«Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը մեծագույն հնարավորություն է բացել ՀՀ-ի և Գերմանիայի իշխանությունների համար` խոսելու մեկ լեզվով»,-«Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ հնարավորությունը բացառիկ է, իսկ Նիկոլ Փաշինյանի կառավաությունն ունի լրջագույն քաղաքական կապիտալ և ակտիվություն դնելու ոչ միայն հայ-գերմանական հարաբերություններում, այլև ՀՀ-ԵՄ հարաբերություներում. «Մենք չունենք ժողովրդավարության հետ կապված որևէ խնդիր, որը որևէ կերպ կարող է մթագնել գերմանական կողմին այս առումով, բայց ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությունը պիտի լինեն բացատրելի»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ բրյուսելյան այցից հետո արված հայտարարություններին՝ քաղաքագետը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի ասելիքն օդանավակայանում ասվեց ոչ այն ձևակերպումներով: Ստեփան Սաֆարյանը մեկնաբանեց. «Նիկոլ Փաշինյանի ասածն ամենևին այն դաշտում չէր, թե մեզ փող չեք տալիս, այլ խոսքը նրա մասին էր, որ ՀՀ-ն իր նախկին քաղաքական ուղղություններում արմատական փոփոխություններ չի պատրաստվում մտցնել, այլ քաղաքական բարելավման համար ստեղծում է ավելի լավ պայմաններ: Դրա համար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ ժողովրդավարությունը արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այլ ներքին ապրելակերպ»:
Ստեփան Սաֆարյանը վստահեցրեց՝ այս հարցում այլևս թյուրըմբռնում չկա:
Քաղաքագետ Նարեկ Մինասյանի կարծիքով` «Գերմանիան մաքսիմալ շահագրգռված է սեփական շահերից ելնելով՝ հարաբերությունները խորացնել այնքանով, որքանով դա բխում է Գերմանիայի քաղաքացիների շահերից: Հայաստանի և Ադրբեջանի հետ հարաբերությունները հակադրությունների մեջ դնելն այնքան էլ ռացիոնալ չէ»:
Ստեփան Սաֆարյանը նկատեց՝ Գերմանիան մի երկիր է, որն ունի յուրահատուկ արժեհամակարգեր, որոնք ֆենոմենալ են մարդու իրավունքների առումով, և երկիրը զգայուն է մարդու իրավունքների առումով: Նա փաստեց՝ լուրջ խնդիրներ են կուտակվել Գերմանիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններում հատկապես մարդու իրավունքների ոլորտում: Այս առիթով մանրամասնեց. «Ադրբեջանն անգամ ԱԳՆ-ի մակարդակով չի խորշել բազմաթիվ մեղադրանքներ ներկայացնել պաշտոնական Բեռլինին Գերմանիայի ներսում ապակայունացում հրահրելու հետ կապված: Մարդու իրավունքների և ժողովրդավարության հարթության վրա Գերմանիայի և Ադրբեջանի հարաբերությունները երբևէ հարթ չեն եղել: Էներգետիկ դաշտում նույնպես հարթ չեն եղել, քանի որ երբ Գերմանիայի և Ադրբեջանի հարաբերությունները լարված էին, Գերմանիային մերժում էին տարբեր մեծ տենդերներում հաղթելու առումով»:
Ըստ Ստեփան Սաֆարյանի՝ անգամ այս խնդիրներով հանդերձ Գերմանիան չի կարող անտեսել այն փոքր հնարավորությունները, որոնք կան այդ ռեժիմին կառավարման դաշտ բերելու առումով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ես միշտ իմացել եմ, որ Ստյոպա Սաֆարյաը շատ բան է իմանում, բայց, որ ամեն ինչ… Շատ վտանգավոր է ամեն ինչ իմանալը: Հիշու՞մ եք թե բանդերլոգներն ինչու գողացան Մաուգլիին՝ նրա մասին ասում էին . « Օն վսյո զնաետ»: