ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ
ԳԻՐՔ ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ
Գլուխ երեսուներկուերորդ
ԾԻԾԵՌՆԱԿՆԵՐԸ
Չնայած «Ծիծեռնակը» «Պիոներից» անջատելն առանձնապես հրատապ չէր, Ժենյա Ղուկասովնա Մադոյանի աշխատանքի տեղավորման ցանկալի տարբերակի խաթեր հրատապ դարձավ, եւ «Ծիծեռնակի» անջատման ու Ժենյա Ղուկասովնայի աշխատանքի տեղավորման հարցը մի քանի օրում լուծվեց, եւ հընթացս լուծվեց նաեւ իմ, Շառոյան Ռոլանդի, նկարիչ Գյուլանյան Ֆելոյի, Տաթեւիկի ու Կատյայի, Ասյայի ու Դոնարայի աշխատանքի տեղավորման հարցը, եւ, փաստորեն, էսքանս էինք նոր ու անջատված «Ծիծեռնակի» առաջին ծիծեռնակներն ու հիմնադիրները, եւ, ինչպես տեսնում եք, նոր ու անջատված «Ծիծեռնակի» շնորհիվ ահագին աշխատատեղեր բացվեցին, եւ վերեւներում ու ներքեւներում բոլորը գոհ էին՝ բացառությամբ «Պիոների» գլխավոր խմբագիր Անահիտ Սահինյանի, ով, ըստ առողջ տրամաբանության, ամենագոհը պիտի լիներ, որովհետեւ «Ծիծեռնակի» անջատվելուց հետո Սահինյանի ու «Պիոների» մյուս աշխատողների ծանրաբեռնվածությունը, փաստորեն, կիսով պակասել էր, մինչդեռ անձամբ Սահինյանի ու «Պիոների» մյուս աշխատողների աշխատավարձերը, փաստորեն, նույնն էին մնացել, բայց, չգիտես ինչու, Սահինյանը դժգոհ էր, ավելի ճիշտ՝ գիտեմ ինչու էր դժգոհ, բայց իր դժգոհությունն ավելի քան անտրամաբանական էր, որովհետեւ իր ծանրաբեռնվածությունը կիսով պակասել էր, իսկ աշխատավարձը նույնն էր մնացել, եւ Սահինյանի դժգոհությունն անտրամաբանական լինելով՝ միեւնույն ժամանակ լավ էլ տրամաբանական էր, բայց ամենաանտրամաբանականն էն է, որ ես հիմա փոխանակ Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկի պատմությունը ձեզ համար պատմեմ, նստել՝ «Պիոների» ու «Ծիծեռնակի» բաժանման պատմությունն եմ անում, եւ չնայած «Պիոների» ու «Ծիծեռնակի» բաժանման պատմության մանրամասներն էլ ձեզանից ոմանց կհետաքրքրեն, ես նախ Գալշոյանի ու Ֆրունզիկի պատմությունը ձեզ համար կպատմեմ, հետո նոր կանցնեմ «Պիոների» ու «Ծիծեռնակի» բաժանման պատմությանը, մանավանդ որ՝ ես պարտավոր եմ վերադառնալ անցյալ դարի յոթանասունականների վերջերը, որպեսզի էս ինքնակենսագրական վեպս շարունակեմ էն տեղից, որտեղից պարտավոր եմ շարունակել. այսինքն, ես պիտի վերադառնամ իմ երիտասարդության ժամանակներին ու էդ ժամանակները հիշելով՝ ձեզ տեղեկացնեմ, որ ժամանակին միանգամայն ջահել, անհոգ ու թեթեւ եմ եղել, ինչպես նաեւ՝ միանգամայն առողջ. էն աստիճանի առողջ, որ ամբողջ ամառ Նաբերեժնիում չռիկի տակից դուրս չէի գալիս. էնքան առողջ, որ ամբողջ քաղաքը ոտով էի չափչփում, ու էդ տարիներից լիքը պատմելու բան ունեմ, բայց, նախքան էդ տարիներին վերադառնալս, պիտի Մուշեղ Գալշոյանի ու Ֆրունզիկի պատմությունը ձեզ համար պատմեմ, եւ սա էլ է, ըստ էության, վերադարձ, որովհետեւ Ֆրունզիկի ու Գալշոյանի պատմությունն էլ է էդ թվականների պատմություն:
Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ: