Հարցազրույց օպերային դիվա Հասմիկ Պապյանի հետ
– Տիկին Պապյան, վերջին շրջանում ձեր անունը շրջանառվում է ոչ այնքան մշակույթի, որքան ներքաղաքական անցուդարձի համատեքստում: Մեր դիտարկմամբ՝ դուք այն եզակի արվեստագետներից եք, որ ապրելով ու ստեղծագործելով արտասահմանում, մշտապես արձագանքել է հայաստանյան ոչ միայն մշակութային, այլեւ հասարակական-քաղաքական երեւույթներին:
– Ես շուրջ 35 տարի է, ինչ բեմում եմ եւ կարծում եմ, որ այժմ ինչ-որ տեղ պարտավորված եմ նաեւ անել նվազագույնը, այն է՝ հայտնել իմ քաղաքացիական դիրքորոշումը:
Մեծ հաշվով՝ հաջողություններիս համար պարտական եմ իմ երկրին, արմատներիս: Որոշակի բարձունքի հասած մարդը պարզապես իրավունք չունի չխոսելու իր շուրջը տեղի ունեցող իրադարձությունների մասին:
Չգիտեմ՝ միակն եմ, թե ոչ, բայց թերեւս իմ սիրտը ցավում է երկրիս համար եւ ներկա իշխանությունից մեծ սպասելիքներ ունեմ: Անկեղծ ասած՝ երբեք ինձ հայրենիքից հեռացած չեմ համարել: Իսկ երբ լինում եմ տանը, մի տեսակ ավելի եմ հասկանում, ընկալում, ուրախանում, հուզվում…Այստեղ կյանքս շատ ավելի լիարժեք է:
– Տարիներ առաջ մեզ հետ հարցազրույցում («Առավոտ», 15.11.2011թ.) ասել եք՝ կվերադառնամ Հայաստան, բայց այլ կարգավիճակով…
– 2011-ից իմ կարգավիճակում շատ բան չի փոխվել: Ինչպես տեսնում եք՝ շարունակում եմ երգչուհու իմ գործունեությունը, հիմա ոչ այնքան հագեցած, ինչպես դա եղել է տարիներ շարունակ: Իսկ վստահաբար կգա օրը, երբ կսկսեմ այլ գործով զբաղվել՝ հավանաբար դա կլինի նորից արվեստի ոլորտում:
– Ի դեպ, ձեր պրոֆեսորը՝ Տաթեւիկ Սազանդարյանը, մի առիթով մեզ ասել է՝ ավելի լավ է հինգ տարի շուտ հեռանալ բեմից, քան րոպե ուշ…
– Ընդհանրապես կիսում եմ այդ կարծիքը: Բայց, ի վերջո, ցանկացած արտիստ ինքն է որոշում իր կանգ առնելու պահը:
– Ֆեյսբուքում ձեր գրառումներից երեւում է, որ ըստ էության ապրում եք հայաստանյան մշակութային կյանքով, հատկապես թատերարվեստով…
– Այո, հետեւում եմ: Պետք է նշեմ, որ այդ կյանքը բավականին հագեցած է: Պարզապես հարկավոր է լավագույնը ընտրել եւ ճիշտ ուղղորդել: Ինչ վերաբերում է թատրոններին, այս դեպքում, իմ կարծիքով՝ պատկերը մի փոքր տխուր է…
– Կար ժամանակ, որ ձեր անունը կապվում էր Գյումրիի մշակութային կյանքի հետ, հիմա այն «տեղափոխվել» է Արցախ…
– Ես մշտապես այնտեղ եմ, որտեղ ինձ սպասում են: Գյումրիի հետ կապված նախագիծ ունեի, ինչը կիսատ մնաց տեղի իշխանությունների փոփոխության պատճառով: Ցանկություն կար հենց Գյումրիի արվեստագետների ուժերով իրականացնել օպերային նախագիծ: Չէ՞ որ 1912թ. «Անուշը» առաջին անգամ բեմ բարձրացավ հենց Գյումրիում: Ինչ վերաբերում է Արցախին, Շուշիում կայացած իմ մենահամերգից հետո, տեղի մշակույթի նախարարը արագ կողմնորոշվեց: Ինձ առաջարկեց համատեղ ուժերով բեմ հանել Բելինիի «Նորմա» օպերան Արցախում: Ի տարբերություն Գյումրիի՝ Արցախում օպերային երգիչներ չկան, բայց կարող ենք հրավիրել: Այդ նախագիծը կարող ենք իրականացնել զուտ հայ արվեստագետների ուժերով:
– Օրերս երեւանյան հայտագրերի շարքում, շուրջ մեկ տարվա լռությունից հետո, հայտնվեց մեկը՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը օգոստոսի 30-ին կայանալիք ձեր մենահամերգի մասին: Համոզված ենք՝ մենահամերգը հիանալի առիթ է երիտասարդ երգիչների համար՝ որպես վարպետության դաս, մանավանդ ակնկալվում է երեկոյի ընթացքում հաղորդակցվելու համաշխարհային երաժշտության գանձարանից ռոմանտիզմի ժամանակաշրջանի գերմանական երգի՝ լիդի ներկայացուցիչների՝ Շուբերտի, Շումանի եւ ավելի ուշ շրջանի հեղինակ Առնոլդ Շյոնբերգի ստեղծագործություններին:
– Տպավորություն ունեմ, որ հեռացել ենք կամերային երաժշտության ձեւաչափից: Ցանկություն առաջացավ վերականգնել այդ ոլորտում երբեմնի ավանդույթները: Կայանալիք համերգի ծրագրում ընտրել եմ Հայաստանում հազվադեպ կատարվող ստեղծագործություններ: Հիշում եմ՝ տասնամյակներ առաջ, երբ դեռ բեմում չէի, Զառա Դոլուխանովայի կատարմամբ լսեցի Գավրիլինի վոկալ շարքը եւ այնպես տպավորվեցի…Մեր օրերում՝ ինտերնետի դարում, համակարծիք կլինեք, որ մեզ պակասում են կենդանի շփումները:
– Ձեզ երբեւէ հրավիրե՞լ են Հայաստանում վարպետության դասընթացներ վարելու:
– Առաջարկ չի եղել: Եթե մի օր լինի՝ մեծ սիրով կընդունեմ:
– Դուք դրսում երբեւէ ծավալե՞լ եք մանկավարժական գործունեություն:
– Ոչ, դա մե՜ծ պատասխանատվություն է, ինչը նշանակում է հավաստիացնել երիտասարդին, որ նա կդառնա երգիչ, կամ ասել՝ ես քեզ կդարձնեմ երգիչ: Նաեւ ժամանակատար աշխատանք է: Հավանաբար կզբաղվեմ մանկավարժությամբ, բայց միայն այն դեպքում, երբ հիմնովին կդադարեցնեմ բեմական գործունեությունս:
Զրույցը՝ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Լուսանկարը՝ Սամվել Սեւադայի
«Առավոտ»
23.08.2018
Սիրելի ընթերցող,
Մեր մշակութային առաջընթացքը առողջ եւ կատարյալ զարգացնելու համար հարկավոր է արտերկյա փորձառությունների ընգրկումը մեր մշակութային առօրյայի մեջ, այսինքն այն բոլոր մշակութային ուժերը,որոնք արտերկրում ունեն եւ ունեցել են շատ բարձր մակարդակի պրոֆեսիոնալ ներդրում միջազգային մշակութային իրականության մեջ, մեզ նրանք պետք են, որպես ԹԹՎԱԾԻՆ:
Այդ արվեստագետները կարող են իրնց փորձառությունով մի քանի անգամով արագացնեն մեր մշակութային առաջընթացը,տալով ճիշտ ուղղոթյուն:
ՀԱՐՑԸ մնում է թե մեր մշակույթի գործիչնրը եւ մշակույթի նախարարությունը ունեն այդ լայնամտւթյունը, ընդունելու այդ լիարժեք իրականությունը:
Հավատացեք, օգտվողը պիտի լինի մեր Նոր Սերունդը,
Երբ ՎԵՐԸ կարդում եմ, թե Հասիկ Պապյանի պես մեկը դեռ վարպետության դասի առաջարկ մինչեւ այսօր չի ստացել…
Ինչու մնացած բնագավառներում այդ գիտակցությունը ունենք, բայց ոչ մշակույթի պարագային:
ՈՐՔԱՆ ՇՈՒՏ ԱՅԴՔԱՆ ԼԱՎ…
Պետրոս