:
Ըստ քննիչի նշյալ որոշման. «Դավիթը զանգահարել է հորը՝ Ռոբերտ Սիմոնյանին, ով եկել է ինչ-որ անձի հետ, խոսել տղաների հետ, իրեն բաց են թողել: Դրանից հետո տղաներին չի տեսել»:
Քննիչի մոտ բացատրություն տալիս, Դավիթը հայտնել է, որ «հիշում» է Վահե եւ «Սենչ» անուններով տղաների, ովքեր նշյալ մեքենաների վարորդներն էին:
Դավիթը մինչ օրս չի հիշում իր հետ կատարվածը. երբ հարվածել են գլխին, գիտակցությունը կորցրել է, նա չի իմանում, թե ինչով են գլխին հարվածել, նրա ծնոտն է կոտրվել, իսկ գլուխը չորս տեղից «ճղվել» էր:
Ի դեպ, դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն, Դավիթի մարմնական վնասվածքներն են՝ ձախ վերին ու ստորին կոպերի, կրծքավանդակի շրջանի արյունազեղումների, աջ բազկի, աջ նախաբազկի շրջանների քերծվածքներ, ձախ ճակատագագաթային շրջանների սալջարդ՝ վերքերի ձեւով, որոնք պատճառվել են բութ գործիքներով:
Փորձագետի եզրահանգմամբ, առողջությանը պատճառվածը թեթեւ վնասի հատկանիշներ չի պարունակում:
Նկարագրելով իրեն բռնության ենթարկողներին, Դավիթը հայտնել էր, թե նրանք կլինեին քսան-քսանհինգ տարեկան, սպորտային կազմվածքով, նրանցից երկուսի հագին սպիտակ վերնաշապիկներ էին, միջին լիքությամբ էին, միայն կարողացել է ձեռքերով պաշտպանվել: Տղաներին չի հարվածել:
Նա հայտնել էր, որ «Սենչ» անունով մեկը բռունցքով հարվածել է գլխին:
Այս գործով պարզվեց՝ վկաները Վահե Հունանյանն է, տուժողի նշած Վահեն, Դավիթ Հունանյանը, մեկ կին էլ: Ի դեպ, ըստ վկաների, Դավիթը կամավոր է նստել մեքենան, իսկ իրենք փորձել են պարզել, թե ով է խաբել Վահեին, քանի որ վերջինս չի տրամադրել 120 000 դրամ վաճառքի համար նախատեսված «Այֆոն» հեռախոսը եւ հափշտակել է այդ գումարից քառասուն հազար դրամը:
Վկաները հայտնել էին, թե Վահեն է միայն մեկ անգամ ապտակել Դավթին: Դավիթն էլ, ըստ գործի նյութերի, հայտնել էր, թե դեպքի հետ կապ չունի, եւ իր ծանոթ Նարեկն է այդ ամենը կատարել:
Պարզվել է, որ Վահեն մեկ այլ քրեական՝ «հեռախոսի գործով» տուժող է ճանաչվել, իսկ Նարեկ Աֆյանը ամբաստանյալ է: Նարեկը հրաժարվել է այս գործով ցուցմունք տալ, հայտնելով, թե դեպքի հետ որեւէ առնչություն չունի:
Դավիթի եղբայրը հայտնել էր, թե նա դեպքի օրը տուն է եկել աչքի, շրթունքի, գլխի հատվածում վնասվածքներով:
Քննիչը կասեցման որոշումը կայացնելիս նշել էր, թե հարցաքննվել են մի շարք վկաներ, սակայն նախաքննությամբ ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հնարավոր չի եղել պարզել հանցագործություն կատարած անձանց ինքնությունները:
«Ինչ վերաբերում է Վ.Հունանյանի, Դ.Հունանյանի եւ Ա. Մնացյանի արարքներին, ապա դրանց համապատասխան քրեաիրավական գնահատական կտրվի հանցագործության բացահայտելուց հետո»,- պատճառաբանել էր քննիչը:
Այդպես էլ մեղադրյալ «չգտնվեց» եւ այդ հիմքով էլ կասեցվել է գործի վարույթը:
Որոշման օրինակն ուղարկվել էր ոստիկանության բաժին՝ որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձի ինքնությունը պարզելու նպատակով:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
Հ.Գ.- Այս գործով Դ. Սիմոնյանը բաց նամակով դիմել էր նաեւ վարչապետին:
«Առավոտ»
23.08.2018