Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրախախտումների պատիժները խստացնելն ու իրավապահներին լայն հնարավորություններ տալը խնդրի լուծում չէ. (Տեսանյութ)

Օգոստոս 23,2018 18:15

«Հասկանալի է, որ խաղի կանոնները փոփոխման ենթակա չեն, բայց որքան էլ շուտ փոփոխվի Ընտրական օրենսգիրքը, միեւնույն է սեպտեմբերի 23-ին դրանք ուժի մեջ չեն մտնելու, այդ պատճառով ինչ-որ տեղ առաջ գցվեցին այս փոփոխությունները»,- այսօր, ՀՀ վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի կազմակերպած Քրեական դատավարության եւ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի փոփոխությունների փաթեթի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ, առաջարկվող փոփոխություններն այսպես հիմնավորեց հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը: Այս փոփոխություններն, ըստ էության, պայմանավորված են Երեւանի ավագանու ընտրություններով: Իսկ փոփոխությունները վերաբերվում են կրկնաքվեարկությունների դեպքերին, ընտրակաշառքներին եւ ընտրական շրջանում բարեգործությանը:

Ըստ Դանիել Իոաննիսյանի, կրկնաքվեարկության վերաբերյալ անհրաժեշտ են տարբեր մոտեցումներ. «Օրինակ, երբ որեւէ գյուղում ամուսինը կնոջ անձնագրով գալիս է եւ ցանկանում է քվեարկել նրա փոխարեն, կամ ընտանիքի այլ անդամի փոխարեն, դա թեեւ կրկնաքվեարկության փորձ է, սակայն այլ իրավիճակ է, ասենք նրանից, երբ կազմակերպված խումբն է փորձում իրականացնել կրկնաքվեարկություն»:

Ընտրակաշառքների եւ ընտրական շրջանում բարեգործության մասով, հստակեցվել են այդ գործողությունների որակումները եւ խստացվել են պատիժները`վարչականից քրեականի փոխելով: Այսուհետ, ի դեպ, ընտրակաշառք խնդրելը եւս քրեորեն կպատժվի: Իսկ այն դեպքում, երբ ընտրակաշառք ստացողը իր արարքից ոչ ուշ, քան հնգօրյա ժամկետում կդիմի իրավապահներին եւ կօժանդակի հանցագործության բացահայտմանը, ինքը կազատվի պատասխանատվությունից:

Հանձնաժողովն ընտրատեղամասերում կարգ ու կանոն հաստատելու առաջարկներ էլ է արել, որպեսզի ով ցանկանա, չկարողանա տեղամասում գտնվել. «Առաջարկվում է սկզբունքուրեն նոր լուծում, դա այն է, որ թեկնածուները, դաշինքները, դիտորդները, այլ կազմակերպությունները իրավունք ունենան վարչական իրավախախտում նկատելու դեպքում միանգամից դիմել դատարան: Այս նորմը ոչ միայն պարզեցնում է գործող կարգերը եւ ավելի քիչ հանրային ռեսուրսներ ծախսելով պատասխանատվության կանչել իրավախախտումներ իրագործածին, այլ դիտորդական կազմակերպություններին հնարավորություն է տալիս ավելի անմիջականորեն մասնակցել օրինականության հսկմանը»:

Այլ մանրամասները`տեսանյութում

Դիտավորությամբ բաց քվեարկողները եւս քրեական պատասխանատվության կենթարկվեն:

Քննարկմանը ներկա փաստաբան Արայիկ Պապիկյանը դեմ է այս փոփոխություններին: Ասում է ոչ թե պետք է գնանք ընտրախախտումների պատիժները խստացնելով եւ իրավապահներին ավելի լայն հնարավորություններ տալով, այլ հասարակության իրավագիտակցությունը փոխելու ճանապարհով: Ինքն ուզում է հավատալ, որ առաջիկա ընտրություններում նախորդների պատկերը չի կրկնվի եւ քրեական գործեր չեն լինի միայն հաղթանակ տարած իշխող ուժի դեմ:

Այլ մանրամասները`տեսանյութում

Այս մտահոգությունները կիսում է նաեւ «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպության ներկայացուցիչ Հերիքնազ Տիգրանյանը: Նա կողմ է նաեւ, որ ընտրակաշառք ստացողին էլ պատժելուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031