«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից կալանավորի կողմից փախուստի փորձ կատարելու և գույքը ոչնչացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, տվյալներ ձեռք բերվել՝ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու ՝ կալանավորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ:
2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 08:50-ին, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկից ահազանգ է ստացվել առ այն, որ կալանավորներից մեկն իր պահման խցից դուրս է եկել, սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել պահակակետի ծառայողի վրա, վերցրել բանալիները՝ սահմանափակելով 1-ին մասնաշենքի մուտքն ու ելքը:
Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով և 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, կալանավորի՝ նման քայլի գնալու պատճառները պարզելու ուղղությամբ:
Նախնական տվյալներով՝ կալանավորը խցում պահվել է միայնակ, դեպքի վայրի զննության ժամանակ խուցն ամբողջովին եղել է տակնուվրա արված՝ բետոնե հատակին և պատին ամրացված երկաթյա մահճակալները տեղահան արված, եռափեղկ պատուհանի փեղկերը և ապակիները կոտրատված, դռան կերակրադռնակը պոկված-առանձնացված:
Քրեական գործի տվյալներով՝ 2018թ. օգոստոսի 14-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, կալանավորը, լինելով քրեակատարողական հիմնարկի խցում, հարմարեցված առարկայով բացել է խցի երկաթյա դուռը և փորձել դիմել փախուստի, որի ընթացքում կոտրել է պատուհանի ապակիները, ապա՝ կոտրված ապակու կտորով և մահճակալից պոկած երկաթյա ձողով քրեակատարողական հիմնարկի հսկիչի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ դիտավորությամբ ոչնչացրել և վնասել է հիմնարկի գույքը, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով փախուստի դիմել չի կարողացել. այն կանխվել է հիմնարկի աշխատակիցների կողմից:
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի կրտսեր մասնագետ, 1-ին մասնաշենքի 1-ին հարկի հսկիչը քրեական գործով ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել: Նշանակվել են դատաբժշկական, դատաապրանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք անձինք, այդ թվում՝ կալանավորի հայրը:
Քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ քրեակատարողական հիմնարկում կալանավորի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ։
Մասնավորապես՝ ստացված նախնական տվյալների համաձայն՝ կալանավորը բռնության է ենթարկվել ինչպես կալանավորների, այնպես էլ՝ ՔԿՀ աշխատակիցների կողմից, որի ժամանակ գործածվել են մահակներ, էլեկտրաշոկ։
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Միաժամանակ, նկատի ունենալով, որ նշված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի աշխատակցի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ առերևույթ հանցագործության դեպք՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, և որոշում է կայացվել՝ նշված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:
Քրեական գործն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝ այն ըստ քննչական ենթակայության ուղարկելու միջնորդությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ քննչական կոմիտե