Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն օգոստոսի 23-ին «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամում ընթացիկ գործունեության արդյունքներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել։
Զեկուցմամբ նախ հանդես է եկել ԳԳԱՀ տնօրեն Տիգրան Ծատրյանը, որը մասնավորապես ներկայացրել է հացահատիկային մշակաբույսերի բերքի մթերման քանակի և դրանց առաջին փուլով նախատեսված վճարումների վերաբերյալ համապարփակ տեղեկություններ։
Անդրադառնալով փոխառությունների տրամադրման և հիմնադրամի կողմից իրականացվող աջակցության մյուս ծրագրին՝ Տ. Ծատրյանը նշել է, որ այս տարվա առաջին կիսամյակում հողօգտագործողներին հատկացվել է ավելի քան 4 մլրդ 762 մլն դրամ։ Նա ըստ ուղղությունների թվարկել է հողագործության, անասնապահության զարգացմանն ուղղված, լիզինգի, տեխնիկայի ձեռքբերման ու վերանորոգման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների մթերման և այլ աջակցության ծրագրերը։
Բավարար գնահատելով կատարված աշխատանքը՝ Գ. Մարտիրոսյանը նշել է, որ պոտենցիալ շահառուների նկատմամբ անհրաժեշտ է մոտեցումներ փոխել, որպեսզի հողօգտագործողը մշտապես զգա, որ հիմնադրամն իր կողքին է։ Ըստ այդմ՝
պետնախարարը հանձնարարականներ է տվել տասնհինգօրյա ժամկետում նոր առաջարկներ ներկայացնել հիմնադրամի գործող կարգն ու ծրագրերն ավելի մատչելի դարձնելու վերաբերյալ։ Իրականացվող ծրագրերի թափանցիկության բարձրացման համար ողջամիտ ժամկետներում պետք է վերականգնել գերատեսչության կայքի գործունեությունը, որտեղ, ըստ հանձնարարականի, օպերատիվ կերպով կտեղադրվեն բոլոր ծրագրերի մասին մանրամասն տեղեկություններ: Պետնախարարի հաջորդ հանձնարականը վերաբերում էր փոխառությունների տրամադրման սկզբունքների վերանայմանը։
«Հատկացվող միջոցների նպատակայնության արդյունավետությունը բարձրացնելու համար պետք է խստացնել ներկայացված բիզնես-ծրագրերի փորձագիտական ուսումնասիրությունը և առանց դրանց իրատեսական լինելու եզրակացության չհաստատել։ Բացի դրանից՝ ֆինանսավորման դեպքում անհրաժեշտ է ավելի ուժեղացնել վերահսկողական և մոնիթորինգի մեխանիզմները, որպեսզի հանրային միջոցների փոշիացում չլինի»,- ասել է Գ. Մարտիրոսյանը։
Խորհրդակցության ընթացքում պետական նախարարն ընդգծել է նաև ցանքսի պլանավորման կարևորությունը՝ նշելով, որ այս ուղղությամբ ևս անհրաժեշտ է ռազմավարություն մշակել։ Մասնավորապես՝ միջնաժամկետ ծրագրի շրջանակում հանձնարարել է ներկայացնել պահանջվող մշակաբույսերի և դրանց գների վերաբերյալ ծրագիր։ Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ դա հնարավորություն կտա, որ հողօգտագործողը ճիշտ ծրագրի իր աշխատանքը, իսկ հնարավոր ռիսկերի ապահովագրման դեպքում նոր որակ կստանա պետություն-մասնավոր համագործակցությունը։
Հանդիպմանը Գ. Մարտիրոսյանը լսել է նաև հիմնադրամի առանձին ստորաբաժանումների պատասխանատուների զեկույցները և տվել մի շարք հանձնարարականներ։
ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին