Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերությունը՝ «ԴՈՍԱԱՖ-ը», որի կենտրոնական խորհրդի նախագահն է գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, առաջիկայում Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող «Երեւանի հանրություն» (միավորում է տասը մասնագիտացված հ/կ–ների) նախաձեռնությանն է անդամակցել՝ քաղաքապետի թեկնածուների ցուցակում ներառելով նաեւ պահեստազորի գնդապետ Արա Մուրադյանին:
Հիշեցնենք, որ նախաձեռնության քաղաքապետի թեկնածուների ցուցակի առաջին հորիզոնականում ճարտարապետ Անահիտ Թարխանյանն է: «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպմանը Արա Մուրադյանը տեղեկացրեց՝ Թարխանյանն է դիմել գործակցության առաջարկով, իրենք էլ չեն մերժել:
«ԴՈՍԱԱՖ-ը համահայկական հայրենասիրական կազմակերպություն է, որին ես եմ ներկայացնում ընտրություններում: Այստեղ աշխատում են զորացրված սպաները: Իր գործունեության 90 տարում «ԴՈՍԱԱՖ»-ի հիմնական խնդիրն է եղել՝ ռազմահայրենասիրական ծրագրերի իրականացումը: Արկադի Տեր-Թադեւոսյանի ղեկավարած կառույցի սպաներն ունեն հիմնականում տեխնիկական կրթություն»,-տեղեկացրեց Արա Մուրադյանը:
Նրա բնորոշմամբ՝ քանի որ «Երեւանի հանրություն» նախաձեռնությանն անդամակցելը մուտք է ապահովելու դեպի ավագանի, սպաները ցանկանում են իրենց գիտելիքները ներդնել՝ Երեւանի խնդիրների լուծման համար. «Լինելով խորաթափանց մարդ՝ Տեր-Թադեւոսյանը որոշել է ինձ ընդգրկել նախաձեռնության ցուցակում՝ որպես երկրաբանական գիտությունների թեկնածու»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ