ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովն այսօր քննարկում էր Քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների օրենքներում փոփոխությունների փաթեթը: Հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանի մատուցմամբ, նախատեսված փոփոխություններով բազմաթիվ հանցագործություններ դասվում են ծանր հանցագործությունների, մինչդեռ, նախկինում դրանք միջին հանցագործությունների շարքում էին:
Կարգավորումների համաձայն, այսուհետ իրավապահ մարմինները կարող են օգտագործել օպերատիվ հետազոտական իրենց գործառույթները՝ հանցագործությունները բացահայտելու համար: «Բայց մեր հույսն այն է, որ իրավապահներ մնան անգործ, որ հասարակություն այնքան հասունացած լինի, որ գործը չհասնի իրավապահներին»,- ասաց Դանիել Իոննիսյանը:
Հիմնադիր խորհրդարանի անդամ Վարդան Գերավետյանը համաձայն չէ այդ խստացումների հետ: Ասում է` ցանկացած պատիժ հասարակության համար դրական բաղադրիչ պետք է պարունակի, քանի որ քրեակատարողական հիմնարկում անձին պահելը բեռ է հասարակության համար: Նախատեսված փոփոխություններով, կաշառքի համար նախատեսված պատժաչափն առաջարկվում է դարձնել 4-6 տարի, նախկին 3-5-ի փոխարեն:
Վարդան Գերավետյանն այն կարծիքի է, որ պատիժը պետք է լինի գումարային`վարչական իրավախախտմանը համարժեք, դեմ չէ, որ նյութական պատժաչափն ավելացվի: Իսկ քրեականացնելու դեպքում 3-5 տարի ժամկետը միանգամայն բավարար է համարում, նույնիսկ կողմ է ժամկետի կրճատմանը, քանի որ նոր Հայաստանում, իր կարծիքով, միանգամայն նոր իրավագիտակցություն եւ իրավահարաբերություններ պետք է լինեն պետության եւ հասարակության անդամների միջեւ: Նա առաջարկում է նաեւ, որ իրավախախտման ողջ շղթան բացահայտվի եւ իրավախախտում իրականացրած անձինք ն որոշակի ժամկետով զրկվեն պետական պաշտոններ զբաղեցնելու հնարավորություններից:
Ազատազրկումը, որպես պատիժ կիրառելու արդյունավետության, դրա`հասարակության վրա բեռ լինելու մասին խոսակցությունը Դանիել Իոննիսյանն այլ քննարկման թեմա է համարում. «Տարբերություն կա պատժաչափը 3-5 տարի ազատազրկումը դարձնել 4-6 տարի, քանի որ 4-6 տարին ծանր հանցագործություն է եւ կարող է օգտագործվել օպերատիվ հետախուզության ամբողջ զինանոցը»: Ըստ նրա, գործընթացը տեղամասից դուրս կանխարգելող երկու մեխանիզմ կա. հասարակության իրավագիտակցության բարձրացումը եւ իրավապահ մարմինները:
Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ հավելեց, որ առաջարկվող փոփոխությունների համաձայն ստացվում է, որ նոր հասարակարգ ենք ստեղծում եւ սկսում ենք խստացումներից: «Նախկինում խնդիրը նրա մեջ չէր, որ պատիժները խիստ չէին, այլ որ օրենքի գերակայություն չկար, արտոնյալ մարդիկ կարող էին հանցանք կատարել եւ անպատիժ մնալ: Հիմա հին փորձը վերցնում ենք եւ սկսում ենք խտացումներից»:
Նա կարծում է, որ «մահակը ձեռքը պահելը տոտալիտար համակարգի մոտեցում է»: Անգամ օրինակ բերեց` մարդկանց նախկինում գողության համար գլխատում էին, բայց ամենից շատ գողությունները այդ ընթացքում էր լինում, երբ մարդիկ կլանված նայում էին այդ տեսարանին:
Դանիել Իոաննիսյանը պարզաբանեց, որ իրենք գրեթե չեն ավելացրել նվազագույն պատիժները, պարզապես կանխարգելում են մի խումբ անձանց կողմից սահմանադիրական կարգ տապալելու նկրտումները. «Նախկինում քրեական օրենսգիրք կարդալուց գալիս էինք այն եզրակացության, որ ընտրությունների արդյունքները կեղծելը առանձնապես մեծ բան չէ, քանի որ դա ծանր հանցագործություն չէ»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ