Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի նախկին ռեկտոր Սամսոն Դավոյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանի պարզաբանմամբ՝ իր պաշտպանյալը որևէ անձից կամ մարմնից ծանուցում չի ստացել, հարցաքննության չի հրավիրվել, այլ մամուլից է տեղեկացել, որ համալսարանում ստուգումների արդյունքում քրեական գործ է հարուցվել կաշառք տալու, կաշառք վերցնելու, կաշառքի միջնորդության հատկանիշներով։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն՝ «2018 թվականի օգոստոսի 8-ին ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Գյումրի քաղաքի Մուշի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի թվով 24 ուսանողներ ԲՈՒՀ չեն հաճախել, չեն մասնակցել ուսումնական դասընթացներին, սակայն փոխադրվել են հաջորդ կուրս: Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, համաձայն որոնց ՀՊՏՀ-ի ընդհանուր տնտեսագիտության ամբիոնի լաբորանտը և ուսումնական մասի գլխավոր մասնագետը, համալսարանի նախկին ռեկտոր Ս. Դ.-ի հորդորով, 2014-2018 թվականներին տարբեր ժամանակահատվածներում ԲՈՒՀ-ի մի շարք ուսանողներից ուսումնական տարվա կիսամյակային և ավարտական քնություններին դրական գնահատականներ նշանակելու համար վերցրել են տարբեր չափի՝ 60 հազարից մինչև 130 հազար ՀՀ դրամ գումարներ և տվել ռեկտոր Ս.Դ.-ին: Վերջինս յուրաքանչյուր ուսանողից վերցրած ընդհանուր գումարի դիմաց իրենց է տվել 10000-20000 ՀՀ դրամ»։
Արամայիս Հայրապետյանի ասելով, քրեական գործի հարուցման փաստը իրենց չի անհանգստացնում, սակայն մտահոգում է այն հանրությանը ներկայացնելու ձևը․ դատախազության տարածած հաղորդագրության մեջ խախտվել է իր պաշտպանյալի անմեղության կանխավարկածը։
«Մամլո հաղորդագրության այն բովանդակությունը, որը տարածվել է, դա միանշանակ անմեղության կանխավարկածի խախտում է, ինչո՞ւ․ մամլո հաղորդագրության մեջ գրվում է, որ բուհի նախկին ռեկտորը Ս․Դ․ն և այլ և այլն, փաստական հանգամանքներն այն են, որ կաշառք է վերցրել։ Այսինքն՝ ներկայացվում է որպես փաստական հանգամանք, որպես գնահատական, որը կարող է ընկալվել հանրության լայն շրջանակների կողմից որպես վերջնական։ Ընդ որում հաղորդագրության մեջ կան տվյալներ, որոնք թույլ են տալիս կոնկրետությամբ անձին նույնականացնել։ Նախկին ռեկտորը, բնականաբար, Սամսոն Դավոյանն է, Ս․ Դ-ն նրա անվան ու ազգանվան սկզբնատառերն են, այսինքն բոլորը միանշանակ կարող են հասկանալ, որ իբր պարոն Դավոյանը կատարել է հանցագործություն։ Եվ վերջում, որ գրում են՝ ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող անձը համարվում է անմեղ մինչև դատավճիռ չլինի, դա արդեն ձևական բնույթ է կրում։ Եթե դուք պարոն Դավոյանին որևէ հանցագործություն կատարելու մեջ կասկածում եք, ստուգումների արդյունքում ինչո՞ւ բարի չեղաք այդ մարդուն մեկ անգամ գոնե հրավիրեիք հարցաքննության ոստիկանությունում։ Միգուցե այդ մարդը փաստե՞ր էր ներկայացնում, միգուցե թույլ չէր տալիս ձեզ անիմաստ տեղը ռեսուրս ծախսել և քրական գործ հարուցել, որովհետև հակափաստարկներ էր բերում։ Այսինքն, նշանակում է, որ քրեական գործը հարուցվել է սոսկ հարուցվելու համար, ականջի համար հարուցված քրեական գործ է։ Այլ գնահատական չեմ կարող տալ այն բովանդակությանը, որը կա մամլո հաղորդագրության մեջ»,-ասաց փաստաբանը։
Արամայիս Հայրապետյանի ասելով, իր պաշտպանյալը կարգավիճակ չունի, սակայն պաշտոնական հաղորդագրությունը իր բովանդակությանբ գրեթե մեղադրանք է։ «Հակակոռուպցիոն պայքարն այսօր ինչքան էլ ողջունելի է ու հանրության կողմից աջակցություն է ստանում, բայց ուշադրություն պիտի դարձնենք նրան, որ այդ ամենը մեծամասամբ իրականացվում է քաղաքացիների իրավունքների խախտմամբ։ Այսինքն, մենք պայքարում ենք կոռուպցիայի դեմ՝ օրինականության սկզբունքը շրջանցելով։ Դա ավելի վտանգավոր է, քան ինքը կոռուպցիան»։
Պաշտպանյալը, Սամսոն Դավոյանին հարցաքննության չհրավիրելը, պարզաբանում է այսպես․ «Ասեմ՝ սա ինչո՞ւ է արված, այնպես չէ, որ միամիտ է արված, վաղը մյուս օր, բնականաբար, եթե կարգավիճակ դրեցին, պետք է լուծել նաև խափանման միջոցի հարցը, եթե մարդուն ծանուցեն ու մարդը նորմալ ներկայանա, վաղը խափանման միջոցի, ձերբակալման հետ կապված խնդիր են ունենալու, որպեսզի արհեստական ստեղծեն, թե կարող է խուսափի, ի սկզբանե ձեռնպահ են մնացել մարդուն պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորություն տալուց»։
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Հարգելի Նունե,ավելի լավ կլինի սփկանա բուհումդ առակ խնդիրների մասին գրես:Ի՞նչ էս ընկել մեր կրթօջախի ետևից:Սահակից հլը գրի,գրի տե ոնց են ձեր աշխատավարձները կրճատոելու,ոնց են ձեր ինստուտի կաշառակերները թալանում ուսանողներին:Դու լավ կեղնի Շիրակի պետական համալսարանի ամսին գրե: