Օգոստոսի 23-ին հանդիսավոր ու տոնական արարողություն էր Ոստիկանության զորքերում. մարտական հերթապահության համար առաջնագիծ էր մեկնում Զորքերի առաջին ստորաբաժանումը:
Հանդիսությանը մասնակցում էր և զինծառայողներին ողջույնի ու ողջերթի խոսքով դիմեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց պետական սահմանի պաշտպանության գործում ոստիկանության զորքերի աջակցությունը հանրապետության զինված ուժերին և այդ իրողությունը կարևորեց հասարակության կողմից ոստիկանության հանդեպ հավատի ու վստահության ամրապնդման համատեքստում. քաղաքացին ոստիկանությանը և ոստիկանության զորքերին պետք է ընկալի որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, պետականության, Սահմանադրության, օրինականության անվտանգության պաշտպանի:
Շնորհակալություն հայտնելով ոստիկանության ողջ համակարգին ու ոստիկանության զորքերին` հայրենասիրական քայլի ու խիզախումի, զինծառայողների ընտանիքներին, ծնողներին ու երեխաներին` նրանց հպարտությամբ ծառայության ճանապարհելու համար` Նիկոլ Փաշինյանը անփորձանք ու հպարտ ծառայություն մաղթեց նրանց:
Այնուհետեւ առաջնագիծ մեկնող առաջիններին շնորհավորեց ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:
Ոստիկանության պետը համոզմունք հայտնեց, որ մարտական հերթապահությունը կանցնի ամենաբարձր մակարդակով ու հավաստեց, որ ոստիկանության ողջ անձնակազմը կանգնած է նրանց կողքին:
Ոստիկանության հոգեւոր առաջնորդի օգնական տեր Վրթանեսի բարեմաղթությունից եւ օրհնանքից հետո տեղի ունեցավ երդման արարողություն:
Տոնական արարողությունն ավարտվեց զինծառայողների հանդիսավոր երթով:
Բարի ծառայություն ու բարի վերադարձ մեր երկրի և մեր խաղաղության պահապաններին:
ՀՀ ոստիկանություն