«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը օգոստոսի 15-ին հարցումներ է ուղարկել թվով 16 նախարարությունների: Արտաքին գործերի, պաշտպանության եւ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարւթյուններ հարցումն ուղարկվել է էլեկտրոնային եղանակով, մասնավորապես՝ [email protected] էլ. կայքի միջոցով, իսկ մնացած բոլոր նախարարություններ e-request համակարգի միջոցով: «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներում պատասխանած եւ սուբսիդիաներ/դրամաշնորհներ չտրամադրած նախարարությունների ցանկը. բնապահպանության նախարարություն, էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն, գյուղատնտեսության նախարարություն, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն, առողջապահության նախարարություն, սպորտի եւ երիտասարդւթյան հարցերի նախարարություն, կրթության եւ գիտության նախարարություն եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներում պատասխանած, սակայն անհիմն մերժում տրամադրած նախարարությունը՝ սփյուռքի նախարարությունն էր:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներում պատասխանած, սակայն հարցմանը պատասխանելու նպատակով լրացուցիչ ժամանակ խնդրած նախարարությունը պաշտպանության նախարարությունն է, որը խնդրել է լրացուցիչ ժամանակ:
«Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներում հարցմանը չպատասխանած նախարարությունների ցանկում են՝ արտաքին գործերի նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արդարադատության նախարարությունը, մշակույթի նախարարությունը, տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությունը:
2017/2018 թվականներին ամենաշատ սուբսիդիաներ/դրամաշնորհներ տրամադրած նախարարություններ ըստ հաջորդականության՝
1. Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարություն – ընդանուր գումարը՝ 76,065,004 ՀՀ դրամ
2. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն – ընդհանուր գումարը՝ 786,236,500 ՀՀ դրամ
3. Կրթության եւ գիտության նախարարություն- ընդհանուր գումարը՝ 727,153,300 ՀՀ դրամ
4. Սփյուռքի նախարարություն – 27,737000 ՀՀ դրամ
Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարության այն պատասխանին առ այն, որ այլ տեղեկություններ չի տրամադրվում, ելնելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներից, որի համաձայն՝ տեղեկատվություն տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առեւտրային գաղտնիք, հարկ ենք համարում նշել, որ այն չի կարող համարվել պետական կամ ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկատվություն, քանի որ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» օրենքը հստակ սահմանում է պետական եւ ծառայողական գաղտնիք հասկացությունը, մասնավորապես՝ Պետական գաղտնիքը Հայաստանի Հանրապետության ռազմական, արտաքին հարաբերությունների, տնտեսական, գիտատեխնիկական, հետախուզական, հակահետախուզական, օպերատիվ-հետախուզական գործունեության բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է ծանր հետեւանքներ առաջացնել Հայաստանի Հանրապետության անվտանգության համար: Ծառայողական գաղտնիքը սույն հոդվածի առաջին մասով նախատեսված բնագավառների այն տեղեկություններն են, որոնք պաշտպանվում են պետության կողմից, եւ որոնց տարածումը կարող է վնաս հասցնել Հայաստանի Հանրապետության անվտանգությանը: Այդպիսի տեղեկությունները, որպես կանոն, պարունակում են պետական գաղտնիքի մաս կազմող տվյալներ, սակայն ինքնին չեն բացահայտում պետական գաղտնիքը: Հարկ ենք համարում նշել նաեւ, որ ՀՀ կառավարության 1998 թվականի մարտի 13-ի N173 որոշման մեջ, որտեղ հրապարակված է ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկը, խոսք չի գնում ՀՀ պետական բյուջեից ՀԿ-ներին տրամադրվող դրամաշնորհների/սուբսիդիաների վերաբերյալ տեղեկատվության գաղտնիության մասին: Ուստի համարել վերը նշված տեղեկատվության տրամադրումը պետական եւ ծառայողական գաղտնիք, անհիմն է:
ՇՈՒՇԱՆ ԴՈՅԴՈՅԱՆ
ԻԱԿ նախագահ