Լրահոս
Օրվա լրահոսը

Ամպագորգոռ տրամաբանություն

Օգոստոս 24,2018 10:07

Երբ քաղաքական գործիչները, հրապարակախոսներն ու լրագրողները իրականության վերաբերյալ չափազանցված, ամպագորգոռ որակումներ են տալիս, պարտադիր չի, որ նրանք ներքուստ կողմ լինեն ծայրահեղությունների։ Պարզապես այդ մարդիկ գիտեն, որ իրենց «ապրանքը» սպառողներին դուր է գալիս։

Մի բան է, եթե ես գրեմ՝ «կարկուտը վնաս է պատճառել Արմավիրի մարզի մի շարք համայնքներին», մեկ այլ բան՝ «կարկուտը ոչնչացրել է Արարատյան դաշտավայրի ամբողջ բերքը»: Կամ՝ «Ալեքսանդր Սարգսյանը, օգտագործելով վարչական լծակները, ապօրինաբար կարողացել է դառնալ որոշ ընկերությունների համասեփականատերը» եւ «Սաշիկին է պատկանում Հայաստանի բոլոր խոշոր բիզնեսների կեսը»: Ո՞ր ձեւակերպումն է ավելի ավելի գրավիչ, ավելի դրամատիկ, հույզեր եւ կրքեր առաջացնող։ Մյուս կողմից՝ ո՞րն է ավելի մոտ իրականությանը:
Նույն՝ «ամպագորգոռ տրամաբանությամբ» հայտարարություններ են արվում նաեւ այսօր: Եթե առաջ մարդկանց մի խումբ գտնում էր, որ Հայաստանում «բռնապետություն» էր եւ «ամբողջատիրական» ռեժիմ, ապա հիմա մեկ այլ՝ հակառակ տեսակետն ունեցող խումբ պնդում է, իբր մեր երկրում «ֆաշիստական դիկտատուրա» է հաստատվում: Հիմքը, մասնավորապես, հանրահավաքում վարչապետի արտահայտած որոշ հուզական ձեւակերպումներն են կամ հայտնի շրջաբերականը, որի համաձայն պաշտոնյաները պետք է արտահայտեն միայն կառավարության գծին «համահունչ» մտքեր: Իրականում Հայաստանում երբեք չի եղել բռնապետություն, առավել եւս՝ տոտալիտար ռեժիմ, եւ երբեք չի լինի նաեւ ֆաշիզմ՝ անկախ նրանից, թե ինչ են մարդիկ այդ բառի տակ հասկանում: Նման ամպագորգոռ ձեւակերպումների համար ոչ ներքին, ոչ արտաքին նախադրյալներ չկան՝ ուզեն նախորդ, ներկա եւ ապագա իշխանավորները, թե չուզեն: Հեղափոխական պաթոսը, որը, բնականաբար, կրում է խիստ ժամանակավոր բնույթ, պետք չէ շփոթել ֆաշիզմի հետ:

Հիմա էլ բնապահպաններն ասում են՝ քանի որ Սեւանից հավելյալ 40 միլիոն խորանարդ մետր ջուր են քաշելու, ուրեմն՝ Սեւանը կործանվում է: Նախ՝ «կործանում» բառը, հավանաբար, պետք է շատ զգույշ արտաբերել՝ ազգերի պատմության մեջ եղել են, իհարկե, նաեւ կործանումներ, բայց հիմնականում տհաճ իրադարձությունները կարելի է բնութագրել որպես ձախողում, իսկ վերջինս շտկելի երեւույթ է: Ինչ խոսք, Սեւանից ջրի հերթական հավելյալ խմբաքանակը քաշելը մտահոգիչ երեւույթ է: Եվ դրա անհրաժեշտությունը չի լինի, երբ կլուծվի «ջրային մաֆիայի» խնդիրը:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031